27.12.2018 | 
Գիտություն
Ի՞ՆՉ ԱԿՆԿԱԼԵԼ 2019-ԻՑ: ԳԻՏԱԿԱՆ ՍՊԱՍՈՒՄՆԵՐ
Ի՞ՆՉ ԱԿՆԿԱԼԵԼ 2019-ԻՑ: ԳԻՏԱԿԱՆ ՍՊԱՍՈՒՄՆԵՐ
ysu.am-ը հավաքել է գիտության մեջ 2019 թվականին սպասվող իրադարձությունները:

Ուսումնասիրելով Հյուսիսը

Հունվարին ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի գիտնականները սկսելու են վերջին 70 տարվա մեջ ամենամեծ հետազոտությունն Անտարկտիդայում: Հետազոտությունը տևելու է 5 տարի և նպատակ ունի հասկանալու, թե Թուեյթսի սառցադաշտի խոցելի մասերը որոնք են, և արդյո՞ք այն կսկսի քանդվել գալիք մի քանի տասնամյակների ընթացքում։ Հետազոտվելու է սառցադաշտը շրջապատող օվկիանոսը ստորջրյա սարքերի և փոկերին ամրացված սենսորների միջոցով։

2019 թվականին եվրոպացի գիտնականները նախատեսում են սկսել սառցե շերտի հորատումն Անտարկտիդայի Սառցե Փոքր Գմբեթ S կոչվող հատվածում, ինչը թույլ կտա վերականգնել մեկուկես միլիոն տարվա սառցե միջուկը: Այս հետազոտության հաջողության դեպքում միջուկը կլինի արձանագրված ամենահին կլիմայական և մթնոլորտային երևույթը:



Մարդու ծագումը


2003 թվականին Ինդոնեզիայում հայտնաբերված մարդանման «հոբիթ» տեսակի բրածոների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հնադարյան հոմինոիդ տեսակը կարող էր ծագել Ասիայի հարավարևելյան կղզիներում: Շարունակվող պեղումները կարող են բացահայտել ավելին Ֆիլիպինների Լուսոն կղզու առաջին բնակիչների մասին: Կպարզվի նաև, թե արդյոք նրանց մեկուսացումը հանգեցրել է կարճահասակության, ինչպես դա եղել էր Ինդոնեզիայի Ֆլորես կղզում:



Կոլայդերի կառուցում

Նոր սերնդի Մեծ Հադրոն կոլայդերի (Large Hadron Collider, LHC) կառուցման համար տարին կարող է ճակատագրական լինել։ Ճապոնացի ֆիզիկոսները 2012 թվականին պատրաստակամություն էին հայտնել կառուցելու 7 մլրդ ԱՄՆ դոլար արժողությամբ Միջազգային գծային կոլայդեր (International Linear Collider, ILC) այն բանից հետո, երբ Շվեյցարիայի Ժնև քաղաքում «LHC» կոլայդերի գիտնականները հայտարարել էին, որ հայտնաբերել են Հիգսի բոզոններ (մասնիկներ):

2018 թվականին Ճապոնիայի կառավարությունը չսատարեց նախագիծը բարձր արժեքի պատճառով: Ի դեպ, Ճապոնիան միակ երկիրն է, որ հետաքրքրված է «ILC» կոլայդերով, և 2019 թվականին ակնկալվում է ճապոնական կառավարության հստակ պատասխանը նախագծի աջակցման վերաբերյալ:



Գեների խմբագրում

Շարունակվելու են գենի խմբագրմամբ ծնված երեխաների ուսումնասիրությունները:

Չինաստանի Չանժուն քաղաքի Գիտության և տեխնոլոգիայի հարավային համալսարանի հետազոտող Ցզանկույ Հեին պնդում է, թե ինքը ձևափոխել և խմբագրել է երկվորյակ աղջիկների սաղմի գենը:
Հետազոտողները հույս ունեն պարզել, թե արդյոք Ցզանկույ Հեիին իրոք հաջողվել է դա:

Այս նորության շուրջ մեծ էին աղմուկն ու բողոքը, և գիտնականները կփորձեն բացահայտել գործընթացի կողմնակի ազդեցությունը:

Բացի դրանից՝ ուսումնասիրությունները պետք է երաշխավորեն, որ մարդու ԴՆԹ-ի խմբագրումը կատարվելու է կանոնակարգված և պատասխանատու:

 



Կենսաանվտանգության համակարգում

Համաշխարհային առողջապահության կազմակերպությունը (World Health Organization) նախատեսում է 2019 թվականին ավարտել ամենավտանգավոր հիվանդությունների դեմ պայքարի և կանխարգելման մեկ միասնական ձեռնարկի խմբագրման աշխատանքները:

Ձեռնարկը կընդգրկի պաթոգեն հարուցիչների, օրինակ՝ Էբոլայի ռիսկերի գնահատումը, անվտանգ հաղթահարումը, լաբորատոր աշխատակիցների կառավարումն ու վերապատրաստումը։



Ինչպես սառեցնել մոլորակը

Ածխաթթու գազի արտանետումների աճով պայմանավորված՝ 2019 թվականին հնարավոր են արևային գեոինժեներիայի՝ մոլորակն արհեստականորեն սառեցնելու առաջին փորձերը:

Վերնոլորտը վերահսկող Stratospheric Controlled Perturbation Experiment (SCoPEx)-ը հույս ունի 100 գրամ կավճանման մասնիկներ բաց թողնել վերնոլորտ՝ ստուգելու դրանց ցրումը: Մասնիկները կարող են սառեցնել մոլորակը՝ արևի ճառագայթների մի մասը տիեզերք հետ արտացոլելով: Կա մտահոգություն, որ այս գործընթացը կարող է շեղել ջերմոցային արտանետումների նվազեցմանն ուղղված ջանքերը:



Մարիխուանայի օրինականացման հետևանքները

Գիտությունը կստանա այս հարցի պատասխանը: Կանադայում մարիխուանայի օրինականացումից մեկ տարի անց ակնկալվում է բացել հաշիշի հետազոտությամբ զբաղվող ակադեմիական հետազոտությունների կենտրոն, որը կուսումնասիրի դրա հետ կապված ամեն ինչ՝ սկսած բույսի գենետիկայից մինչև առողջության վրա օգտակար ազդեցությունը։



Կոսմիկական ազդանշաններ

Չինաստանի ռադիո հեռադիտակը`«China’s Five-hundred-meter Aperture Spherical Radio Telescope»-ն ամբողջությամբ կհանձնվի շահագործման, որը կընդլայնի հետազոտությունները տիեզերքի, գալակտիկաների, մեռյալ աստղերի և այլնի մասին:

Աշխարհի ամենամեծ ռադիո հեռադիտակը, որի արժեքն է 1.2 մլրդ յուան (170 մլն դոլար), ամբողջությամբ կգործարկվի սեպտեմբերին։ Այն կկարողանա փնտրել անգամ թույլ ազդանշաններ, որոնք առաջանում են այնպիսի երևույթներից, ինչպիսիք են արագ ռադիոալիքները և տիեզերական գազային ամպերը։



Մարի Ռաֆյան

Այլ նորություններ
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎՈՒՄ ԵՆ ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ու քրեական դատավարության և կրինալիստիկայի ամբիոնների դասախոսների կողմից համատեղ իրականացվող «Անչափահասների հանցավորության կանխարգելման հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» վերտառությամբ թեմատիկ ծրագիրը ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի կողմից երաշխավորվել է ֆինանսավորման:
ԵՊՀ ՊՐՈՖԵՍՈՐ. «ՊԵՏՔ Է ԽՐԱԽՈՒՍԵԼ ԱՅՆ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻՆ, ՈՐՈՆՔ ՄԵԾ ՆԵՐՈՒԺ ԵՎ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԵՆ»
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից անցկացված Ֆակուլտետային հետազոտական մրցանակաբաշխության ժամանակ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի գիտահետազոտական խմբի կողմից ներկայացված հետազոտական ծրագիրն արժանացել է մրցանակի: