26.03.2016 | 
Կրթություն
ԱՆՑԿԱՑՎԵՑ «ԵՊՀ ՕԼԻՄՊԻԴԱ-2016»-Ի 2-ՐԴ ՓՈՒԼԸ
ԱՆՑԿԱՑՎԵՑ «ԵՊՀ ՕԼԻՄՊԻԴԱ-2016»-Ի 2-ՐԴ ՓՈՒԼԸ
Այսօր Մայր բուհում շուրջ 600 դպրոցականներ մասնակցեցին «ԵՊՀ օլիմպիդա-2016»-ի երկրորդ փուլին:

Մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ մարտի 6-ին ԵՊՀ-ում և ՀՀ բոլոր մարզերում կայացած ամենամյա 8-րդ «ԵՊՀ օլիմպիադա-2016»-ին մասնակցել էին ավելի քան 3100 դպրոցականներ: Նրանցից միայն 600-ն էին հաղթահարել 1-ին փուլի փորձությունը: Ինչպես արդեն տեղեկացրել էինք,այսուհետ Մայր բուհի կողմից իրականացվող օլիմպիադան անցկացվելու է երկու փուլով:

 

ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության պետ Վաչագան Գալստյանը մեզ հետ զրույցում նշեց, որ «ԵՊՀ օլիմպիադան» ներառվել է ԵՊՀ 2016-2020 թթ. ռազմավարական ծրագրում. «Օլիմպիադաների անցկացման երկփուլանոց մոդելը կարող է ավելի արդյունավետ ու նպատակային լինել: Ինչ վերաբերում է առաջին փուլի արդյունքներին, ապա պետք է նշեմ, որ մենք գոհ ենք, և ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս մեր սպասելիքներն արդարացան: Կարծում եմ՝ 2-րդ փուլի արդյունքները նույնպես լինելու են ոգեշնչող»:

 

Արդեն մի քանի տարի է, ինչ դպրոցականների մի մասն իր ուժերը փորձում է «Ստեղծագործական աշխատանք» առարկայից: Ապագա լրագրողները գրում են շարադրություն նախապես առաջադրված երեք թեմաներից մեկով:

 

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի մամուլի տեսության և պատմության ամբիոնի վարիչ Դավիթ Պետրոսյանը նշեց, որ ստեղծագործական աշխատանքի թեմաներն ընտրելիս հաշվի են առել այն հանգամանքը, որ դրանք մի կողմից չլինեն պարզունակ, իսկ մյուս կողմից՝ բարդ. «Մենք ընտրել ենք այնպիսի թեմաներ, որոնք մեր ապագա դիմորդներին պետք է մտածելու և խորհելու տեղիք տան: Իհարկե, օլիմպիադայի մասնակիցները դրանց պետք է ծանոթ լինեն նաև դպրոցից: Ողջունում եմ օլիմպիադայի անցկացումը, և կարծում եմ, որ այն լավ փորձ է՝ ընդունելության քննություններից առաջ ուժերը փորձելու համար, ինչպես նաև լավ առիթ՝ հասկանալու, թե արդյոք ճիշտ են ընտրել իրենց մասնագիտությունը»:

 

Ալիսա Դավթյանը եկել էր Գյումրիից: Նա սովորում է «Ֆոտոն» վարժարանում, մասնակցել է մարզային ու հանրապետական տարբեր օլիմպիադաների: Ուժերն այս տարի փորձում էր «Մաթեմատիկա» առարկայից. «Շատ եմ ցանկանում ընդունվել Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ, իսկ լավագույն կրթություն տվող բուհը հենց ԵՊՀ-ն է: Ինչ վերաբերում է աշխատանքիս, ապա նշեմ, որ այն այնքան էլ բարդ չէր, թեև որոշ խնդիրներ որոշակի նրբություններ են պահանջում»:

 

Նշենք նաև, որ «ԵՊՀ օլիմպիադա-2016»-ի 2-րդ փուլ ամենաշատ թվով դպրոցականներ անցել են «Հայոց լեզու և գրականություն» առարկայից, որին հաջորդում են «Անգլերեն» ու «Կենսաբանություն» առարկաները:

 

Հ.Գ.: Օլիմպիադայի արդյունքների ամփոփումը և պաշտոնական փակումը տեղի կունենան ապրիլի 15-ին` ժամը 15:00-ին, ԵՊՀ մեծ դահլիճումՀաղթողները կստանան 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի դիպլոմներ, գովասանագրեր, ինչպես նաև Մայր բուհի կողմից կպարգևատրվեն գրքերով ու դիմորդի ուղեցույցներով:

Այլ նորություններ
ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ՖԻԶՄԱԹ ՀՈՍՔԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ Երևանի մասնագիտական և ավագ դպրոցների աշակերտները հանդիպեցին Ֆիզիկայի ֆակուլտետի ղեկավարության հետ:
ԵՊՀ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 198 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության դիմորդների հետ տարվող աշխատանքների բաժինն այսօր մասնագիտական կողմնորոշման նպատակով այց է կազմակերպել Երևանի թիվ 198 ավագ դպրոց։