06.11.2017 | 
Գիտություն
ՄԵԿՆԱՐԿԵՑ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ
ՄԵԿՆԱՐԿԵՑ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ
Այսօր Մատենադարանում մեկնարկեց Երկրորդ համահայկական գիտական համաժողովը՝ նվիրված Հայկական առաջին Հանրապետության 100-ամյակին:

Մասնակիցների շարքում են ինչպես ուսանողներ, երիտասարդ և արդեն ճանաչված գիտնականներ, այնպես էլ գիտակրթական հիմնադրամների ղեկավարներ աշխարհի տարբեր երկրներից (ՌԴ, ԱՄՆ, Շվեյցարիա, Իռլանդիա, Գերմանիա, Դանիա): 

 

Համաժողովի նպատակն է քննարկել և լուծել գիտությանն առնչվող մի շարք հիմնախնդիրներ, ամրապնդել Առաջին համահայկական գիտական համաժողովի արդյունքում ստեղծված Սփյուռքահայ գիտնականների ասոցիացիայի հետ գիտության ոլորտում ժամանակակից մեթոդների ինտեգրումը, որն ուղղված է երիտասարդ հայ գիտնականների աջակցմանն ու Հայաստանում առկա գիտական դպրոցներում ծրագրերի արդյունավետ իրականացմանը: Համաժողովին Մայր բուհից ներկա էին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, պրոֆեսորադասախոական կազմի ներկայացուցիչներ:

 

 

Բացման խոսքերով հանդես եկան ՀՀ ԳԱԱ երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ Գևորգ Վարդանյանը և ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:

 

Գևորգ Վարդանյանը ողջունեց բոլորին և ներկայացրեց նախորդ համաժողովի արդյունքները. «Առաջին համաժողովում դասախոսությունների, կլոր սեղանների ընթացքում քննարկվեցին հնարավոր բոլոր նախապայմանները՝ ուղղված հայ գիտության առաջընթացին: Արդյունքում որպես այդ գործի հաջողության գրավական՝ դիտվեց Սփյուռքահայ գիտնականների ասոցիացիայի հիմնադրման գաղափարը»:

 

Գևորգ Վարդանյանի խոսքով՝ Երկրորդ համահայկական գիտական համաժողովը նպատակ ունի մեկ սեղանի շուրջ հավաքել Սփյուռքի և Հայաստանի նշանավոր գիտնականներին և այդպիսով գտնել վճռորոշ հիմնախնդիրների լուծման ուղիները:

 

ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն էլ, ակադեմիական հանրության կողմից ողջունելով համաժողովի մասնակիցներին, նշեց, որ կազմակերպվող քննարկումները, կլոր սեղանները նպաստում են Հայաստանում գիտության ու տեխնոլոգիաների զարգացմանը. «Մեր գլխավոր խնդիրներից մեկը նաև հայազգի երիտասարդ գիտնականների ներուժը ճիշտ օգտագործելն է մեր հանրապետության տնտեսության առաջընթացի գործում»:

 

ՀՀ գիտական կազմակերպությունների երիտասարդ գիտնականները համաժողովի շրջանակում հնարավորություն ունեն պաստառային ու բանավոր զեկուցումներով ներկայացնել իրենց գիտահետազոտական աշխատանքները:

 

Համաժողովին Երևանի պետական համալսարանից «Կենսաջրածին՝ խմորում, հիդրոգենազի և պրոտոնային ԱԵՖ-ազի դերը» թեմայով զեկուցմամբ հանդես եկավ ԵՊՀ կենսաբանության ԳՀ ինստիտուտի փոխտնօրեն, Կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիաների ամբիոնի դասախոս Կարեն Թռչունյանը:

 

Տեղեկացնենք, որ համաժողովն անցկացվում է  նոյեմբերի 6-8-ը: 

Այլ նորություններ
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ. ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԱԿՆԿԱԼՎՈՒՄ Է ՍՏԵՂԾԵԼ ՆՈՐ ԳՈՐԾԻՔՆԵՐ, ՈՐՈՆՔ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՏԱՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՔԻՐԱԼԱՅԻՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔ ՈՒՆԵՑՈՂ ՆՅՈՒԹԵՐ
ԵՊՀ-ի կողմից ներկայացված «Ազոլների հենքի վրա ասիﬔտրիկ օրգանոկատալիզ. սինթեզ և ակտիվություն» թեման ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի կողմից հայտարարված մրցույթի արդյունքում երաշխավորվել է ֆինանսավորման: Ծրագրով նախատեսվում է 1,2,4- և 1,2,3-տրիազոլների հենքի վրա ստանալ ամինոթթվային մնացորդ պարունակող ազոլների նոր ածանցյալներ, որոնք կարող են գտնել կիրառություն ասիմետրիկ սինթեզում:
«ՖԱՐՄԱՑԻԱՅԻ ԱՐԴԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ԵՊՀ-ՈՒՄ ԷՐ ՀԱՄԱԽՄԲԵԼ ՈԼՈՐՏԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻՆ
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր Ֆարմացիայի ինստիտուտի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Ֆարմացիայի արդի ձեռքբերումները» II միջազգային գիտաժողովը: