10.12.2021 | 
Հասարակություն
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ԵՊՀ-ՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎԵԼՈՒ ԵՆ ԲՆԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՄԻԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱԿԱՔԱՂՑԿԵՂԱՅԻՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ ԵՎ ՔԱՂՑԿԵՂ-ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ԵՊՀ-ՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՎԵԼՈՒ ԵՆ ԲՆԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՄԻԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱԿԱՔԱՂՑԿԵՂԱՅԻՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ ԵՎ ՔԱՂՑԿԵՂ-ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորման է երաշխավորվել «Դեղաբույսերի լուծամզվածքների ազդեցությունը քաղցկեղային բջջի ազդանշանային համակարգի և բջջային ցիկլի կարգավորիչ թիրախների վրա. դեղաբույսերը՝ որպես քաղցկեղի զարգացման կանխարգելիչ միջոց» գիտական թեման: Այն ներկայացրել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի ու Կենսաբանության ԳՀԻ փորձարարական ախտաբանության և կիրառական կենսաքիմիայի գիտահետազոտական խումբը։

Նշենք, որ գիտական թեման ֆինանսավորման է երաշխավորվել Գիտության կոմիտեի կողմից գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակում գիտական թեմաների հայտերի մրցույթի արդյունքում:

 

Գիտական ծրագրի հեռանկարների և նպատակների մասին զրուցել ենք ԵՊՀ փորձարարական ախտաբանության և կիրառական կենսաքիմիայի գիտահետազոտական խմբի անդամների և վերոնշյալ գիտական ծրագրի ղեկավար Նիկոլայ Ավթանդիլյանի հետ։ 

 

 

Վերջինիս խոսքով, Հայաստանում և ամբողջ աշխարհում քաղցկեղի անընդհատ աճող դեպքերը, հիվանդությունը վերահսկելու քիմիաթերապևտիկ մեթոդների անկարողությունը և դեղամիջոցների տոքսիկությունը (այդ թվում՝ նաև իմունաթերապիայի) պահանջում են այլընտրանքային մոտեցումներ։

 

Ըստ ծրագրի ղեկավարի՝ դեղաբույսերը համարվում են քաղցկեղի դեմ պայքարի նոր միացությունների ամենահեռանկարային աղբյուրներից մեկը. «Այդ պատճառով շատ կարևոր է հստակեցնել և բացահայտել բջջի վրա դեղաբույսերի ազդեցության ուղղակի և անուղղակի թիրախները»:

 

Ն. Ավթանդիլյանն ընդգծեց, որ նախագծի գլխավոր նպատակն է լինելու բացահայտել որոշ դեղաբույսերի լուծամզվածքների հակաքաղցկեղային ազդեցության մեխանիզմները և ուսումնասիրել դրանց քաղցկեղ-կանխարգելիչ հատկություններն ինչպես մարդու կրծքագեղձի բջջային գծերում, այնպես էլ առնետների կրծքագեղձի քաղցկեղի փորձարարական մոդելում:  

 

 

Գիտահետազոտական խմբի անդամները հավելեցին, որ ընտրվել են այն ազդանշանային համակարգերը և բջջային ցիկլի կարգավորիչները, որոնք հիմնական թիրախներն են քաղցկեղի ժամանակակից իմունաթերապիայում և թիրախային թերապիայում. «Ներկայումս դեռևս չկան վերոհիշյալ ուղիներն արգելափակող դեղամիջոցներ, որոնք կարելի է արդյունավետորեն օգտագործել կրծքագեղձի հակաքաղցկեղային թերապիայում»։

 

Թեմայի ղեկավարի խոսքով, համակարգչային ծրագրերի վրա հիմնված մեթոդներով ներկայումս հնարավոր է դարձել ուսումնասիրել փոքր մոլեկուլների և կառուցվածքային մակրոմոլեկուլների փոխազդեցությունները. «Դրանք կանխորոշում են միացություն-սպիտակուց փոխազդեցությունները և կարևոր դեր են խաղում դեղերի հայտնաբերման վիրտուալ սկրինինգում: Առաջարկվող ծրագրում մենք փորձելու ենք համակարգչային մոդելավորման ծրագրերի միջոցով բացահայտել բարձր հակաքաղցկեղային ակտիվությամբ օժտված բուսական լուծամզվածքների ակտիվ միացությունների փոխազդեցությունը քաղցկեղի զարգացման գործընթացներում ներգրավված այդ սպիտակուցների հետ»:

 

Խմբի անդամները բացատրեցին, որ ներկայումս քեմոկանխարգելումը համարվում է քաղցկեղի դեմ պայքարի հեռանկարային այլընտրանքային ռազմավարություն. «Քաղցկեղի բարձր ռիսկային խմբերի պաշտպանության համար իրականացվող քեմոկանխարգելման գործոնների օգտագործման հաջողությունը ցույց է տալիս, որ այս ռազմավարությունը ռացիոնալ է և խոստումնալից։ Նախագծի նպատակն է նաև հայտնաբերել բուսական լուծամզվածքների քաղցկեղ-կանխարգելիչ ազդեցությունն առնետի կրծքագեղձի քաղցկեղի փորձարարական մոդելում։ Քանի որ բնական ծագման միացությունների մեծ մասն առկա է մեր ամենօրյա սննդակարգում և անվտանգ է համարվում, քեմոկանխարգելիչ ակտիվությամբ բույսերի լուծամզվածքների հայտնաբերումը կիրառական տեսանկյունից կարող է շատ խոստումնալից լինել»:

 

 

5 երիտասարդ գիտնականից բաղկացած խմբի գիտական խորհրդատուն ԱՄՆ Օրեգոնի առողջության և գիտության համալսարանի Նայթի սիրտանոթային ինստիտուտի դոկտոր Ալինա Մալոյանն է:  Հետազոտական խումբը հաջողությամբ համագործակցում է նաև Գդանսկի տեխնոլոգիական համալսարանի սննդի քիմիայի, տեխնոլոգիայի և կենսատեխնոլոգիայի ֆակուլտետի ու ՀՀ ԳԱԱ Լ. Ա. Oրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի իմունոլոգիայի  և հյուսվածքային ճարտարագիտության լաբորատորիայի հետ։

 

Ն. Ավթանդիլյանի համոզմամբ, ստացված արդյունքներն ունենալու են հիմնարար և գործնական նշանակություն կենսաբանական ու բժշկական գիտությունների համար. «Կատարված հետազոտական աշխատանքները խորացնելու են հիմնարար գիտելիքներն ուռուցքի իմունոկենսաբանության, բուսական լուծամզվածքների կենսաբանական դերի, քաղցկեղի կենսաքիմիայի և քաղցկեղային բջիջների նյութափոխանակային ուղիների վերաբերյալ»:

 

Գիտական թեմայի ղեկավարը հավելեց, որ հակաքաղցկեղային ազդեցությամբ փորձարարական մոդելների կիրառումը և համակցումը նոր գործնական տվյալներ են տրամադրելու կլինիկական ուռուցքաբանության, ֆիտոթերապիայի, հակաքաղցկեղային առաջադեմ, անվնաս և ուղղորդված բուժական մոդելի բացահայտման համար, իսկ ստացված արդյունքները՝ մեծ ներդրում ունենան հակաքաղցկեղային բուժական նոր մոտեցումների համաշխարհային փնտրտուքում:

 

Նադեժդա Տեր-Աբրահամյան

Այլ նորություններ
«ԵՊՀ-Ն ՄՏԱՎՈՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ Է». ԻՐԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆԻ ՎԱՐԻՉ ՎԱՐԴԱՆ ՈՍԿԱՆՅԱՆԸ 50 ՏԱՐԵԿԱՆ Է
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը նշել է ծննդյան հիսունամյակը: Հայաստանում իրանագիտության լավագույն ավանդույթների պահպանման, դրանց զարգացման և նոր սերունդներին փոխանցելու գործում մեծ ավանդ ունեցող Վ. Ոսկանյանի հետ զրուցել ենք ձեռքբերումների, առաջիկա անելիքների ու ծրագրերի մասին:
ԵՊՀ-ՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՓՈԽՃԱՆԱՉՄԱՆ ԱՐԴԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ. ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի է ունեցել «ՀՀ բուհերի կողմից իրականացվող օտարերկրյա որակավորումների և կարճաժամկետ ուսուցման/կրեդիտային շարժունության ճանաչում» հետազոտության արդյունքների, ինչպես նաև «Բարձրագույն կրթության որակավորումների փոխճանաչման մասին» համաշխարհային կոնվենցիայի ներկայացման վերաբերյալ քննարկում: