10.10.2008 | 
ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ ԳԼՈԲԱԼ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ Է
ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ ԳԼՈԲԱԼ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ Է
ԵՊՀ հոգեբանության ֆակուլտետի ուսանողները նշում են իրենց մասնագիտական տոնը:
1992թ-ին Հոգեկան առողջության համաշխարհային ֆեդերացիան եւ Համաշխարհային առողջապահական կազմակերպությունը հոկտեմբերի 10-ը հռչակել են հոգեկան առողջության միջազգային օր: 2007թ-ից ՄԱԿ-ը այն նշում է որպես հոգեբանի օր: Այս տարի հոգեկան առողջության միջազգային օրն անցավ «Դարձնենք հոգեկան առողջությունը գլոբալ առաջնայնություն» խորագրի ներքո: «Մեր հիմնական նպատակն է հնարավորինս շատ մարդկանց տեղյակ պահել տոնի ու հոգեկան առողջության անհրաժեշտության մասին: Բացի դրանից ուսանողը կճանաչի ու կսիրի իր մասնագիտությունը»,- ասաց ԵՊՀ հոգեբանության ֆակուլտետի դասախոս Դավիթ Հայրապետյանը: Ուսանողներին բաժանվեցին թերթիկներ, որոնց վրա նրանք գրեցին իրենց առաջարկությունները հոգեկան խնդիրները հաղթահարելու ուղղությամբ: Առաջարկությունները տարբեր էին, բայց ի վերջո բոլորն էլ կոչ էին անում ապրել թեթեւ ու ժպտալ: Հոգեբանության ֆակուլտետի ուսանողները օրվա առթիվ պատրաստել էին նաեւ պաստառներ, որոնցով փորձում էին ցույց տալ մի շարք հոգեկան խնդիրներ եւ դրանց լուծման ուղիները: Նախապես բաժանված փուչիկների վրա ուսանողները գրեցին բոլոր այն հոգեբանական բացասական երեւույթները, որոնք կան հասարակության մեջ եւ որոնցից փորձում են ազատվել նաեւ իրենք: Դրանցից են վախը, հուզական ոլորտի անկառավարելիությունը, հիստերիան, ինքնասպանության հակումը, սեփական թերարժեքության բարդույթը եւ այլն: Այնուհետեւ յուրաքանչյուր կուրսից մեկ հոգի հրավիրվեց` փուչիկների արարողությունը ավարտին հասցնելու: Նրանք հերթով կարդացին այնտեղ գրված բոլոր բացասական երեւույթների անունները եւ մեծ հաճույքով պայթեցրին այդ փուչիկները: «Այս ամենը կարծես հոգեթերապեւտիկ բնույթ ստացավ: Շատ անհրաժեշտ էր այս միջոցառման կազմակերպումը: Պետք է հասարկությանը տեղեկացնել, որ հոգեկան առողջության պահպանումը միայն այս օրվանով չի սահմանափակվում: Հաջորդ տարի կաշխատենք համահամալսարանական միջոցառում կազմակերպել»,- նշեց Հոգեբանության տեսության եւ պատմության ամբիոնի վարիչ Հրանտ Ավանեսյանը: Իսկ վերջում ուսանողները դուրս եկան փողոց եւ թռուցիկներ բաժանեցին քաղաքացիներին: Դրանց վրա գրված էր. «Ցավը հաղթահարելու լավագույն ճանապարհը այն արտահայտելն է: Արտահայտելով գիտակցվում է, գիտակցվելով` հաղթահարվում»: