30.04.2019 | 
Կրթություն
«ՊԵՏՔ Է ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆԵԼ՝ ՆՈՐ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՀԱՄԱՐ». ԵՊՀ ԴՈՑԵՆՏ ՆԱԻՐԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ
«ՊԵՏՔ Է ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆԵԼ՝ ՆՈՐ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՀԱՄԱՐ». ԵՊՀ ԴՈՑԵՆՏ ՆԱԻՐԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում այսօր մեկնարկեց «Հայ ինքնության հարցեր» գիտական սեմինարների շարքը՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Նշենք, որ սեմինարների շարքը կազմակերպվել է Անգլիալեզու հակահայկական քարոզչական դիսկուրսի հետազոտությունների լաբորատորիայի նախաձեռնությամբ:

 

Մեզ հետ զրույցում Անգլիական բանասիրության ամբիոնի վարիչ, բ. գ. դ., պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Սեդա Գասպարյանը նշեց, որ առաջիկայում սեմինարներ են կազմակերպվելու նաև հետևյալ թեմաներով՝ «Հերոսական հայ կնոջ կերպարը հայոց պատմության էջերում», «Բրիտանական կառավարության Բաքստոնների հաշվետվությունը հայ ինքնության մասին», «Քեմալ Յալսինի ուսումնասիրությունները լռեցված հայկական հիշողությունների մասին»:

 

«Հայ ինքնության լոուրենսյան մեկնությունը ցեղասպանության ռումելյան տեսության համատեքստում» թեմայով գիտական սեմինարն այսօր վարում էր ԵՊՀ անգլիական բանասիրության ամբիոնի դոցենտ, բ. գ. թ. Նաիրա Գասպարյանը:

Մեզ հետ զրույցում ԵՊՀ դոցենտը նշեց, որ կատարել է լեզվաբանական հետազոտություններ և ուսումնասիրել է Հայոց ցեղասպանության մասին միսիոներների կողմից տարբեր թվականներին գրված փաստերը:

 

Նաիրա Գասպարյանը նշեց, որ հայագիտության բնագավառում լեզվաբանական և լեզվամշակութային ուսումնասիրությունների ընթացքում կատարվել են որոշակի բացահայտումներ, որոնց օգնում է ցեղասպանության ռումելյան տեսությունը: «1990-ականներից սկսած զարգացում ապրած ցեղասպանության ռումելյան տեսության համատեքստում, երբ մենք դիտարկում ենք այն ամենը, ինչ տեղի է ունեցել հայ ազգի հետ, շատ հարցեր ավելի պարզ են դառնում»,- ասաց նա:

 

Նրա խոսքով, իրենց՝ լեզվաբանների նպատակն է ուսումնասիրել Հայոց ցեղասպանության մասին հսկայական փաստաթղթերի քանակը, որն այսօր առկա է և՛ արխիվներում, և՛ համացանցում. «Մեր պարտականությունն է ուսումնասիրել առկա փաստաթղթերը և երևան հանել այն ամենը, ինչն անորոշության մեջ է»:

 

«Հայոց ցեղասպանության մասին անգլերենով և գերմաներենով հսկայական նյութեր կան և դրանք ուսումնասիրելու այնպիսի լայն հնարավորություններ, որ ափսոս կլինի չուսումնասիրելը: Մենք պետք է կարողանանք խորապես ուսումնասիրել և հասկանալ այն, ինչ տեղի է ունեցել մեզ հետ, որպեսզի կարողանանք կանխարգելել  նոր ցեղասպանությունները»,- ասաց նա և հավելեց, որ, ի վերջո, երբ վերլուծում են հետազոտությունները, պարզում են, որ հայերին առաջին հերթին փորձել են բնաջնջել՝ միայն ելնելով նրանից, որ նրանք հայ են, իսկ հայերի տեղահանությունն էլ կազմակերպվել է, որպեսզի կարողանան տեր կանգնել հայերի ունեցվածքին:

 

Նաիրա Գասպարյանի խոսքով, որպես դասախոս՝ իր պարտականությունն է ուսանողներին ներկայացնել, որ Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել ոչ թե Օսմանյան Թուրքիայում, այլ Հայաստանում:

 

«Ես իմ ուսումնասիրությունների ընթացքում նաև ներկայացնում եմ օտարերկրացիների բազմաթիվ վկայություններն այն մասին, թե ինչպես են հայերը պայքարել, սակայն ցեղասպանվել: Մեր երիտասարդությունը պետք է հասկանա, որ հայը վախկոտ ազգ չէ և պայքարել է Հայոց ցեղասպանության ժամանակ»,- հավելեց նա և նշեց, որ այսօր մենք դուրս ենք եկել զոհի կարգավիճակից, քանի որ պետք է առաջ գնալ և պետք է ամեն ինչ անել՝ նոր ցեղասպանությունները կանխելու համար:

 

Նադեժդա Տեր-Աբրահամյան

 

  

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԻԻՀ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՀԱՅԱԶԳԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՊԱՐՍԿԵՐԵՆ ՄԵՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ
ԵՊՀ արևելագիտություն ֆակուլտետի իրանագիտության ամբիոնում այսօր տեղի են ունեցել ԻԻՀ խորհրդարանի հայազգի պատգամավոր, պատմագիտության դոկտոր Կարեն Խանլարյանի «Հայաստանի աշխարհագրության սահմանումը ըստ իսլամական աղբյուրների» պարսկերեն մենագրության շնորհանդեսը և հեղինակի հետ հանդիպումը։
ՍԱՀՄԱՆՎԵԼ Է ԵՊՀ 2019-2020 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՀԱՄԱՐ ՄԻՋԻՆ ՈՐԱԿԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ (ՄՈԳ) ՇԵՄԸ
ԵՊՀ-ում 2019-2020 ուսումնական տարվա համար միջին որակական գնահատականի (ՄՈԳ) շեմը բակալավրիատում սահմանվել է 11.00-ն, իսկ մագիստրատուրայում՝ 15.00-ն: