03.11.2020 | 
Հասարակություն
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Պետական բարձրագույն ուսումնական հաստատություննների ռեկտորների խորհուրդ» հասարակական կազմակերպության հայտարարությունը թուրք-ադրբեջանական ագրեսիայի կապակցությամբ:

Հարգարժա՛ն գործընկերներ և միջազգային ակադեմիական հանրության ներկայացուցիչներ,2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ և միջազգային վարձկան ահաբեկիչների ակտիվ ներգրավմամբ, ոտնահարելով մարդասիրական իրավունքի նորմերը, ազգերի ինքնորոշման սկզբունքը, անտեսելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ համավարակի ընթացքում համընդհանուր հրադադարի կոչը, ռազմատենչ հռետորաբանությունից անցավ լայնամասշտաբ հարձակման Արցախի (Լեռնային Ղարաբաղ) Հանրապետության սահմանների ողջ երկայնքով: Ադրբեջանցի ագրեսորները, կիրառելով միջազգային հումանիտար իրավունքով արգելված զինատեսակներ, կրակ են բացել ոչ միայն Արցախի Հանրապետության, այլև Հայաստանի Հանրապետության սահմանի երկայնքով՝ թիրախավորելով խաղաղ բնակավայրերը և քաղաքացիական ենթակառուցվածքները, այդ թվում՝ կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունները, ավերելով դրանք և պատճառելով բազմաթիվ մարդկային կորուստներ, ինչպես նաև խաթարելով կրթության իրավունքը:

 

Թուրքիան, օգտագործելով Ադբեջանի տարածքային նկրտումների պատրվակը, իր զավթողական հեռահար նպատակների իրագործման ճանապարհին ակտիվ ջանքեր է գործադրում պատերազմի բորբոքման ուղղությամբ՝ ներգրավելով վարձու մարդասպան–ահաբեկիչների։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ոչ միայն անում է հնարավորը՝ 1915 թ. իր նախնիների կողմից իրականացված Հայոց ցեղապանության լիակատար իրագործման համար, այլև փորձում է քայլ առ քայլ իրագործել պանթուրքիզմի գաղափարը։ Նրա  վարած՝ կեղծիքով ու զրպարտանքով սեփական շահերը քողարկելու քաղաքականության հետևանքով արդեն տուժել են նաև մի շարք այլ երկրներ՝ Հունաստանը, Կիպրոսը, Սիրիան, Լիբիան և Իրաքը: Եվ հենց նրա այս երկդիմի և ագրեսիվ քաղաքականությունն է հիմք ընձեռում աշխարհի առաջադեմ վերլուծաբաններին և փորձագետներին ճշգրտորեն մատնանշելու այդ որդեգրած մարտավարության և դրա աշխարհաքաղաքական զարգացումների աղետալի հետևանքների վտանգը:

 

Ավա՜ղ, պատմության փորձը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր չկանխված պատերազմ և ագրեսիայի դրսևորում հանգեցնում է աղետալի հետևանքների: Հայոց ցեղասպանությունը, Հոլոքոստը, Կամբոջայի և Ռուանդայի ցեղասպանությունները ապացուցում են, որ յուրաքանչյուր չկանխված ագրեսիա ծնում է էլ ավելի մեծ ողբերգություն՝ ի ցույց դնելով այդ աղետալի երևույթի պատմական տրամաբանությունը:

 

Արցախի (Լեռնային Ղարաբաղ) Հանրապետության հայ բնակչությունը, որը դարեր շարունակ կազմել է այդ տարածաշրջանի բնակչության ճնշող մեծամասնությունը, գտնվելով բնաջնջման տևական սպառնալիքի, իսկ սեպտեմբերի 27-ից ի վեր՝ արդեն իրական վտանգի տակ, իրավունք ունի լիակատար ինքնորոշման՝ ի դեմս սեփական անկախ պետականության հաստատման: Արցախի (Լեռնային Ղարաբաղ) անկախության միջազգային ճանաչումն է այն բանաձևը, որ հնարավորություն կտա կանխելու բնաջնջման և էթնիկ զտման ադրբեջանաթուրքաահաբեկչական կոալիցիայի ներկայիս լայնածավալ ագրեսիան և ապահովելու երկարատև խաղաղություն տարածաշրջանում:

 

Ելնելով վերոշարադրյալից, ինչպես նաև քաջ գիտակցելով, որ առկա զարգացումնե­րում տարածաշրջանում գլուխ է բարձրացնում նաև ծայրահեղ վտանգավոր միջազգային ահաբեկչությունը, մենք՝ Հայաստանի Հանրապետության համալսարանական հանրությունը, խստագույնս դատապարտում ենք Թուրքիայի և Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը և պատերազմական գործողությունները: Մենք կոչ ենք անում հանդես գալ միասնական ճակատով և ձևավորել խաղաղության իրական և գործուն պահանջ, այլ ոչ թե հռչակագրային կարգախոս: Կոչ ենք անում գործուն քայլեր անել ճանաչելու Արցախի (Լեռնային Ղարաբաղ) Հանրապետության անկախությունը, ինչը կծառայի միջազգային իրավունքով սահմանված նորմերի լիակատար իրացմանը, խաղաղության հաստատմանն ու ժողովրդավարական արժեքների ամրագրմանը:

 

Աներկբա վստահում ենք միջազգային համալսարանական հանրության հզոր ներուժին և  հավատով ակնկալում նրա գործուն միջամտությունը՝ տարածաշրջանում սանձազերված ագրեսիան կանխելու և մարդկության խաղաղ զարգացմանը նպաստելու գործում:

 

 

 Պետական բարձրագույն ուսումնական

 հաստատությունների ռեկտորների խորհուրդ                              

 

03 նոյեմբերի 2020թ.     

Այլ նորություններ
«ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ԿԵՐՊԱՐԸ XX ԴԱՐԻ ԵՎ ԱՐԴԻ ՀԱՅ ԱՐՎԵՍՏՈՒՄ» ԳԻՐՔԸ ՀՈԳԵՎՈՐ ԱՐԺԵՔՆԵՐԻՆ ՄՈՏԵՆԱԼՈՒ ՆՈՐ ՈՒՂԵՆԻՇ
ՀՀ նկարիչների միության մեծ սրահում այսօր տեղի են ունեցել ԵՊՀ հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի դոցենտ, արվեստագիտության թեկնածու Սաթենիկ Վարդանյանի «Հիսուս Քրիստոսի կերպարը XX դարի և արդի հայ արվեստում» գրքի շնորհանդեսը, ինչպես նաև հայ արդի նկարիչների թեմատիկ ստեղծագործությունների ցուցահանդեսը:
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՄԱՆՈՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՆՑԿԱՑՆԵԼ ԾԱՂԿԱՁՈՐԻ ՈԻՍՈԻՄՆԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԲԱԶԱՅՈՒՄ
Այս տարի ևս ԵՊՀ հիմնական աշխատակիցներն ու բոլոր ցանկացողներն իրենց ամանորյա տոները 31.12.2020-06.01.2021 թթ. ընկած ժամանակահատվածում կարող են անցկացնել Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազայում։