ԵՊՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունը կազմակերպել էր «Համալսարանական խնդիրների լուսաբանումը հայկական ԶԼՄ-ներում» թեմայով փոքրիկ քննարկում: Միջոցառման ընթացքում Վարչության պետ Կարեն Գրիգորյանը լրատվամիջոցների ներկայացուցիչներին ներկայացրեց «Երեւանի պետական համալսարանի մասին հայկական ԶԼՄ-ներում հրապարակված եւ հեռարձակված նյութերի վերլուծություն 2008 թ. սեպտեմբեր - 2009 թ. հուլիս» հետազոտությունը:
ԵՊՀ-ի մասին նյութերի քանակական եւ որակական վերլուծությունն իրականացնում է ԵՊՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ աշխատանքի բաժինը: 2008-2009 ուստարվա տվյալներն ամփոփող հետազոտությունը թվով երրորդն է: Այն ներառում է ինչպես վերջին մեկ տարվա ընթացքում ԵՊՀ-ի մասին հայկական ԶԼՄ-ներում հրապարակված եւ հեռարձակված նյութերի, այնպես էլ 2006-2007թթ., 2007-2008 թթ. եւ 2008-2009 թթ. մամուլի հրապարակումների, 2007-2008 թթ. եւ 2008-2009 թթ. հեռուստանյութերի, ռադիոնյութերի, էլեկտրոնային պարբերականների եւ լրատվական գործակալությունների հրապարակումների համեմատական վերլուծությունը:
Վարչության պետի խոսքերով` նմանաբնույթ վերլուծություն անցկացնելու հիմնական նպատակներն են` ԶԼՄ-ի հրապարակումների եւ հեռարձակվող նյութերի ուսումնասիրության արդյունքում ստանալ ԵՊՀ-ի մասին հրապարակումների վիճակագրական պատկերը, պարզել, թե հայաստանյան զանգվածային լրատվամիջոցներից որոնք են ավելի հաճախ, եւ որոնք` առավել հազվադեպ անդրադառնում բուհական կյանքին, մասնավորապես` Երեւանի պետական համալսարանին, եւ ինչո՞ւ:
«Այս պարագայում նմանատիպ քննարկումը ԵՊՀ-լրատվամիջոցներ համագործակցության յուրօրինակ տարեկան ամփոփում է: Հատկապես, որ լրագրողների հետ կենդանի շփումը հրաշալի հնարավորություն է մեկ անգամ եւս վեր հանելու այն խնդիրներն ու խոչընդոտները, որոնց առնչվում են համալսարանական թեմաներ լուսաբանող լրագրողները».- ասաց Կարեն Գրիգորյանը: Վերլուծության ներկայացումից հետո Վարչության եւ ԵՊՀ ռեկտորի անունից 25 անվանակարգերով պատվոգրեր հանձնվեցին ԵՊՀ-ին առավել հաճախ անդրադարձող եւ Վարչության հետ սերտ համագործակցող ԶԼՄ-ներին եւ լրագրողներին:
«Այս հետազոտությունը շատ լավ միջոց է պարզելու, թե ողջ տարվա ընթացքում կոնկրետ հաստատության հետ ինչպես է աշխատել քո լրատվամիջոցը, որոնք են եղել աշխատանքային առավելություններն ու թերությունները»,- նշեց «Մաքս Լիբերթի» երիտասարդական ծրագրի ներկայացուցիչ Կառլեն Ասլանյանը: Ծավալված փոքրիկ քննարկման ընթացքում ներկաներն ու Վարչության ներկայացուցիչները հարցուպատասխանի միջոցով պարզեցին երկուստեք հետաքրքրող մի շարք հարցերի պատասխաններ: Եղան նաեւ առաջարկություններ` ԵՊՀ- լրատվամիջոցներ կապն ավելի ամրապնդելու ուղղությամբ: