30.03.2017 | 
Քաղաքականություն
ԵՊՀ ՈՐՈՇ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԿԱՏԱՐՎԵԼ
ԵՊՀ ՈՐՈՇ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԿԱՏԱՐՎԵԼ
Այսօր անցկացվեց ԵՊՀ գիտխորհրդի հերթական նիստը՝ օրակարգային 9 և ընթացիկ հարցերով:

Նախքան նիստի օրակարգին անցնելը ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը գիտխորհրդի անդամների և ռեկտորատի անունից շնորհավորական խոսք հղեց ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանին՝ նրա 75-ամյա հոբելյանի կապակցությամբ, ապա նրան շնորհեց ԵՊՀ ոսկե մեդալ:

 

Օրակարգային առաջին հարցը ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ուսումնական բեռնվածության հաշվարկի նորմերի հաստատումն էր: Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը ներկայացրեց փաստաթուղթը, այն բոլոր առաջարկությունները, որոնք ներկայացրել էին ֆակուլտետները դրան ծանոթանալուց հետո: Քննարկումներից հետո դրանց մի մասը տեղ են գտել փաստաթղթում:

 

Այնուհետև գիտխորհուրդը հաստատեց ԵՊՀ մեթոդական խորհրդի և ԵՊՀ ֆակուլտետի մեթոդական խորհրդի կանոնակարգերը, որոնք ենթարկվել են որոշ խմբագրումների: Փոփոխությունները հիմնականում վերաբերում են խորհուրդների կազմերին և դրանց առջև դրված խնդիրներին:

 

Նոր խմբագրմամբ հաստատվեցին նաև ԵՊՀ գիտխորհրդի և ԵՊՀ ֆակուլտետի որակի ապահովման մշտական հանձնաժողովի աշխատակարգերը: Նշենք, որ բոլոր 4 փաստաթղթերն էլ քննարկվել են գիտխորհրդի կանոնակարգային հանձնաժողովում:

 

Նիստի ընթացքում գիտխորհրդի հաստատմանը ներկայացվեցին նաև ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի և ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի կանոնադրությունները:

 

 

Ընթացիկ հարցերի շրջանակում հրատարակության երաշխավորվեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ, թյուրքագիտության ամբիոնի դոցենտ Ռուբեն Մելքոնյանի «Թուրք գրականության պատմություն (20-րդ դարի 20-ական թվականներ-21-րդ դարի սկիզբ)» վերնագրով աշխատությունը: Առաջիկայում ԵՊՀ գիտխորհուրդը կդիմի ՀՀ կրթության և գիտության նախարարությանը՝ գիրքը որպես բուհական դասագիրք հաստատելու միջնորդությամբ:

 

Այս անգամ ևս գիտխորհրդի նիստը եզրափակվեց գիտական զեկուցմամբ: «Թուրքիայում 2016 թ.-ի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի ներքին և արտաքին քաղաքական հետևանքները և թուրքական բանակը. միտումներ ու հեռանկարներ» թեմայով զեկուցումը ներկայացրեց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի ասիստենտ Լևոն Հովսեփյանը:

 

Բանախոսը նախ հակիրճ ներկայացրեց հեղաշրջման փորձի առանձնահատկությունները, ներգրավված ուժերը, ձախողման պատճառները, դրան հաջորդած շրջանի հաշվեհարդարն ու ճնշումները: Ըստ նրա ներկայացրած տվյալների՝ այդ օրերին պաշտոնից հեռացվել է 135.000 մարդ, ձերբակալվածների թիվը 95.000 է, կալանավորվածներինը՝ 47.000, ակադեմիական ոլորտից հեռացվել է 7300 հոգի, իսկ դատական համակարգից՝ 4200: Փակվել են 2100 դպրոցներ, համալսարաններ և ուսանողական կացարաններ, դադարեցվել է 160 ԶԼՄ-ի գործունեություն, և ձերբակալվել է 160 լրագրող: Կալանավորված զինվորականներից 168-ը գեներալներ են (բարձրագույն հրամանատարական կազմի 45%-ը):

 

Որպես այդ ամենի հետևանք՝ պարոն Հովսեփյանը առանձնացրեց մի քանի կետ. նախ Էրդողանի վարչակարգը սահմանեց հասարակական-քաղաքական դաշտի տոտալ վերահսկողություն, հասարակության մեջ սկսեցին միֆեր ստեղծել, ապա եկավ Էրդողանի կերպարի վերաարժևորման փուլը, վերաձևվեց կառավարման համակարգը, որոնց արդյունքում էլ Թուրքիայում ամրապնդվեց բռնապետությունը:

 

Զեկուցմանը հաջորդեցին գիտխորհրդի անդամների հարցերը, որոնք վերաբերում էին ինչպես Թուրքիայի ներքին իրավիճակին, այնպես էլ արտաքին քաղաքականությանն ու այդ ամենի՝ Հայաստանի վրա ունեցած ազդեցությանը:

 

Նիստի ավարտին հրապարակվեցին նաև գիտական կոչումների շնորհման քվեարկության արդյունքները, ըստ որոնց՝ 4 հոգի ստացան պրոֆեսորի, 11-ը՝ դոցենտի գիտական կոչումներ:

Այլ նորություններ
«PICASA». ԲՈՒՀԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ ԴԵՊԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՐԹԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔ
Արևելյան գործընկերության երկրների բուհերը դեպի միջազգայնացում տանող «PICASA» նախագիծն ամփոփում է արդյունքները:
ՄԱՐԵԿ ՄԻԽԱԼԱԿ. «ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀՆԱՐԱԾ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ ՉԵՆ»
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողներն այսօր հյուրընկալել էին Լեհաստանի երեխաների իրավունքների պաշտպան Մարեկ Միխալակին: