02.07.2008 | 
ՄԱՐԴՈՒ ՀՈԳՈՒ ՆՈՐ ԳԻՏԱԿՆԵՐԸ
ՄԱՐԴՈՒ  ՀՈԳՈՒ   ՆՈՐ ԳԻՏԱԿՆԵՐԸ
«Հիմա շատ երջանիկ եմ, ինձ իսկապես դիպլոմավորված մասնագետի պես եմ զգում»,- ասաց ԵՊՀ փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի հոգեբանության բաժնի շրջանավարտ Աննա Հակոբյանը:
ԵՊՀ եւս մեկ ֆակուլտետի բակալավրիատի եւ մագիստրատուրայի շրջանավարտներ այսօր հանդիսավոր պայմաններում ստացան իրենց մասնագիտական որակը հաստատող փաստաթղթեր: «Ցանկանում եմ հաջողություն ձեր հետաքրքիր եւ արդիական մասնագիտության ոլորտում: Միշտ հավատարիմ մնացեք ձեր մասնագիտական էթիկային եւ Մայր բուհի շրջանավարտի կոչմանը»,- ասաց ֆակուլտետի հոգեբանության տեսության եւ պատմության ամբիոնի վարիչ Հրանտ Ավանեսյանը: Բակալավրիատն ավարտող Սոնա Հովհաննիսյանը եղել է ֆակուլտետի անվանական կրթաթոշակառու: «Թեեւ կարմիր դիպլոմ չստացա, բայց ամեն ինչ հիմա լավ է: Կուրսեցիներիս աջակցությունն ամեն ինչ էր ինձ համար»,- ասաց Սոնան, ում աշխատանքը, սակայն, գնահատվեց ըստ արժանվույն, եւ նա կսովորի նույն ֆակուլտետի մագիստրատուրայի անվճար համակարգում: Հոգեբանության ամբիոնի մագիստրոսներն առաջիններն են, որ ավարտում են ֆակուլտետը կոնկրետ մասնագիտացմամբ` սոցիալական եւ կլինիկական հոգեբանություն: Ու չնայած նրանց դիպլոմներում հատուկ նշված չէ որակավորումը, այնուամենայնիվ, գոնե մագիստրոսը պետք է կոնկրետ մասնագետ լինի: «Ինչպես բժիշկն է լինում վիրաբույժ, մանկաբույժ, այնպես էլ հոգեբանը պետք է կոնկրետ ոլորտի տիրապետի»,- ասաց Կիրառական հոգեբանության ամբիոնի վարիչ Գայանե Շահվերդյանը: Նա բոլոր շրջանավարտներին կանաչ ճանապարհ մաղթեց եւ ուրախությամբ նշեց, որ նրանցից շատերն արդեն աշխատում են մասնագիտությամբ: Վաստակաշատ դասախոս Սեյրան Ամիրյանն էլ մագիստրոսներին համարեց իրենց գործընկերներ` նշելով, որ նրանց գործունեությունը ինչպես համալսարանի, այնպես էլ երկրի համար մեծ նշանակություն ունի: Մարիամ Դիլբանդյանը ավարտել է Հայ բանասիրության ֆակուլտետի բակալավրիատը, իսկ այսօր նաեւ` Փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետի մագիստրատուրան: «Մագիստրոսն արդեն գիտական աստիճան է, իսկ հոգեբանության մագիստրոսը նաեւ մեծ պատասխանատվություն է: Մնում է ինքնուրույն կատարելագործվել, եւ ես այսօր նոր թափով աշխատելու թեւեր ստացա»,- ասաց նա: Ի դեպ, քանի որ նրանք առաջին մասնագիտացված մագիստրոսներն ենք, բոլոր նորույթները հենց իրենց հետ էին առնչվում, բայց նոր մագիստրոսների համար հենց նրանք ճանապարհ հարթեցին: «Ես հիացած եմ մեր ֆակուլտետի ուսանողներով: Նրանք իրոք հետաքրքրվում են հոգեբանությամբ, մեծ հեռանկարներ ունեն: Բարի են, ազնիվ, աշխատասեր, կարծեք հատուկ ընտրված լինեն: Իրենք եկել են մեր ֆակուլտետ հոգու մղումով, սիրում են հոգեբանությունը եւ սիրում են մարդկանց: Ի վերջո, հոգեբանությունը գիտություն է մարդու հոգու մասին»,- ասաց վաստակավոր հոգեբան Էլդա Գրինը: Ի դեպ, ուսանողները շնորհավորեցին սիրելի դասախոսին ծննդյան 80-ամյակի առթիվ: «Նա իր գիտելիքներով եւ անձնային որակներով իր ազդեցությունն է թողնում յուրաքանչյուրիս վրա»,- ասացին ուսանողները: