01.02.2019 | 
Գիտություն
ԵՊՀ ԳԻՏԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԻ ԴԻՄԱՑ
ԵՊՀ ԳԻՏԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԻ ԴԻՄԱՑ
ԵՊՀ մի շարք գիտաշխատողներ այսօր ստացել են ծանուցումներ առ այն, որ 2019 թ. մարտի 31-ին լուծվելու է իրենց հետ կնքված աշխատանքային պայմանագիրը՝ իրենց կառուցվածքային ստորաբաժանման լուծարման (գործունեության դադարեցման), աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման և արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված՝ հաստիքների կրճատման պատճառով:

Ինչպես հայտնի է, ՀՀ կառավարության կողմից 2018 թվականի դեկտեմբերի 27-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշմամբ հիմնադրամ հանդիսացող բուհերի համար փոփոխվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման նախկին ձևը:

 

Բազային ֆինանսավորումը հիմնադրամներում մրցութային դարձնելու Ֆինանսների նախարարության առաջարկի ընդունումը, ըստ ԵՊՀ գիտաշխատողների, բացասական հետևանքներ կունենա և կվնասի գիտությանը: Այդ առիթով արդեն եղել են քննարկումներ, որոնց ընթացքում աշխատակիցները հայտնել են իրենց դիրքորոշումը և որոշել  բողոք-առաջարկությունով դիմել պատկան մարմիններին:

 

 

ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանը երեկ բաց նամակով դիմել էր ՀՀ վարչապետին՝ նշելով խնդրահարույց հարցերը, որոնք առաջ են գալիս այս որոշումից և հույս հայտնել, որ բարձրացված խնդիրը կստանա համապատասխան լուծում, որը կբխի ինչպես բուհի զարգացման առաջնահերթություններից, այնպես էլ գիտաշխատողների մասնագիտական, սոցիալական և աշխատանքային իրավունքներից ու շահերից:

 

ԵՊՀ կոնֆերենց դահլիճում այսօր Ֆիզիկայի ֆակուլտետի գիտաշխատողները ստացան ծանուցումները, ընդ որում՝ փաստենք, որ նրանցից մի քանիսը չստորագրեցին դրանք՝ այդպիսով ընդվզելով որոշման դեմ:

 

Մեզ հետ զրույցում ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի փոխտնօրեն Աննա Քոթանջյանն ասաց, որ ֆակուլտետի գիտական խորհուրդը և Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտն անցկացրել են բաց նիստ, որի ընթացքում քննարկել են հարցը և հանգել եզրակացության, որ մշտապես գործող գիտական ենթակառուցվածքի առկայությունը բուհերում ժամանակակից կրթական գործընթացի հաջող իրականացման կարևորագույն պայման է, որն ապահովում է կրթություն-գիտություն անմիջական կապը և հնարավորություն է տալիս երիտասարդ մասնագետներին հաջողությամբ ներառելու գիտության բնագավառ:

 

 

Նիստի մասնակիցները վստահ են, որ նշված որոշման իրականացումը հսկայական վնաս կհասցնի ոչ միայն գիտությանը, այլև բուհական կրթությանը՝ կտրուկ իջեցնելով պատրաստվող կադրերի մասնագիտական մակարդակը: Երկրի անվտանգության տեսանկյունից գիտության վերաբերյալ ցանկացած որոշման իրականացում, որը չի հանգեցնելու գիտական ներուժի հզորացմանը, արդարացիորեն պետք է դիտվի որպես պետական շահերին հակասող՝ հաշվի առնելով այն աշխարհաքաղաքական իրավիճակը, որում գտնվում է մեր երկիրը:

 

Ֆիզիկայի ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի հավաստմամբ, պետության կողմից բազային ֆինանսավորման միջոցների ծախսման արդյունավետությունը վերահսկելու համար սահմանված կարգով գործում է փորձաքննության ինստիտուտը: Այն իրականացվում է գիտական հիմնարկի կողմից ներկայացված տարեկան գործունեության հաշվետվությունների և հայտերի հիման վրա, որի արդյունքում որոշվում է շարունակել կամ դադարեցնել տվյալ ծրագրի բազային ֆինանսավորումը:

 

Ի դեպ, Կոնֆերենց դահլիճում հավաքված գիտաշխատողները որոշեցին հինգշաբթի օրը՝ փետրվարի 7-ին, բողոքի ակցիա իրականացնել ՀՀ կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով անվավեր ճանաչել 2018 թվականի դեկտեմբերի 27-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշումը: Գիտաշխատողները կոչ են անում բոլոր շահագրգիռներին միանալ իրենց նախաձեռնությանը:

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ՂՐՂԶՍՏԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼՈՒ Է ԵԱՏՄ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՄԵՆԱՄԵԾ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՇԱԲԱԹ-2019» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գործարարները և ակտիվ երիտասարդները հանդիպելու են մեկ հարթակում՝ քննարկելու տնտեսական ինտեգրման և բիզնես համագործակցության հարցերը, որին հեռակա կարգով կարող են մասնակցել նաև ԵՊՀ տարբեր ֆակուլտետների դասախոսներ, երիտասարդ գիտնականներ, ասպիրանտներ և փորձագետներ:
ԼՈՒՅՍ ԵՆ ՏԵՍԵԼ «ԵՊՀ ՈՒԳԸ ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ» ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՐՆԵՐԸ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ «ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու» երիտասարդական գիտական պարբերականի Բնական և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների 1.1 (27), Հումանիտար և հասարակական գիտությունների 1.2 (28) համարների շնորհանդեսը: