27.12.2018 | 
Գիտություն
ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔ ԵՎ ՄԱՂԹԱՆՔ. ԵՊՀ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ ԼՐԱՎՃԱՐՆԵՐ ՍՏԱՑԱԾ ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ՀՆԳՅԱԿԸ
ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔ  ԵՎ  ՄԱՂԹԱՆՔ. ԵՊՀ ԱՄԵՆԱԲԱՐՁՐ  ԼՐԱՎՃԱՐՆԵՐ ՍՏԱՑԱԾ  ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ  ՀՆԳՅԱԿԸ
ԵՊՀ աշխատողներին աշխատանքի որոշ տեսակների համար վճարվող լրավճարների հաշվարկման և վճարման կարգի համաձայն՝ գիտահետազոտական գործունեության համար հատկացված լրավճարների ցուցակի լավագույն հնգյակում են Ֆիզիկայի, Կենսաբանության, Իրավագիտության, Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետների դասախոսները:

Այսպիսով` առաջատար դիրքերում են  ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի պինդ մարմնի ֆիզիկայի գ/հ լաբորատորիայի ավագ գիտաշխատող ֆիզմաթ գիտ. դոկտոր Մինաս Բալյանը, Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Արմեն Թռչունյանը, Ակադեմիկոս Վ. Համբարձումյանի անվան ընդհանուր ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ամբիոնի վարիչ, Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի Օպտոէլեկտրոնիկայի և ֆոտոնիկայի գ/հ լաբորատորիայի ավագ գիտաշխատող ֆիզմաթ գիտ. դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Գևորգյանը, Քրեական իրավունքի ամբիոնի դոցենտ, իրավ. գիտ. դոկտոր Աննա Մարգարյանը, Փիլիսոփայության պատմության ամբիոնի վարիչ, փիլ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սեյրան Զաքարյանը:

 

Ֆիզմաթ գիտությունների դոկտոր Մինաս Բալյանը կարևորում է ժամանակակից տեխնոլոգիաների՝ մասնավորապես համակարգիչների  ունեցած դերը գիտության զարգացման գործում:


 

2018 հրատարակած հինգ հոդվածները զարգացրել և խորացրել են  Մինաս Բալյան գիտնականի վաստակը:

 

Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ասպարեզում զգալի արդյունքներ են գրանցվել Արմեն Թռչունյանի հետազոտությունների շնորհիվ. «Բակտերիաներում համապատասխան գեների արտահայտման, հիդրոգենազների ակտիվության և էներգիայի ձևափոխության մեխանիզմների փորձարարական ուսումնասիրման և համակարգչային վերլուծության արդյունքում բացահայտվել են «E. coli» և Արզնի ու Ջերմուկ հանքային աղբյուրներից մեկուսացված «R. sphaeroides» բակտերիաներում ածխածնի տարբեր աղբյուրների (գլյուկոզի, քսիլոզի, գլիցերինի, սաթաթթվի և խառն ածխածնի) խմորման ընթացքում տարբեր գործոնների, այդ թվում՝ pH-ի միջոցով մոլեկուլային ջրածնի արտադրության կարգավորման վերաբերյալ»:



 

Միաժամանակ, բացահայտվել է «E. coli»-ում լակտոզի խմորման առանձնահատկությունը և դրա ընթացքում ջրածնի անջատումը: «Պարզաբանվել է մրջնաթթվի դերը ջրածնի անջատման գործընթացում։ Օգտագործվել են գարեջրաեփման օրգանական թափոններ, կատարելագործվել են դրանց նախամշակման եղանակները, որոշվել են ջրածնի արտադրության տեխնոլոգիական պայմանների նպաստավոր արժեքները»,- ասաց Արմեն Թռչունյանը:

 

Վերոնշյալ նորարարություններից զատ՝ ուսումնասիրվել է քաղցկեղի փորձարարական մոդելում կենդանիներում արգինինի փոխանակության որոշ ֆերմենտների ակտիվության կարգավորման հնարավորությունը, որը կարող է ունենալ կիրառական նշանակություն։

 

«Այս արդյունքները հրատարակվել են ազդեցության գործոնով միջազգային հանդեսներում գիտական հոդվածների և մենագրություններում գլուխների ձևով, զեկուցվել են արտասահմանում»,- ամփոփեց Ա. Թռչունյանը:

 

Իսկ Աշոտ Գևորգյանը իր փոքր հաջողություններից մինչև մեծերը պայմանավորեց՝ ԵՊՀ-ում աշխատելով. «Իմ բախտը բերել է. համալսարանն իմ տունն է դարձել, իսկ մասնագիտությունը՝ սիրած զբաղմունքս»:


 

Գևորգյանի խոսքով, պետք է խրախուսել այն ուսանողներին, որոնք մեծ ներուժ և հնարավորություններ ունեն. «Լավ ուսանողներ շատ ունենք, որքան կարողանում խոսում եմ նրանց հետ, խորհուրդներ տալիս, որ մնան, շենացնեն գիտությունը, միայն վատն այն է, որ ֆինանսական աջակցություն չկա»,- նկատեց Ա. Գևորգյանը:

 

 

Խոսելով գրանցած հաջողության և հետագա ծրագրերի մասին՝ Աննա Մարգարյանը փաստեց, որ ցանկացած ասպարեզում հաջողությունը նկատելի է, եթե աշխատանքը սիրով ու հաճույքով է կատարվում. «Ես իմ կատարած աշխատանքից հաճույք եմ ստանում. իմ նվիրումն ու սերն աշխատանքիս անժխտելի են»:


 

Մարգարյանի համոզմամբ, յուրաքանչյուր ոք պետք է զբաղվի այն աշխատանքով, որը մարդուն հոգեպես հանգիստ  է դարձնում, ուստի դիմելով ուսանողներին՝ ընդգծում է. «Կարևոր է չդավաճանել երազանքներին հասնելու ձգտմանը»:

 

Մարգարյանը աշխատանքային խաղաղ, բնականոն և հաջողակ կյանքը պայմանավորում է նաև առողջ միջավայրով. «Ես աշխատում եմ այնպիսի միջավայրում, որտեղ կա փոխադարձ հարգանք, փոխըմբռնում ու նվիրում»:

 

Սեյրան Զաքարյանը նույնպես կարծում է, որ աշխատանքային հաջողությունները պայմանավորված են աշխատանքը սիրելով և բարեխղճորեն կատարելով:

 

Մեկ տարվա ընթացքում Զաքարյանը հեղինակն է երկու մենագրությունների, տասնյակից ավելի հոդվածների. դրանք տպագրվել են ոչ միայն Հայաստանում, այլև օտար երկրներում: «Փիլիսոփայությունը շաղկապում է անցյալը, ներկան ու ապագան. անհրաժեշտ է մշտապես ձեռքդ պահել զարկերակին ու քայլել ժամանակին համահունչ»,- նշեց ամբիոնի վարիչը:

 

Պրոֆեսորը հաջողության հասնելու ճանապարհին կարևորում է հետևողականությունն ու ինքնուրույնությունը. «Լինել ինքնուրույն, ստեղծարար և ամենակարևորն է հավատալ սեփական ուժերին»:

 

 

Անգին Խաչատրյան

Այլ նորություններ
ՂՐՂԶՍՏԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼՈՒ Է ԵԱՏՄ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՄԵՆԱՄԵԾ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՇԱԲԱԹ-2019» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) գործարարները և ակտիվ երիտասարդները հանդիպելու են մեկ հարթակում՝ քննարկելու տնտեսական ինտեգրման և բիզնես համագործակցության հարցերը, որին հեռակա կարգով կարող են մասնակցել նաև ԵՊՀ տարբեր ֆակուլտետների դասախոսներ, երիտասարդ գիտնականներ, ասպիրանտներ և փորձագետներ:
ԼՈՒՅՍ ԵՆ ՏԵՍԵԼ «ԵՊՀ ՈՒԳԸ ԳԻՏԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒ» ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՐՆԵՐԸ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի ունեցավ «ԵՊՀ ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու» երիտասարդական գիտական պարբերականի Բնական և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների 1.1 (27), Հումանիտար և հասարակական գիտությունների 1.2 (28) համարների շնորհանդեսը: