10.11.2009 | 
Կրթություն, Գիտություն
ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ` ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ
ԲԺՇԿՈՒԹՅՈՒՆ` ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ
Մարդու մարմնի մասերի փոխպատվաստման (տրանսպլանտոլոգիա) հարցը Հայաստանում օրենսդրական կարգավորման կարիք ունի:

Երեւանի պետական բժշկական համալսարանի եւ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունների նախաձեռնությամբ Բժշկական համալսարանում կազմակերպվել էր «Տրանսպլանտոլոգիայի բժշկա-իրավական հիմնախնդիրները» թեմայով գիտաժողով:

 

ԵՊԲՀ ընդհանուր եւ կենսաօրգանական քիմիայի ամբիոնի վարիչ, գիտական գծով պրոռեկտոր Մագդա Մելքոնյանը, ողջունելով գիտաժողովի մասնակիցներին, ասաց, որ փոխպատվաստվածությունը բժշկության մնացած ճյուղերի համեմատությամբ առանձնահատուկ նշանակություն ունի: Եթե մնացած դեպքերում հարցը լուծվում է հիվանդ-բժիշկ փոխհարաբերությունների շրջանակում, ապա այստեղ առաջ են գալիս բարոյականության, էթիկայի եւ իրավական խնդիրներ:

 

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Ղազինյանն էլ հույս հայտնեց, որ ապագա բժիշկներն ու իրավաբանները նման գիտաժողովներ կազմակերպելու արդյունքում միասնական լուծումներ կառաջարկեն տրանսպլանտոլոգիայի բժշկա-իրավական խնդիրները կարգավորելու ուղղությամբ:

 

«Տրանսպլանտացիա: Բժշկական հիմունքները» թեմայով զեկույց կարդաց ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանողուհի Արաքս Դավթյանը: Նա ներկայացրեց, թե որ դեպքերում է իրականացվում տրանսպլանտացիա, եւ որոնք են դրա տեսակները: Տրանսպլանտացիա կատարվում է նույն մարդու տարբեր օրգանների միջեւ, մարդուց մեկ այլ մարդու (նման դեպքերում սովորաբար պատվաստում են սիրտը, լյարդը, երիկամը, ոսկրածուծը, եղջերաթաղանթը) եւ կենդանիներից մարդու օրգանների միջեւ, ինչպես նաեւ դոնորի եւ ռեցիպենտի նույն գենետիկական կազմն ունենալու դեպքում:

 

Ուսանողի զեկույցից պարզ դարձավ, որ դոնոր կարող են լինել սրտի վնասվածքներից, գլխուղեղի արյունազեղումներից, սրտի կամ շնչառության կանգից մահացած մարդիկ, իսկ ինֆեկցիա, քաղցկեղ, արյան բարձր ճնշում ունեցող մարդիկ չեն կարող դոնոր հանդիսանալ: «Միջազգային իրավական նորմերի արտացոլումը ՀՀ օրենսդրության մեջ` կապված օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխանակելու հետ» թեմայով զեկույց ներկայացրեց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի 1-ին տարվա մագիստրանտ Տաթեւիկ Ներկարարյանը: Եվրոպայի խորհրդի կողմից ընդունված Օվիեդոյի կոնվենցիայով եւ Ստրասբուրգի արձանագրությամբ համակարգվում են մարդկային օրգանների եւ հյուսվածքների փոխպատվաստման հարցերը:

 

Սակայն Հայաստանի Հանրապետություն չի վավերացրել այս երկու փաստաթղթերն էլ: Նշենք, սակայն, որ 2002 թվականից Հայաստանում գործում է «Մարդու օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքը: Տրանսպլանտոլոգիային վերաբերող իրավական բացթողումների մասին խոսելով` զեկուցողը միեւնույն ժամանակ նշեց, որ ՀՀ օրենդրությունն ընդհանուր գծերով կարելի է համարել միջազգային իրավական նորմերին համապատասխան: Փաստն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) անդամ եւ այս ոլորտի իրավական կարգավորման վրա իր անմիջական ազդեցությունն է թողել:

 

ԱՀԿ-ի կողմից ընդունվել է մարդու օրգանների, հյուսվածքների եւ բջիջների փոխպատվաստման վերաբերյալ ղեկավար սկզբունքներ, որոնցով կարգավորում են ոլորտին վերաբերող բոլոր հարցերը: Հայաստանի օրենսդրական կարգավորման մեջ կարելի է հանդիպել այնպիսի դրույթների, որոնթ նախատեսված չեն միջազգային իրավական ակտերում:

 

«Մարդու օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածում նշվում է դոնորների ընտրության շրջանակների սահմանափակումները, ըստ որի` փոխպատվաստման նպատակով օրգաններ եւ (կամ) հյուսվածքներ վերցնելը քաղաքացուց (կենդանի դոնորից) չի թույլատրվում, եթե չի լրացել քաղաքացու 18 տարին (բացառությամբ ոսկրածուծի փոխպատվաստման դեպքի), քաղաքացին սահմանված կարգով ճանաչված է հաշմանդամ, քաղաքացին հղի է, քաղաքացին պատիժ է կրում ազատազրկման վայրում: Գիտաժողովի ավարտին քննարկվեցին տրանսպլանտոգիայի բժշկական եւ իրավական հիմնախնդիրներին վերաբերող մի շարք այլ հարցեր:

Այլ նորություններ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՐՑՐԵՑ ԱՆՎԱՆԻ ՖԻԶԻԿՈՍԻ, ՄԵԾ ՈՒՍՈՒՑՉԻ ՈՒ ՀԱՅՐԵՆԱՍԵՐԻ»․ ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԵԼ Է ԷԴՎԱՐԴ ՉՈՒԲԱՐՅԱՆԸ
Սեպտեմբերի 17-ին 85 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ԵՊՀ Գուրգեն Սահակյանի անվան տեսական ֆիզիկայի ամբիոնի պատվավոր վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդվարդ Վարդանի Չուբարյանը։
ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ՖԻԶՄԱԹ ՀՈՍՔԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ Երևանի մասնագիտական և ավագ դպրոցների աշակերտները հանդիպեցին Ֆիզիկայի ֆակուլտետի ղեկավարության հետ: