10.01.2022 | 
Կրթություն
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՀՀ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔ
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ՀՀ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ» ԽՈՐԱԳՐՈՎ ԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔ
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի սահմանադրական տնտեսագիտության գիտավերլուծական կենտրոնը սկսում է «ՀՀ անվտանգության հիմնախնդիրները» խորագրով գիտական դասախոսությունների շարք:

ԵՊՀ 6-րդ մասնաշենքի դահլիճում Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «ՀՀ անվտանգության հիմնախնդրի ձևակերպման սկզբունքները» խորագրով առաջին դասախոսությունը։

 

Գիտական դասախոսության հիմնական զեկուցողը ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Հայկ Սարգսյանն էր, որի կողմից զեկուցվող թեմայի շրջանակում քննարկվելիք թեզերն ու հարցերը վերաբերում էին անվտանգության կոորդինատների համակարգին, միջգիտակարգային բնույթին, «կարմիր գծեր» հասկացությանը, անվտանգության հիմնախնդրի ուսումնասիրվածության աստիճանին ու գոյություն ունեցող ցուցիչներին, անվտանգության մոդելավորման մեթոդաբանությանը, անվտանգության երաշխավորման ու գործարկման հայեցակարգային դրույթների վերաբերյալ առաջարկությունների մշակմանը և այլն։

 

 

«Այսօր ազգային անվտանգության հիմնախնդիրների շուրջ ծավալվող քննարկումներն առավել քան արդիական են: Տվյալ հարցերի վերաբերյալ քննարկումներ կազմակերպելը պահանջում է և՛ քաղաքացիական, և՛ գիտական քաջություն: Կարծում եմ, որ հիմնախնդիրը միջգիտակարգային բնույթ ունի, քանի որ ազգային անվտանգությունը շոշափում է բոլոր ոլորտները: Այդ իսկ պատճառով այսօրինակ սեմինարները համախմբում են տարբեր ոլորտների փորձագետների, որոնք փորձելու են բարձրացնել մի շարք մոդուլային խնդիրներ»,- ողջույնի խոսքում նշեց Հայկ Սարգսյանը և հավելեց, որ նմանաբնույթ դասախոսությունները շարունակական բնույթ են կրելու:

 

Բանախոսն ասաց նաև, որ գիտական բանավեճերի միջոցով հնարավոր է դրական արդյունք ունենալ․ «Այսօրվա զեկուցման առանցքը լինելու է պաշտպանական և դիվանագիտական անվտանգությունը, քանի որ մոդելավորման հարցն առաջնային է մեզ համար»:

 

Զեկուցումից հետո դեկանը պատասխանեց միջոցառման մասնակիցների հարցերին, այնուհետև մասնակիցների միջև քննարկում ծավալվեց:

 

Հավելենք, որ դասախոսությանը մասնակցում էին Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ոլորտի փորձագետներ, ուսանողներ, հրավիրված հյուրեր:

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ԱՄՓՈՓՎԵՑԻՆ «ՄԱՆՐԷՆԵՐԻ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՆՈՐԱՐԱՐ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ» ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Հաղթող ճանաչված թիմերն ստացան դրամական պարգևներ, իսկ մյուս թիմերին ժյուրին առաջարկեց շարունակել զարգացնել ներկայացված գաղափարները, քանի որ դրանք չափազանց արդիական են և կարող են նպաստել կենսաբանության, հատկապես մանրէաբանության ոլորտի առաջընթացին։
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՆԵՐԸ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՍՏԵՂԾՈՒՄ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
«Մեդիա և տեղեկատվական իրավունք» մագիստրոսական ծրագրի շրջանակում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ այցելեց «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային ծրագրի տնօրենի տեղակալ Մաթիաս Հեսպեն՝ հետագա համագործակցությունների հեռանկարները, ինչպես նաև վերոնշյալ կրթական ծրագրի ուսանողներից երկուսին կրթաթոշակ տրամադրելու հարցը քննարկելու։