01.12.2016 | 
Հասարակություն
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ
ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ
Նոյեմբերի 30-ին ԵՊՀ Ե. Չարենցի անվան դահլիճում տեղի ունեցավ «Զարթուցիչ ինտենսիվ» խորագրով սեմինար-դասընթաց:

Միջոցառումը նախաձեռնել էր ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը «Առաքելյան ընդ փարթներս քոնսալթինգ» ընկերության հետ համագործակցության շրջանակում: Բանախոսը սեմինարավար, «Զարթուցիչ» նախաձեռնության հեղինակ Գրիգոր Առաքելյանն էր:

 

Սեմինար-դասընթացին մասնակցում էին ոչ միայն ԵՊՀ, այլև տարբեր բուհերի ուսանողներ: Մասնակիցներին ողջունեց ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանը: Վերջինս կարևորեց այս ձևաչափով անցկացվող միջոցառումների դերն ու նշանակությունը, որը, ըստ նրա, հարյուրավոր երիտասարդների հնարավորություն է տալիս աշխատանքի ընդունվելուց առաջ կամ ընթացքում հստակ պատկերացում կազմելու այս կամ այն խնդրի, հաճախ հանդիպող խոչընդոտների մասին:

 

Ընդհանուր առմամբ՝ Գրիգոր Առաքելյանի դասախոսությունը թրեյնինգ էր կյանքի համար և կյանքի մասին: Նա բազմաթիվ օրինակներով սեմինար-դասընթացի մասնակիցներին ներկայացրեց, թե որոնք են հաջողության հասնելու առաջնային կանոնները, դրանց հասնելու գրավականները և այլն: Մինչ այդ ամենին անդրադառնալը նա նախ վերլուծեց ենթագիտակցություն ասվածը, որը, նրա կարծիքով, կարող է լինել առաջնային խնդիրներից մեկը հաջողության հասնելու կամ չհասնելու հարցում:

 

Պարոն Առաքելյանը չորս կարևոր գործոն է առաջադրում իրական հաջողությունը պայմանավորելու հարցում: Դրանք են առողջությունը, անձնական կյանքը, բիզնեսն ու ընկերները: Բանախոսը կարծում է, որ սրանցից որևէ մեկի բացակայության դեպքում անհնար կլինի մտածել լիարժեք հաջողության ձգտելու համար. «Ինձ շատ են հարցնում՝ հնարավո՞ր է կարճ ժամանակում մեծ հաջողության հասնել: Թվում է՝ անհնար է, բայց ես այդ կարծիքին չեմ, որովհետև կա իրականություն, իսկ այն փաստում է, որ ցանկության և հնարավորությունների դեպքում ամեն բան հնարավոր է»:

 

Հայտնի «Զարթուցիչ» նախաձեռնության հեղինակը մասնակիցներին ներկայացրեց մեկ տասնյակի հասնող հարցեր, որոնք մշտապես տանջում են աշխատանք փնտրողներին, բիզնես ստեղծողներին և այլն: Օրինակ՝ ինչպե՞ս է անհաջողությունը հետևում մյուս անհաջողությանը, ի՞նչ ասել է «բախտը բերեց», ո՞ր քայլերն են ունենում հետևանք, որո՞նք են անիմաստ քայլեր և այլն: Բանախոսը վերլուծեց այս և մի շարք այլ հարցեր, խոսեց դրանց հիմնականում բացասական կողմերի, ինչպես նաև բխող հետևանքների մասին:

 

Վերջում Գրիգոր Առաքելյանը պատասխանեց ներկաների հարցերին, ծավալվեց նաև քննարկում:

Այլ նորություններ
ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՈՒ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԻ ԺԱՌԱՆԳՆԵՐԻՆ
Այսօր ԵՊՀ-ում տեղի ունեցավ հանդիպում Հայաստանի առաջին Հանրապետության մեծերի ու նվիրյալների թոռների ու ծոռների հետ։
ԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՆԱՄԱԿԱՆԻՆ
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Արամ Մանուկյան նամականի (1904-1915)» գրքի շնորհանդեսը: