04.10.2021 | 
Կրթություն, Գիտություն
ԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՐԱՎԻՉ Է ԴԱՌՆԱԼՈՒ. ՄԵԿՆԱՐԿԵՑ ՈՒԳԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 7-ՐԴ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
ԳԻՏՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՐԱՎԻՉ Է ԴԱՌՆԱԼՈՒ. ՄԵԿՆԱՐԿԵՑ ՈՒԳԸ  ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 7-ՐԴ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
ԵՊՀ մեծ դահլիճում այսօր մեկնարկել է ՈՒԳԸ միջազգային 7-րդ երիտասարդական գիտաժողովը, որը շարունակվելու է մինչև հոկտեմբերի 8-ը: Այս տարի այն նվիրված է ՀՀ անկախության 30-ամյակին:

Գիտաժողովը հնարավորություն է տալիս ուսանողներին, ասպիրանտներին և երիտասարդ գիտնականներին ակադեմիական լսարանին ներկայացնելու իրենց գիտական հետազոտության արդյունքները, ինչպես նաև կապեր հաստատելու Հայաստանի և օտարերկրյա հետազոտողների հետ:
 

Գիտաժողովին ներկա էին ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Թռչունյանը, ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Հովհաննես Հովհաննիսյանը, պրոռեկտորներ Արթուր Իսրայելյանը, Արման Մալխասյանը, Ռաֆայել Բարխուդարյանը, ստորաբաժանումների ղեկավարներ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:

 

Գիտաժողովը սկսվեց ԵՊՀ մշակույթի կենտրոնի երգչախմբի ելույթով, որը կատարեց ՀՀ, ապա ԵՊՀ հիմները:

Այնուհետև ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին ՀՀ 30-ամյա պատմության ընթացքում զոհված անմահ հերոսների հիշատակը:

Բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ ՈՒԳԸ նախագահ Մերի Փանոսյանը:

Նա շեշտեց, որ հայերը բոլոր ժամանակներում բարձր են գնահատել գիտության դերն ու նշանակությունը:

«ՈՒԳԸ-ն, առաջնորդվելով հայագիտական ու ազգային ազնիվ գաղափարներով, երիտասարդների շրջանում փորձում է խթանել հայրենական ակադեմիական մտքի զարգացումը՝ իր գործունեությունը ծառայեցնելով հայրենիքի արժեքավոր դերի բարձրացմանն ու գնահատմանը»,- ելույթում ասաց Մերի Փանոսյանը:

 

Նրա խոսքով, զարգացած անհատներն են իրենց ուսերին վերցնում ազգային և հասարակական խնդիրները լուծելու դժվարին, բայց նաև պատվաբեր առաքելությունը:

«ՈՒԳԸ գիտական նստաշրջանը ևս մեկ քայլ է՝ համախմբելու հետազոտական կրթության միջազգային առաջատար փորձը, ակադեմիական քաղաքականության ազնվության, ժողովրդավարական հասարակարգերի ստեղծման ու զարգացման նոր ուղիներն ու մոդելները»,-նշեց Մերի Փանոսյանը:

Նա շեշտեց նաև ԵՊՀ-ի կարևոր դերը Բոլոնիայի գործընթացում, ինչի շնորհիվ վերջինս ինտեգրվում է ակադեմիական փոխանակման վրա հիմնված եվրոպական բարձրագույն կրթական տարածքին:

Մերի Փանոսյանը կոչ արեց մասնակիցներին օգտվել հետազոտական աշխատանքների արդյունքներով լայն լսարանի հետ կիսվելու հնարավորությունից:  

Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Թռչունյանը:

 

Նա շեշտեց միջոցառման անցկացման կարևորությունը հատկապես երիտասարդ գիտնականների և ասպիրանտների համար՝ իրենց կատարած հետազոտական աշխատանքները ներկայացնելու առումով. «Մեր երկրում մեծանում է գիտության նկատմամբ ուշադրությունը, ինչն արտահայտվում է դրան հատկացրած բյուջեն մոտ երկու անգամ մեծացնելով, որը խթան կհանդիսանա՝ երիտասարդներն ապագայում կզբաղվեն գիտությամբ»:

Նա հույս հայտնեց, որ ուսանողները կկարողանան մասնակցել նմանօրինակ գիտաժողովների ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում՝ ներկայացնելով կատարված գիտահետազոտական աշխատանքներն ու բարձր պահելով Հայաստանի անունը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Հովհաննես Հովհաննիսյանը, որն առանձնահատուկ շեշտեց ՈՒԳԸ միջազգային 7-րդ երիտասարդական գիտաժողովի անցկացման կարևորությունը:

 

«Աշխարհի բոլոր երկրներում համալսարանները մեծ ուշադրություն են դարձնում այսօրինակ գիտաժողովների հրավիրմանն ու անցկացմանը, քանի որ դրանց ընթացքում տեղի են  ունենում նոր մտքերի փոխանակում, քննարկումներ, դեբատներ, որոնց արդյունքում ծնվում են նոր գիտական հոդվածներ, որոնք հրապարակվում և ապահովում են տեսանելիություն տվյալ ուսանողի, գիտնականի համար, և այսպես սկսվում է գիտական ուղին»,- ասաց  Հովհաննես Հովհաննիսյանը:

ԵՊՀ ռեկտորի ժ.պ.-ն նույնպես անդրադարձավ գիտությանը հատկացվող ֆինանսավորման խնդրին՝ նշելով, որ այն գնալով ավելանալու է, և Հայաստանում գիտությամբ զբաղվելն ավելի գրավիչ է դառնալու:
 

«Գիտությունը պետք է գրավիչ լինի բոլոր առումներով, քանի որ երբ մարդը սկսում է գիտությամբ զբաղվել, նրա առջև մի հսկայական խորխորատ է բացվում, որտեղից նա ուզում է անընդհատ նոր գիտելիքներ ստանալ: Նոր գիտելիքի ստեղծումը համալսարանի առաջնահերթություններից է, որի ուղղությամբ էլ քայլեր են ձեռնարկվում»,- փաստեց Հովհաննես Հովհաննիսյանը:

Ելույթի վերջում նա շնորհակալություն հայտնեց ՈՒԳԸ-ի կատարած ահռելի աշխատանքի համար՝ հույս հայտնելով, որ առաջիկայում հնարավորինս շատ կկազմակերպվեն նմանաբնույթ գիտաժողովները և կունենան միջազգային բնույթ:

 

Հիշեցնենք, որ ՈՒԳԸ միջազգային 7-րդ երիտասարդական գիտաժողովին մասնակցում են ուսանողներ աշխարհի 10 երկրից:

Գիտաժողովի ընթացքում ելույթ ունեցան նաև ԵՊՀ մշակույթի կենտրոնի սաները, տեղի ունեցան մշակութային միջոցառումներ, վիրտուալ շրջայց Հայաստանի պատմության թանգարան և պատմամշակութային կոթողներ:

 

Այլ նորություններ
«ԵՊՀ-ՈՒՄ ՍՏԱՑԱԾ ՀԻՄՆԱՐԱՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԲԱՑԵՑԻՆ ԻՄ ԱՌՋԵՎ». ԵՊՀ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱԿՈԲՅԱՆ
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի շրջանավարտ Վաղարշակ Հակոբյանն այժմ ուսումնառությունը շարունակում է Բորդոյի համալսարանի ասպիրանտուրայում:
ՄԻՋՈՑԱՌՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ՎԼԱԴԻՄԻՐ ԴԱԼԻ 220-ԱՄՅԱԿԻՆ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել ռուս գրող, բառարանագիր, ազգագրագետ Վլադիմիր Դալի 220-ամյակին նվիրված միջոցառումը: