Այսօր ԵՊՀ պատմության ֆակուլտետի դահլիճում տեղի ունեցավ ՀՀ ազգային հերոս, պատմության ֆակուլտետի զոհված ուսանող, ազատամարտիկ Թաթուլ Կրպեյանի ծննդյան տարեդարձին նվիրված ցերեկույթ, որը կազմակերպել էին Պատմության ֆակուլտետի ՈՒԳԸ-ն եւ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբը:
Միջոցառումը սկսվեց ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկան Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի աղոթքով, որին հոտնկայս միացան նաեւ դահլիճում ներկա գտնվողները: Այնուհետեւ միջոցառման մասնակիցներին ողջունեցին եւ իրենց հիշողություններով կիսվեցին Թաթուլ Կրպեյանի հարազատները, ընտանիքի անդամները, դասախոսներն ու ընկերները: Նրանցից յուրաքանչյուրը Թաթուլին ներկայացրեց որպես մարտիկ, ուսանող, ընկեր ու պարզապես կենսախինդ անձնավորություն:
«Ինձ համար դժվար է առանց հուզմունքի խոսել Թաթուլի մասին: Նա ռազմաճակատ էր մեկնել երկու առաքելությամբ` ուսուցանել եւ ամեն գնով հայրենիքը պաշտպանել: Ցերեկն ուսուցչական աշխատանքներ էր իրականացնում, երեկոյան կռվի դաշտում պաշտպանության ծրագրեր մշակում: Նա ասում էր, որ Երևան չի վերադառնա, եթե Գետաշենն ընկնի: Այդպես էլ եղավ:
Կռվի թեժ պահին Թաթուլը կրկին ելքը գտավ. գերի վերցրեց ռուսական զորքի հրամանատար Մաշկովին ու նռնակը ձեռքին` թշնամուն ստիպեց գրոհը կանգնեցնել: Ի վերջո թշնամու գնդակը մահացու դարձավ իր եւ ընկերների համար: Բայց նրա` այդ հերոսական ու անձնվեր արարքը ստիպեց հակառակորդին հետեւություններ անել, ու արդյունքում, չնայած Գետաշենն անցավ թշնամու ձեռքը, հազարավոր գետաշենցիներ փրկվեցին: Նա ընդամենը 26 տարեկան էր»,- պատմում է Թաթուլի դասախոս Արտավազդ Դարբինյանը:
Դահլիճում էր նաեւ Թաթուլի դուստրը` Ասպրամը, ով այժմ ուսանում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի 3-րդ կուրսում: «Իմ հասակակիցներին ուզում եմ խնդրել, որ միշտ վառ պահեն մեր հերոսներից յուրաքանչյուրի հիշատակը, քանի որ հենց նրանց օրինակով է դաստիարակվելու մեր ապագա սերունդը, քանի որ անցյալի դասերով է կառուցվելու մեր ապագան»,- ասաց Ասպրամ Կրպեյանը: Լրագրող Գոհար Մարտիկյանը, ով «Ապրելու բանաձեւ» շարքի հեղինակն է, Ասպրամին հանձնեց գրքի այն հատորը, որի մի մասն էլ նվիրված է հերոս Թաթուլին:
«Վստահ եմ, որ այսօրվա երիտասարդներից եթե ոչ յուրաքանչյուրի, ապա ամեն երկրորդի մեջ ապրում են թաթուլներ ու մոնթեներ, որոնք անհրաժեշտ պահին կյանքը չեն խնայի հայրենիքի բարօրության համար»,- ասաց Գոհար Մարտիկյանը: Իսկ ԵՊՀ հայագիտության կենտրոնի մշակութային ցեղասպանության բաժնի գիտաշխատող Քեյթի Գունդակչյանը հիշեց. «Թաթուլը երգող ու պարող երիտասարդ է: Երբ նրան վերջին անգամ տեսա, ընկերոջ հետ հենց դրսում, ձեռքերը վեր պարզած, քոչարի էր պարում»: Ելույթներից հետո մի շարք հայրենասիրական երգեր կատարեց «Ակունք» համույթը, իսկ ցերեկույթն ամփոփեց Թաթուլ Կրպեյանի կյանքին նվիրված ֆիլմի ցուցադրությունը: