03.09.2018 | 
Ուսանողական
«ԵՂԵ՛Ք ՆԱԽԱՁԵՌՆՈՂ, ԵՂԵ՛Ք ԱԿՏԻՎ, ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՁԵՐ ՏԱՐԻՆԵՐԸ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՕԳՏԱԳՈՐԾԵՔ». ՈՒԽ ՆԱԽԱԳԱՀԸ՝ ԱՌԱՋԻՆԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻՆ
«ԵՂԵ՛Ք ՆԱԽԱՁԵՌՆՈՂ, ԵՂԵ՛Ք ԱԿՏԻՎ, ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՁԵՐ ՏԱՐԻՆԵՐԸ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՕԳՏԱԳՈՐԾԵՔ». ՈՒԽ ՆԱԽԱԳԱՀԸ՝ ԱՌԱՋԻՆԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԻՆ
ԵՊՀ ՈՒԽ-ն ուսանողության ներկայացուցչական, ինքնակառավարման բարձրագույն ընտրովի մարմինն է, որն արտահայտում է ուսանողության շահերն ու իրավունքները, ապահովում է ուսանողների մասնակցությունը համալսարանի կառավարմանը, նպաստում նրանց կրթական, գիտական, ստեղծագործական, ֆիզիկական, բարոյական և հոգևոր զարգացմանը, կազմակերպում ուսանողների ազատ ժամանցն ու հանգիստը:

Սիրելի՛ ուսանողներ, սրտանց շնորհավորում եմ բոլորիս նոր ուսումնական տարվա առթիվ: Մեր եռանդն ու աշխատասիրությունը, ուժն ու միասնությունն այս տարի թող կրկնապատկվեն և ծառայեն միայն բարի ու արդար նպատակների համար: Առանձնահատուկ շնորհավորում եմ մեր առաջինկուրսեցիներին: Համալսարանական կյանքն առանցքային նշանակություն է ունենալու ձեր ապագայի կառուցման գործում, ուստի եղե՛ք նախաձեռնող, եղե՛ք ակտիվ, ուսանողական ձեր տարիները արդյունավետ օգտագործեք: Մենք՝ ուսխորհրդականներս, ամեն ինչ անելու ենք, որ հենց առաջին օրվանից դուք իմանաք ուսանողական ձեր իրավունքների և պարտականությունների մասին, լինեք տեղեկացված համալսարանում տեղի ունեցող իրադարձությունների, միջոցառումների մասին, վստահ լինե՛ք, որ առաջացած խնդիրները լուծելի են, որ ձեր խնդրում դուք մենակ չեք:

ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյան

 

ԵՊՀ ուսանողական խորհուրդը հիմնադրվել է 1994 թվականին: Այն կազմված է 10 հանձնաժողովից և 2 հանձնախմբերից:

Ուսանողության կրթական, գիտական ու ստեղծագործական զարգացմանը նպաստում է գիտակրթական հանձնաժողովը ու նրան կից բանավեճի ակումբը, որն ապահովում է ուսանողների ինտելեկտուալ ու մրցակցային ժամանցը: Ակումբի նպատակն է զարգացնել ուսանողների բանավիճելու մշակույթը և սկսել ինքնակրթության բանավիճային մեթոդի տարածման ուսանողական շարժում։

 

ՈւԽ-ն կազմակերպում է նաև միջազգային համաժողովներ, ինչպես, օրինակ, ամենամյա «Երիտասարդական միջազգային համաժողովը», որի նպատակն է տարբեր երկրների ուսանողական կառույցների հետ փորձի փոխանակումը։ Համաժողովի աշխատանքային լեզուն անգլերենն է, մեթոդոլոգիան՝ ոչ ֆորմալ կրթությունը։

 

Ֆիզիկական զարգացմանը նպաստում են արշավները, 2014 թվականից իրականացվող բանակումները, որոնք կրում են նաև ռազմական բնույթ:

 

ՈՒԽ մշակույթի հանձնաժողովը փնտրում և գտնում է ուսանողների, ովքեր պատրաստ են զարգացնելու իրենց ունակությունները մշակույթի որևէ ոլորտում։ Տարբեր մրցույթների, խմբակների, ցուցահանդեսների միջոցով հանձնաժողովը փորձում է կենդանի պահել մշակութային կյանքը համալսարանականների ներսում` դառնալով նոր գաղափարների ստեղծող ու ապահովելով ուսանողների մշակութային ու հոգևոր զարգացումը:

 

ՈւԽ-ն հաճախ է իրականացնում միջոցառումներ, որոնք նվիրված են հայրենասիրական ոգու բարձրացմանը՝ հանդիպումներ ապրիլյան պատերազմի մասնակիցների հետ, Արցախ իրականացվող այցեր:           

 

Պատրաստեց Քնար Միսակյանը

 

 

Այլ նորություններ
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԼԵԶՈՒՆԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՃԱՆԱՊԱՐՀԵՑ 2020-2021 ՈՒՍՏԱՐՎԱ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի բակալավրիատի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:
«ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ. ՀՀ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԸ ՀԵՏՊԱՏԵՐԱԶՄՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՏԻԳՐԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՀԵՏ
ՈՒԽ Լ. Ազգալդյանի անվան մարտական ակումբն այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում կազմակերպել էր հանդիպում «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանի հետ: