16.07.2021 | 
Հասարակություն
«ՆՅՈՒՐՆԲԵՐԳՅԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ». ԻՐԱՎԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՌՑԱՆՑ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ Է ՀԱՆԴԵՍ ԵԿԵԼ ԴՈԿՏՈՐ ՔՐԻՍՏՈՖ ԶԱՖԵՌԼԻՆԳԸ
«ՆՅՈՒՐՆԲԵՐԳՅԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ». ԻՐԱՎԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՌՑԱՆՑ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ Է ՀԱՆԴԵՍ ԵԿԵԼ ԴՈԿՏՈՐ ՔՐԻՍՏՈՖ ԶԱՖԵՌԼԻՆԳԸ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ «Նյուրնբերգյան դատավարություններ» խորագրով առցանց դասախոսությամբ է հանդես եկել Ֆրիդրիխ-Ալեքսանդր էռլանգեն-Նյուրնբերգի համալսարանի պրոֆեսոր, քրեական իրավունքի ու դատավարության և միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ, դոկտոր Քրիստոֆ Զաֆեռլինգը։

«Միջազգային քրեական իրավունք» դասընթացի շրջանակում իրականացված հերթական սեմինարի ընթացքում բանախոսը ներկայացրել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո տեղի ունեցած նյուրնբերգյան դատավարությունները:

 

Դոկտոր Քրիստոֆ Զաֆեռլինգը նախևառաջ անդրադարձել է այդ դատավարություններից առաջինին և ամենահայտնիին, որը Նորման Բրիկետի կողմից նկարագրվել է որպես «պատմության մեծագույն դատավարություն»:

 

Դասախոսության ընթացքում բանախոսը ներկայացրել է առանցքային մի շարք հարցադրումներ՝ կապված 1945 թ. նոյեմբերի 25-ից մինչև 1946 թ. հոկտեմբերի 1-ն  ընթացած դատավարության հետ՝ նշելով դրա առջև դրված խնդրի բուն էությունը. իրականացնել Երրորդ Ռայխի 24 ամենակարևոր քաղաքական և ռազմական դեմքերի դատական վարույթները։

 

Քրիստոֆ Զաֆեռլինգը խոսել է նաև դատավարությունների երկրորդ փուլի մասին, որն անցկացվել է ԱՄՆ-ում։ Պրոֆեսորը նշել է, որ դատական գործընթացների արդյունքում ձևավորված պրակտիկան հետագայում լայն կիրառություն է ստացել մասնավորապես ԱՄՆ-ի կողմից պատերազմական, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, ագրեսիվ պատերազմի վերաբերյալ իրավասության զարգացման համար: Նրա խոսքով, դատավարությունների երկրորդ փուլը բավականին մեծ ազդեցություն է ունեցել նաև Միջազգային հանցագործությունների դատարանի ստեղծման գործում։

 

Դասախոսության ընթացքում Ֆրիդրիխ-Ալեքսանդր էռլանգեն-Նյուրնբերգի համալսարանի պրոֆեսորը ներկայացրել է նյուրնբերգյան դատավարությունների զարգացման ճանապարհը՝ փաստելով, որ զարգացումը դրսևորվել էր անպատժելիության վերացմամբ, նյութական ու դատավարական նորմերի ամրագրմամբ, դրանց կիրառման պրակտիկայի ձևավորմամբ և զարգացմամբ:

 

Նա անդրադարձել է միջազգային քրեական իրավունքին, ինչպես նաև դրա հնարավոր զարգացումներին՝ ընդգծելով կառուցվածքային, համագործակցային և օրինականության խնդիրները:

 

Պրոֆեսորը հանգամանալից վերլուծության է ենթարկել Միջազգային ռազմական տրիբունալի կանոնադրության 6-րդ հոդվածը՝ մասնավորապես քննարկման առարկա դարձնելով խաղաղության, պատերազմի թեմաները, մարդկության դեմ ուղղված հանցագործությունները:

 

Հանդիպման մասնակիցները պրոֆեսորին ներկայացրել են իրենց հուզող հարցերը և ստացել սպառիչ պատասխաններ:

 

Մեզ հետ զրույցում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Գևորգ Բարսեղյանն իր շնորհակալությունը հայտնեց պրոֆեսոր Քրիստոֆ Զաֆեռլինգին՝ համեմատական ու համապարփակ վերլուծությամբ նյուրնբերգյան դատավարությունների զարգացման պատմությունը ներկայացնելու համար՝ հույս հայտնելով, որ համագործակցությունը շարունակական բնույթ կկրի:

 

 

Քնար Միսակյան

Այլ նորություններ
ԵՊՀ-Ն 6-ՐԴ ՏԱՐԻՆ ԱՆԸՆԴՄԵՋ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ Է ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ՊԱՅՔԱՐՈՒՄ՝ ԱՅՍ ՏԱՐԻ ԴԱՏԱԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂԻ ԿՈՉՈՒՄԸ ԿԻՍԵԼՈՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԵՏ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) համատեղ նախաձեռնությամբ իրականացվող քրեական իրավունքի և քրեական դատավարության հիմնախնդիրներին նվիրված միջբուհական դատախաղի եզրափակչում ԵՊՀ-ի և Հայաստանում Ֆրանսիական համալսարանների թիմերը ճանաչվել են հաղթողներ։
ԵՊՀ-Ն ԲԱՐԵԼԱՎԵԼ Է ԻՐ ԴԻՐՔԵՐՆ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԲՈՒՀԵՐԻ ՎԱՐԿԱՆԻՇԱՎՈՐՄԱՆ «U-MULTIRANK» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
«U-Multirank»-ը հրապարակել է աշխարհի լավագույն բուհերի վարկանիշային 2021 թվականի ցուցակը, ըստ որի՝ ԵՊՀ-ն տարածաշրջանային 417 բուհերի շարքում բարելավել է իր դիրքերը։