06.02.2019 | 
Կրթություն
«ՊԵՏՔ Է ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆԵԼ՝ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՄՈՏ ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ». ԵՊՀ ԴՈՑԵՆՏ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՅԱՆ
«ՊԵՏՔ Է ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆԵԼ՝ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՄՈՏ ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ». ԵՊՀ ԴՈՑԵՆՏ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՅԱՆ
Երևանի թիվ 195 ավագ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտներն այսօր այցելեցին ԵՊՀ քիմիայի ֆակուլտետ՝ ծանոթանալու ֆակուլտետի կրթական ծրագրերին:

Աշակերտներին հյուրընկալեց Քիմիայի ֆակուլտետի դեկան Տարիել Ղոչիկյանը, որը համառոտ ներկայացրեց ֆակուլտետի պատմությունը, լայնածավալ գիտակրթական գործունեության հիմնական ուղղությունները, աշխատաշուկայի պահանջները:

 

Նա նշեց, որ այսօր լավ քիմիկոսների մեծ պահանջարկ կա, իսկ ֆակուլտետի լավագույն շրջանավարտներն աշխատում են ոչ միայն տեղական, այլև արտասահմանյան քիմիական լաբորատորիաներում: 

 

 

Աշակերտներին հետաքրքրաշարժ քիմիական փորձեր ցույց տվեց Անօրգանական և անալիտիկ քիմիայի ամբիոնի դոցենտ Ռոբերտ Ադամյանը: Նրա խոսքով, նմանատիպ այցելությունները նպաստում են աշակերտ-դասախոս կապի սերտացմանը. «Քանի որ դպրոցներում այսօր քիմիական տարբեր փորձեր իրականացնելու հնարավորություն չկա, իսկ քիմիան փորձարարական առարկա է, այդ իսկ պատճառով աշակերտները շատ մեծ ոգևորությամբ են մասնակցում ֆակուլտետում ներկայացվող փորձերին: Եղել են աշակերտներ, որոնք սկզբնական շրջանում որոշել են այլ բուհ դիմել, սակայն գալով համալսարան և մասնակցելով քիմիական տարբեր փորձերի՝ դիմել են Քիմիայի ֆակուլտետ»:

 

Ռ. Ադամյանն ընդգծեց, որ բնագիտական առարկաների սերը նախ պետք է սերմանել դպրոցներում, ինչն այսօր այդքան էլ լավ չի իրականացվում:

 

Անօրգանական և անալիտիկ քիմիայի ամբիոնի վարիչ Արմեն Մարտիրյանի խոսքով, աշակերտների հետ նման հանդիպումները նպաստում են ոլորտի նկատմամբ հետաքրքրության բարձրացմանը, որն այսօր շատ է նվազել տարբեր պատճառներով. «Պետք է ամեն ինչ անել՝ աշակերտների մոտ բնական գիտությունների նկատմամբ հետաքրքրությունը բարձրացնելու համար, քանի որ երկիրը չի կարող զարգանալ առանց բնագիտության»:

 

Երևանի թիվ 195 ավագ դպրոցի «Քիմիա» առարկայի ուսուցչուհի Մանյա Հայրապետյանը կարևորեց բուհ-դպրոց համագործակցությունը և նշեց, որ աշակերտները, գալով համալսարան և շրջելով իրենց նախընտրած ֆակուլտետում, ծանոթանալով գործող լաբորատորիաներում իրականացվող աշխատանքներին, դրական տպավորություններով են հեռանում: Նրա խոսքով, նման հանդիպումները նպաստում են, որպեսզի աշակերտները մասնագիտական հաստատություն  ընտրելիս ավելի հեշտ կողմնորոշվեն:

 

Իսկ բնագիտական առարկաների նկատմամբ աշակերտների հետաքրքրության պակասը Մ. Հայրապետյանը պայմանավորեց հանրապետությունում համապատասխան աշխատատեղերի նվազմամբ, արդյունաբերական գործարանների սղությամբ:

      

Նշենք, որ աշակերտների հյուրընկալությունները ԵՊՀ շարունակական բնույթ են կրելու, ինչի նպատակն է նպաստել ավարտական դասարանների աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը և ուղղորդել դեպի ԵՊՀ:

 

Նադեժդա Տեր-Աբրահամյան

 

Այլ նորություններ
ԵՊՀ ԹԻՄԸ ՈՍԿԵ ԵՎ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼՆԵՐ Է ՆՎԱՃԵԼ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ
Ավարտվել է Բուլղարիայի Բլագոևգրադ քաղաքում անցկացվող 26-րդ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադան։ Օլիմպիադային Հայաստանը ներկայացրել է Երևանի պետական համալսարանի թիմը՝ նվաճելով 3 ոսկե և 3 արծաթե մեդալներ։
ԵՊՀ-Ի ԵՎ ՊՈԼ ՎԱԼԵՐԻ ՄՈՆՊԵԼՅԵ 3 ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼՈՒ Է
«Erasmus+» ծրագրի շրջանակում Երևանի պետական համալսարանի և Ֆրանսիայի Պոլ Վալերի Մոնպելյե 3 համալսարանի միջև հաստատված համագործակցությունն ամրապնդվում է: Այն շարունակվելու է մինչև 2020 թվականը: