19.01.2022 | 
Գիտություն, Հասարակություն
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ԵՊՀ ՄԱՆՐԷԱԲԱՆՆԵՐԸ ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՒ ԵՆ ԲԱՐՁՐԱՐԺԵՔ ԿԵՆՍԱՊՈԼԻՄԵՐՆԵՐ ՍԻՆԹԵԶԵԼՈՒ ԷՔՍՏՐԵՄՈՖԻԼ ՄԱՆՐԷՆԵՐԻ ԿԵՆՍԱՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՆԵՐՈՒԺԸ
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ԵՊՀ ՄԱՆՐԷԱԲԱՆՆԵՐԸ ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՒ ԵՆ ԲԱՐՁՐԱՐԺԵՔ ԿԵՆՍԱՊՈԼԻՄԵՐՆԵՐ ՍԻՆԹԵԶԵԼՈՒ ԷՔՍՏՐԵՄՈՖԻԼ ՄԱՆՐԷՆԵՐԻ ԿԵՆՍԱՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՆԵՐՈՒԺԸ
ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորման է երաշխավորվել «Հայաստանի էքստրեմալ միջավայրերից մեկուսացված թերմոֆիլ և հալոֆիլ մանրէների էկզոպոլիսախարիդների արտադրությունն ու բնութագրումը» գիտական թեման: Այն ներկայացրել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնը։

Նշենք, որ գիտական թեման ֆինանսավորման է երաշխավորվել Գիտության կոմիտեի կողմից գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակում գիտական թեմաների հայտերի մրցույթի արդյունքում:

 

Գիտական ծրագրի նպատակների և ակնկալվող արդյունքների մասին զրուցել ենք ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ, կենսաբանական գիտությունների թեկնածու, վերոնշյալ գիտական ծրագրի ղեկավար Հովիկ Փանոսյանի հետ։

 

Վերջինիս խոսքով, ներկայումս մանրէային ծագման էկզոպոլիսախարիդները (ԷՊՍ) լայն պահանջարկ ունեն դեղագործական և սննդի արտադրություններում, ներկանյութերի ու կենսապլաստիկի ստացման, ինչպես նաև թունազերծման և կենսավերականգնման գործընթացներում. «Մանրէային ծագման ԷՊՍ-ներն օժտված են հակաօքսիդանտային, հակավիրուսային, հակաքաղցկեղային, հակաթրոմբոզային և հակամետաստազային ակտիվություններով: ԷՊՍ-ների արտադրական ստացումն էքստրեմոֆիլ մանրէների կիրառմամբ մի շարք առավելություններ ունի. բացառվում է կոնտամինացիան, սինթեզի գործընթացը կարելի է կազմակերպել՝ շրջանցելով մանրէազերծման ծախսատար և էներգատար փուլերը»։

 

 

Ըստ ԵՊՀ դոցենտի՝ գիտական ծրագրի նպատակներն են Հայաստանի էքստրեմալ կենսամիջավայրերից (երկրաջերմային աղբյուրներից, աղուտ-ալկալի հողերից և աղի հանքից) ընտրողաբար մեկուսացնել ԷՊՍ արտադրող թերմոֆիլ և հալոֆիլ մանրէներ, ուսումնասիրել այդ մանրէների արտադրած ԷՊՍ-ների ֆիզիկաքիմիական ու կառուցվածքային առանձնահատկությունները և գնահատել կենսատեխնոլոգիաներում դրանց կիրառման ներուժը:

 

Նրա համոզմամբ, նախատեսված է նաև էքստրեմոֆիլ ԷՊՍ արտադրիչ մանրէների կենսազանգվածի և հետևաբար ԷՊՍ-ների ստացման համար կիրառել գյուղատնտեսական թափոններ, ինչը թույլ կտա իջեցնել արտադրանքի ինքնարժեքը:  

 

Ծրագրում ընդգրկված են 2 ավագ մասնագետ և 2 երիտասարդ գիտնական: Թեմայի խորհրդատուն Նեապոլի կենսամոլեկուլային քիմիայի ինստիտուտի (ինստիտուտը Եվրոպայում էքստրեմոֆիլ մանրէների ԷՊՍ-ների ուսումնասիրության ոլորտի առաջատարներից է) առաջատար գիտաշխատող, պրոֆ. Աննառիտա Պոլին է, որի  գիտական խումբը մասնագիտացված է մանրէային ԷՊՍ-ների ուսումնասիրություններում:

 

Հ. Փանոսյանը տեղեկացրեց, որ նախատեսվում է խմբի երիտասարդ հետազոտողների գործուղում Իտալիա համագործակից լաբորատորիայում առկա գերճշգրիտ սարքավորումներով ԷՊՍ-ների քիմիական կազմի և կառուցվածքային առանձնահատկությունների վերլուծության նպատակով:

 

 

Անդրադառնալով ծրագրից ակնկալվող վերջնարդյունքներին՝ ԵՊՀ դոցենտը նշեց, որ նախագծի հաջող իրականացումը թույլ կտա ստանալ նոր և կենսատեխնոլոգիապես հեռանկարային ԷՊՍ արտադրիչներ և դրանց սինթեզն ապահովող գեներ. «Հեռանկարային շտամների ամբողջական գենոմների սեքվենավորումը և ԷՊՍ սինթեզը կոդավորող գեների վերծանումը նախադրյալ են հանդիսանալու հետագայում գենային կենսաինժեներիայի մեթոդներով նոր, բարելավված ցուցանիշներով տրանսգենային շտամների նախագծման համար: Կենսատեխնոլոգիական ներուժ ունեցող ակտիվ շտամ-արտադրիչների ընտրությունը հեռանկարային է լինելու գիտության և արտադրության միջև երկխոսության համար»։

 

Հ. Փանոսյանի խոսքով, ստացված արդյունքները ներկայացվելու են միջազգային գիտաժողովներում և տպագրվեն ազդեցության գործակցով միջազգային ճանաչում ունեցող գիտական հանդեսներում:

 

Ծրագրի ղեկավարն ընդգծեց, որ գիտական ծրագրի շրջանակում նախատեսվում է համալրել ամբիոնում ստեղծված էքստրեմոֆիլ մանրէների կուլտուրաների հավաքածուն, ներդնել ԷՊՍ-ների ուսումնասիրության նորագույն մեթոդներ, որոնք ընդգրկվելու են ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի կրթական ծրագրերում՝ որպես լաբորատոր աշխատանքի բաղադրիչներ:

 

 

Նադեժդա Տեր-Աբրահամյան

 

 

Այլ նորություններ
ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԳԻՏԱԿԱՆ ՄԻՏՔՆ ԱՄՓՈՓՎԵԼ Է «ԵՊՀ ՈՒԳԸ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒԻ» ՏՊԱԳԻՐ ՀԱՏՈՐՆԵՐՈՒՄ. ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու» երիտասարդական գիտական պարբերականի Բնական և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների՝ 1.1 (35), Հումանիտար և հասարակական գիտությունների 1.2 (36) համարների շնորհանդեսը:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԻՍԱԿՈՎԻ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՂ ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԻ ԴԻՏՈՒՄ ԵՊՀ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Ֆիլմը, որն առաջին անգամ է ցուցադրվում Հայաստանում, նվիրված է հայազգի գիտնական, գրող, ծովակալ, ռազմագետ, զինհրամանատար Հովհաննես Իսակովի կյանքին և գործունեությանը, հատկապես Հայրենական պատերազմին նրա անմիջական մասնակցությանը և դերակատարմանը: