25.04.2022 | 
Կրթություն, Գիտություն
ՄԵՂՎԻ ՄԱՅՐԱԿԱԹԸ՝ ՈՐՊԵՍ ՌԱԴԻՈՊԱՇՏՊԱՆԻՉ ԵՎ ՀԱԿԱՕՔՍԻԴԱՆՏԱՅԻՆ ՊԱՅՔԱՐԻ ԿԵՆՍԱՔԻՄԻԱԿԱՆ ՆՈՐ ԴԵՂԱՄԻՋՈՑ
ՄԵՂՎԻ ՄԱՅՐԱԿԱԹԸ՝ ՈՐՊԵՍ ՌԱԴԻՈՊԱՇՏՊԱՆԻՉ ԵՎ ՀԱԿԱՕՔՍԻԴԱՆՏԱՅԻՆ ՊԱՅՔԱՐԻ ԿԵՆՍԱՔԻՄԻԱԿԱՆ ՆՈՐ ԴԵՂԱՄԻՋՈՑ
ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն ֆինանսավորման է երաշխավորել «Մեղվի մայրակաթը՝ որպես ռադիոպաշտպանիչ և հակաօքսիդանտային պայքարի կենսաքիմիական նոր դեղամիջոց» գիտական թեման: Այն ներկայացրել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի՝ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնը:

Զրուցել ենք կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ, ծրագրի ղեկավար, կ.գ.թ. Սեդա Մարությանի հետ։

 

«Մեղվի մայրակաթը լայն կիրառություն ունի հատկապես ժողովրդական բժշկության մեջ: Այն օգտագործում են որպես հակաբակտերիալ, հակասնկային, հակաբորբոքային, հակաօքսիդանտային միջոց, սակայն նրա՝ որպես ռադիոպաշտպանիչ միջոցի մասին տվյալները մասնագիտական գրականության մեջ խիստ սակավ են»։

 

Գիտական թեման նվիրված է իոնացնող ճառագայթահարման բացասական հետևանքներից էուկարիոտ օրգանիզմներին պաշտպանելու նոր, կենսածին մոտեցում մշակելուն:

 

 

Ս. Մարությանի խոսքով՝ «Մեղվի մայրակաթն աչքի է ընկնում սննդարար նյութերի մեծ քանակությամբ, ինչն ինքնին կարևոր է ճառագայթահարումից թուլացած օրգանիզմների դիմադրողականությունը բարձրացնելու համար: Մյուս կողմից, մեղվի մայրակաթը պարունակում է բազմաթիվ հակաօքսիդանտային միացություններ, որոնք, ինչպես հայտնի է, կանխում են օքսիդային սթրեսի զարգացումն օրգանիզմի բջիջներում ճառագայթումից հետո և պաշտպանիչ դեր ունեն օրգանիզմի համար»։

 

Ծրագրի ղեկավարն ընդգծեց, որ գիտական խմբի կատարողները բավականին երիտասարդ են. ընդգրկված են գիտությունների 2 թեկնածու, 1 երիտասարդ գիտաշխատող և 2 մագիստրոս:

 

 

Գիտական խմբում ընդգրկվածները ձեռնամուխ են եղել առաջին տարվա օրացուցային պլանի կատարմանը։

 

Ծրագրի ավարտին մեղվի մայրակաթի ռադիոպաշտպանիչ և հակաօքսիդանտային դերի մասին համոզիչ տվյալների ստացումը թույլ կտա առաջարկել մեղվի մայրակաթը՝ որպես հակաճառագայթային պայքարի նոր կենսածին, անվտանգ և հեռանկարային դեղամիջոց:

 

Արդեն իսկ ստացվել են առաջին հետաքրքիր տվյալները, որոնք հետագա հետազոտությունների համար նոր հեռանկարներ են ստեղծում։

 

Մարինե Մկրտչյան

Այլ նորություններ
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱՅԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ՍՏԱՑԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում տեղի ունեցավ ֆակուլտետի իրավաբանական կլինիկայում որպես կամավոր ընդգրկված 28 ուսանողների վկայականների հանձնման արարողությունը:
ԿՈՐԵԵՐԵՆԻՆ ԵՎ ԿՈՐԵԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՑԵՐԵԿՈՒՅԹ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում տեղի ունեցավ կորեերենին և կորեական մշակույթին նվիրված ցերեկույթ, որի ընթացքում ԵՊՀ-ում անցկացված կորեերենի ութամսյա դասընթացի մասնակիցներին ֆակուլտետի կողմից հանձնվեցին վկայականներ։