25.05.2018 | 
Ուսանողական
ԵՊՀ ՈՒԳԸ-Ն ԱՄՓՈՓԵՑ ԱՆՑՆՈՂ ԿԻՍԱՄՅԱԿԸ
ԵՊՀ ՈՒԳԸ-Ն ԱՄՓՈՓԵՑ ԱՆՑՆՈՂ ԿԻՍԱՄՅԱԿԸ
Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում տեղի ունեցավ Ուսանողական գիտական ընկերության՝ 2017-2018 ուստարվա երկրորդ կիսամյակի ընդլայնված նիստը:

ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանն իր ողջույնի խոսքում անդրադարձավ ՈւԳԸ կիսամյակային գործունեությանը՝ նշելով միջազգային գիտաժողովի բարեհաջող անցկացման, ՈւԳԸ գիտական հոդվածների ժողովածուների տպագրության, կադրային փոփոխությունների և առաջիկայում ֆակուլտետային ՈւԳԸ ստորաբաժանումների հետ սպասվող հանդիպումների մասին։ Վ. Վարագյանը շնորհավորեց նաև ԵՊՀ շրջանավարտներին՝ հույս հայտնելով, որ նրանք դառնալու են պետության արժանի քաղաքացիներ ու շարունակելու են բուհի հետ համագործակցությունը։

Նիստի սկզբում ԵՊՀ ՈՒԳԸ նորընտիր նախագահ Վանատուր Շերենցը, ողջունելով ներկաներին, ասաց. «Վստահ եմ՝ պատվով ենք դուրս եկել: Կիսամյակի կտրվածքով անցկացվել են 116 սեմինար քննարկումներ, սակայն աշխատանքի կարևորագույն ցուցիչը ԵՊՀ ՈՒԳԸ 5-րդ միջազգային գիտաժողովն էր, որը տեղի ունեցավ ապրիլի 16-ից 20-ն ընկած ժամանակահատվածում: Գիտաժողովին մասնակցեցին ավելի քան 20 երկրներից 606 մասնակիցներ»:

 

Շերենցը ՈՒԳԸ-ի անունից շնորհակալություն հայտնեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանին և Ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանին իրենց մշտապես սատարելու և օգնելու համար:

 

Ընդլայնված նիստի ընթացքում անցկացվեց «Ժամանակի կառավարում» և «Գործատուների հետ շփումն ու գործընկերային փոխհարաբերությունների կարևորությունը» խորագրերով սեմինար-քննարկումներ, որոնք վարում էին Անուշ Ալեքսանյանը և Գոռ Վարդանյանը:

 

Անուշ Ալեքսանյանն ուսանողների հետ քննարկեց այն խնդիրները, որոնց պատճառով մարդիկ չեն կարողանում ճիշտ կառավարել իրենց ժամանակը: Ըստ ուսանողների՝ ժամանակը վատնող միջոցներն են հայելին, սոցիալական ցանցերը, հեռուստացույցը, ընկերների հետ հաճախակի հանդիպումները, սակայն Ալեքսանյանը փաստեց, որ ժամանակը չկառավարելու պատճառներից են նաև մարդկանց չմերժելը և մշտապես «այո» ասելը:

 

«Ֆայմտեք» ընկերության հիմնադիր, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի դասախոս Գոռ Վարդանյանը խոսքը սկսեց ներկաներին ուղղված հանձնարարականով. «Ես տեսնում եմ տխուր, մտածկոտ դեմքեր: Հաճախ ժպտացե՛ք, որ ես էլ ինձ գյումրեցի զգամ»:

 

Նա անդրադարձավ, թե ինչպես ճիշտ ներկայանալ գործատուին՝ կարևորելով թեկնածուների իրազեկվածությունը կազմակերպության գործունեության վերաբերյալ, ինչպես նաև խոսեց աշխատանքի ընդունվելու և ազատվելու նրբությունների մասին:

 

Ակտիվ գործունեություն ծավալած ֆակուլտետային ՈՒԳԸ-ները, քարտուղարները և անդամները պարգևատրվեցին հավաստագրերով և մասնագիտական գրքերով։

 

Ընդլայնված նիստի ընթացքում պարգևատրվեցին նաև Տեղեկատվական հանձնաժողովի՝ առավել ակտիվ գործունեություն իրականացրած անդամները:

 

Անգին Խաչատրյան

Այլ նորություններ
«ՖԻԶԻԿՈՍ» ԿԱՏՈՒՆ, ՈՐՆ ԱՊՐՈՒՄ Է ԵՊՀ-ՈՒՄ
Մոլեկուլային ֆիզիկայի ամբիոնի դասախոս, ֆիզմաթ. գիտ. թեկնածու, պրոֆեսոր Վլադիմիր Ֆեոդորի Մորոզովն իր աշխատասենյակում պահում է տասնմեկամյա Մաթիլդա կատվին: Կատվի անունը «Փոքրիկը և Կառլսոնը» մուլտֆիլմից է: Ըստ Մորոզովի՝ Մաթիլդան ֆիզիկայից ավելի շատ գիտելիքներ ունի, քան որոշ ուսանողներ:
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՑ 24-Ը ՍՏԱՑԱՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅԱՆ ԴԻՊԼՈՄ
Այսօր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում տեղի ունեցավ 2017-2018 ուստարվա մագիստրատուրայի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը: Նշենք, որ այս տարի 51 շրջանավարտից 24-ը ստացան գերազանցության դիպլոմ: