29.10.2019 | 
Հասարակություն
«ԱՊԱԳԱ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ
«ԱՊԱԳԱ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ
Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել «Ապագա մասնագետների հոգեբանական գնահատումը մասնագիտական պատրաստման գործընթացում» խորագրով սեմինար, որը նախաձեռնել էր Ընդհանուր հոգեբանության ամբիոնը։

Սեմինարին մասնակցում էին ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, տարբեր ուսումնական հաստատությունների հոգեբաններ, ավագ դպրոցի աշակերտների մասնագիտական պատրաստվածությամբ զբաղվող մանկավարժներ, սոցիալական մանկավարժներ, գործնական հոգեբաններ, մագիստրատուրայի և բակալավրիատի ավարտական կուրսի ուսանողներ:

Միջոցառման նպատակն էր գործունեություն ծավալող հոգեբաններին և ավագ դպրոցներում աշխատող մանկավարժներին ներկայացնել մասնագիտական ինքնորոշման և պատրաստման կիրառական կողմերը։

Նշենք, որ միջոցառումն իրականացվում է «18T-4A056» ծածկագրով թեմատիկ ֆինանսավորման շրջանակում։

Սեմինարի սկզբում ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի դոցենտ Վարդուհի Պապոյանը ողջունեց ներկաներին և կարևորեց նմանօրինակ հանդիպումները։

«Մեր նպատակն է դպրոցականներին աջակցել ինքնակողմնորոշման հարցում և օգնել իրենց կարողություններին համապատասխան կյանքի ուղի ընտրելուն»,- նշեց բանախոսը։

Ներկայացնելով կատարված աշխատանքը՝ Վ․ Պապոյանն ասաց, որ կրթական այս հարցերը քննարկելու համար սկսել են աշխատել դեռևս 2017 թվականից, ինչի արդյունքում լույս են տեսել «Անձի ինքնիրացման հիմնախնդիրները», «Մասնագիտական ինքնորոշման և կայացման հոգեբանական ուղղորդումները կրթական համակարգում», «Սովորողի ինքնուրույնության և մասնագիտական ինքնորոշման հոգեբանական գնահատում» գրքերը։



Բանախոսն անդրադարձավ մասնագիտական կարողությունների և հմտությունների ձեռքբերման սահմանափակումներին, խոսեց հասուն տարիքում մասնագիտություն փոխելու ցանկության և ապագա մասնագետի որակների մասին։

«Բնականաբար, մենք ունենք մասնագիտության առումով կողմնորոշված միջին հանրություն, բայց կան այնպիսի թիրախային խմբեր, որոնք մասնագիտություն ընտրում են պարզապես բուհ հաճախելու կամ ծնողներին հաճոյանալու համար։ Արդյունքում՝ մարդը կորցնում է իր տարիները, հետո ստիպված վերադառնում է մի բանի, որին ի սկզբանե ձգտում էր»,- նշեց բանախոսը և հավելեց, որ անհրաժեշտ է հստակ գիտակցել՝ համապատասխանում են արդյոք իր ունակություններն ընտրած մասնագիտությանը։

Խոսելով ծավալած գործունեության մասին՝ Վ․ Պապոյանն ասաց, որ իրենց հետազոտական աշխատանքի համար ընտրել են այնպիսի հիմնախնդիրներ, որոնք են մասնագիտական ինքնորոշումը, ուղղորդումը, պատրաստվածությունը, իրավասությունների տիրապետումը և գիտելիքների համապատասխանությունը։

Ներկաներին ողջունեց ու զեկուցմամբ հանդես եկավ նաև Երիտասարդների զբաղվածության և ձեռներեցության կենտրոնի տնօրեն Քրիստինե Նիկողոսյանը, որը հատուկ շնորհակալություն հայտնեց Անձի մասնագիտական կողմնորոշման լաբորատորիային նմանօրինակ համագործակցության համար։



Նա ներկայացրեց երիտասարդների զբաղվածության մի շարք հիմնաքարային հարցեր. «Հիմնական միտումը, որի մասին կցանկանայի խոսել, վերաբերում է աշխատաշուկայում երիտասարդների զբաղվածության այն խնդրին, երբ հաճախ բարձրագույն կրթություն ունեցող երիտասարդն աշխատաշուկայում չունի իր տեղը։ Ավելին՝ վերջինս նույն աշխատաշուկայում սկսում է զբաղեցնել միջին մասնագիտական կրթություն ունեցող անձի տեղը»։

Անդրադառնալով դպրոցներում աշակերտների աջակցմանը՝ Ք․ Նիկողոսյանն ասաց, որ դպրոցներում կան լավ գաղափարներ, բայց դրանք ներկայացնելու հարթակներ չկան․«Կրթական հաստատությունների ներկայացուցիչներին առաջարկում եմ հետագայում համագործակցության մեխանիզմներ մշակել աշակերտների գաղափարներն իրականացնելու համար։ Եթե կան ստարտափ գաղափար և նորարարություն, ապա մենք պետք է հենց դպրոցից վերցնենք դրանք և դարձնենք բիզնես գաղափար»։


 «Ապագա մասնագետների հոգեբանական գնահատումը մասնագիտական պատրաստման գործընթացում» սեմինարի ընթացքում ելույթներով հանդես եկան նաև Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դասախոսներ , Ա․ Գալստյանը, Դ․ Սարգսյանը, Մ․ Կարապետյանն։

Սեմինարի վերջում բանախոսների կողմից ներկայացվեցին սովորողի անձի մասնագիտական պատրաստման հոգեբանական վարժանքներ։

 

Այլ նորություններ
ԱՐՑԱԽՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի Կոնֆերենց դահլիճում այսօր «Արցախյան հակամարտության խրոնիկան» դասընթացաշարի շրջանակում հյուրընկալվել էր իրավ. գիտ. թեկնածու, դոցենտ, ԱԺ պատգամավոր Տարոն Սիմոնյանը:
«ՖԻՆԱՆՍՆԵՐ» ԵՎ «ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ «ԿՈԿԱ-ԿՈԼԱ ՀԵԼԼԵՆԻԿ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ
Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնի նախաձեռնությամբ այսօր «Ֆինանսներ» և «Տնտեսագիտություն» մասնագիտությունների 4-րդ կուրսի ուսանողներն այցելել են «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ՓԲԸ։