14.09.2018 | 
«ԻՆՁ ԹՎՈՒՄ Է՝ ԲՈԼՈՐ ՆՇԱՆԱՎՈՐ ՄԱՐԴԻԿ ՀԱՅԵՐ ԵՆ». ԻԳՈՐ ՇԻՐՄԱՆՈՎ
«ԻՆՁ ԹՎՈՒՄ Է՝ ԲՈԼՈՐ ՆՇԱՆԱՎՈՐ ՄԱՐԴԻԿ ՀԱՅԵՐ ԵՆ». ԻԳՈՐ ՇԻՐՄԱՆՈՎ
Այսօր ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետը հյուրընկալել էր գրողների՝ Ռուսաստանի Սուրգուտ քաղաքից:

Հանդիպմանը ներկա էին ռուս ժամանակակից գրող, արձակագիր Իգոր Շիրմանովը, Օլգա Միլավանովան, թարգմանիչ և գրող Տատյանա Յուրգենսոն, գրողներ Նաիրա Սիմոնյանը, Էլիզա Մխիթարյանը և Վլադիմիր Սիմոնյանը:

Ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան Պավել Բալայանը ելույթի իր խոսքում ջերմորեն ողջունեց հանդիպմանը ներկա ուսանողներին, դասախոսներին և հյուրերին:

 

Պավել Բալայանը շնորհակալություն հայտնեց գրականագետ Աբգար Ափինյանին՝ հանդիպման կազմակերպման գործում մեծ ներդրում ունենալու համար, այնուհետև շնորհակալություն հայտնեց հյուրերին՝ թե՛ իրենց տրամադրած ժամանակի և թե՛ ֆակուլտետ կատարած այցի համար:

 

«Մենք շատ ուրախ ենք, որ այսօր պատիվ ունենք կազմակերպել այսպիսի հանդիպում մեր ֆակուլտետում,- նշեց Պավել Բալայանը,- կարծում եմ, որ նմանատիպ հանդիպումները ավանդական բնույթ կկրեն և կշարունակվեն թե՛ Հայաստանում և թե՛ Ռուսաստանում»:

 

Պավել Բալայանը շնորհակալություն հայտնեց հյուրերին, որը վերջիններս չեն ներկայացնում «գովազդային» գրականություն, այլ իրենց հետ Սիբիրից բերել են հարուստ բովանդակություն ունեցող արժեքավոր գրականություն, որից, ի դեպ, ուսանողները հետագայում կարող են օգտվել՝  իրենց գիտական աշխատանքները գրելու համար:

 

Այնուհետև ելույթ ունեցավ Ռուսաստանի գրողների միության անդամ Իգոր Շիրմանովը, ով առաջին հերթին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, այնուհետև խոսեց, թե ինչքան կարևոր է երկու երկրների համար համագործակցել նաև գրականության դաշտում:

 

 

 « Պետք է նշեմ, որ ես միշտ մեծագույն հարգանքով եմ վերաբերվել այն մարդկանց, ովքեր իրենց գործի նվիրյալներն են: Այդպիսի մարդկանցից մեկը Սերաֆիմ Պատկանյանն է:  Հայ, ով Սիբիրն ուսումնասիրելու համար, կարելի է ասել, մի ամբողջ կյանք է նվիրաբերել: Հենց այսպիսի մարդիկ են, որ երկու երկրների հարաբերություները դարձնում են ջերմ ու արժեքավոր, իսկ այսպիսի հայերը շատ են,- պատմում է բանախոսը և ժպիտով ավելացնում,- ինձ թվում է՝ բոլոր նշանավոր մարդիկ հայեր են»:

 

Իգոր Շիրմանովը նաև առանձնահատուկ շեշտեց, որ փորձի փոխանակման նմանատիպ հնարավորությունների միջոցով տեղի է ունենում մի շատ կարևոր երևույթ, գրականությունը փոխանցվում է սերունդներին՝ պահելով իր արժեքավոր բովանդակությունը:

 

 

Վերջում հյուրերը պատրաստակամություն հայտնեցին նմանատիպ հանդիպումները պարբերաբար դարձնելու համար:

Անի Պողոսյան