12.12.2018 | 
Գիտություն
ԱՆՑԿԱՑՎԵՑ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԸ
ԱՆՑԿԱՑՎԵՑ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԸ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի տարեկան գիտական նստաշրջանը:

Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը ողջունեց նստաշրջանի մասնակիցներին և ընդգծեց, որ ամենամյա բնույթ կրող միջոցառումը յուրօրինակ հաշվետվություն է իրականացրած գիտական հետազոտությունների վերաբերյալ, այն նաև շատ կարևոր է երիտասարդ գիտնականների համար:

Գիտական նստաշրջանի ընթացքում ֆակուլտետի դասախոսները հանդես եկան զեկուցումներով, որոնց հաջորդեց հարցուպատասխանը: Քննարկվեցին զեկուցումներում առկա բացթողումներն ու ոչ նպատակային շեշտադրումները:

 

 

Զեկուցումներով հանդես եկան Քրեական իրավունքի, Քաղաքացիական դատավարության, Պետության և իրավունքի տեսության ու պատմության, Սահմանադրական իրավունքի, Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի, Քաղաքացիական իրավունքի, Եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնների դասախոսները:

 

Քաղաքացիական իրավունքի ամբիոնի պրոֆեսոր, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ Արմեն Հայկյանցը նույնպես ողջունեց գիտաժողովի մասնակիցներին, մաղթեց առողջ և հետաքրքիր քննարկում: Նա նշեց, որ այս գիտական նստաշրջանի ընթացքում ներկայացվելու է 12 զեկուցում, որոնք վերաբերում են իրավունքի տարբեր ճյուղերին:  

 

 

«Բլանկետային դիսպոզիցիաներով հանցագործությունների որակման առանձնահատկությունները» վերտառությամբ զեկուցմամբ հանդես եկավ Իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի դոցենտ, իրավ. գիտ. թեկնածու Աննա Վարդապետյանը:

 

Նա նշեց, որ բլանկետային են կոչվում իրավունքի նորմերը, իրավունքի նորմերի դիսպոզիցիաները կամ հատկանիշները, որոնց կոնկրետ բովանդակությունը բացահայտվում է իրավունքի այլ ճյուղի օրենքում և այլ նորմատիվ-իրավական ակտում: «ՀՀ քրեական օրենսգրքում բլանկետային դիսպոզիցիաներով նորմերի առկայությունը երկակի հետևանք ունի: Մի կողմից այն դրական է, քանի որ օրենսդրին ազատում է հանցակազմի այն հատկանիշների նկարագրման անհրաժեշտությունից, որոնք արդեն առկա են այլ օրենքներում և այլ նորմատիվ-իրավական ակտերում, արդյունքում ավելորդ չի ծանրաբեռնվում քրեական օրենսգրքի տեքստը: Մյուս կողմից՝ բացասական է, քանի որ քրեական օրենսգրքում նման նորմերի առկայությունը «ընդլայնում է» քրեական օրենսդրությունն օրենքներով և  այլ նորմատիվ-իրավական ակտերով՝ առանց որոնց անհնար է քրեական օրենսգրքի կիրառումը: Արդյունքում քրեաիրավական որակման տեսանկյունից էականորեն դժվարանում է իրավակիրառողների աշխատանքը, ինչպես նաև հնարավորություն է տրվում օրենսդրից բացի՝ այլ մարմինների ևս, առավելապես՝ գործադիր մարմնին (ենթաօրենսդրական ակտերի դեպքում), ազդեցություն ունենալու քրեական պատասխանատվության ոլորտի վրա»,- ասաց Ա. Վարդապետյանը:

 

Ամփոփելով զեկուցումը՝ նա ներկայացրեց հետևյալ առաջարկները. բլանկետային նորմերի հասցեատեր նորմատիվ-իրավական ակտերը պետք է բացառապես օրենքներ լինեն. «Այս կապակցությամբ անհրաժեշտ է ՀՀ քրեական օրենսգրքում ամրագրել, որ այն հիմնվում է ոչ միայն Սահմանադրության, այլև այլ օրենքների վրա: ՀՀ քրեական օրենսգրքում ամրագրել, որ բլանկետային նորմերում թույլատրելի են հղումներ բացառապես օրենքների և ոչ մի այլ իրավական ակտի վրա: ՀՀ քրեական օրենսգրքում ամրագրել, որ այն հիմնված է միջազգային իրավունքի այն սկզբունքների ու նորմերի վրա, որոնք ամրագրված են ՀՀ կողմից վավերացված միջազգային պայմանագրերում»:

 

Քաղաքացիական դատավարության ամբիոնի ասիստենտ, իրավ. գիտ. թեկնածու Տիգրան Մարկոսյանը ներկայացրեց «Հայցային վաղեմության ինստիտուտը դատական խնայողության սկզբունքի համատեքստում» վերնագրով զեկուցումը:

 

 

Թեմայի ուսումնասիրության արդյունքում բանախոսը ներկայացրեց հետևյալ եզրահանգումները՝ հայցային վաղեմության կիրառման դատավարական կարգը կոչված է երաշխավորելու դատավարական խնայողության սկզբունքի իրացումը քաղաքացիական դատավարությունում, հայցային վաղեմության ժամկետի լրացած լինելու հիմքով հայցի մերժումը չի դիտարկվում վեճի, ըստ էության, լուծում, և դրա իրականացումը վճռով արդարացված չէ:  

 

Հավելենք, որ պրոֆեսորադասախոսական կազմի տարեկան գիտական նստաշրջանի ավարտից հետո մեկ ժողովածուում հրատարակվելու են ոչ միայն ներկայացված 12 զեկուցումները, այլև ֆակուլտետի մյուս դասախոսների գիտական աշխատանքները:

 

Նադեժդա Տեր-Աբրահամյան

 

Այլ նորություններ
ԼՈՒՅՍ ԵՆ ՏԵՍԵԼ «ԵՊՀ ՈՒԳԸ ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ» ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՐՆԵՐԸ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ «ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու» երիտասարդական գիտական պարբերականի Բնական և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների 1.1 (27), Հումանիտար և հասարակական գիտությունների 1.2 (28) համարների շնորհանդեսը:
ՀԱՅ-ԹՈՒՐՔՄԵՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ ՄԱՀԹՈՒՄԿՈՒԼԻ ՖՐԱԳԻԻ ՊՈԵԶԻԱՆ ԲԱՑԱՌԻԿ ԴԵՐ Է ԽԱՂՈՒՄ. ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՊՀ-ՈՒՄ՝ ՆՎԻՐՎԱԾ ԹՈՒՐՔՄԵՆ ՊՈԵՏԻ 295-ԱՄՅԱԿԻՆ
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ «Մահթումկուլի Ֆրագին համաշխարհային մշակույթի պատմության մեջ» խորագրով գիտաժողով: