03.05.2018 | 
Քաղաքականություն
ԴԵԿԱՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏՎԵՑԻՆ. ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԵՊՀ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
ԴԵԿԱՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏՎԵՑԻՆ. ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԵՊՀ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ գիտխորհրդի հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված էին 7 և ընթացիկ մի քանի հարցեր:

Օրակարգային առաջին երկու հարցերը վերաբերում էին մի շարք համալսարանականների դոցենտի գիտական կոչումների շնորհմանը, ինչպես նաև վերջերս կայացած դեկանների ընտրության վերաբերյալ ֆակուլտետային գիտական խորհուրդների ընդունած որոշմանը, որոնք հաստատվեցին փակ քվեարկության միջոցով:

 

ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի դեկան, գիտխորհրդի որակի ապահովման մշտական հանձնաժողովի նախագահ Էմիլ Գևորգյանը ներկայացրեց Որակի ապահովման կենտրոնի կողմից իրականացրած բակալավրիատի 53 վերամշակված և երկու նոր կրթական ծրագրերը:

 

Պետհամալսարանի գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գևորգյանն էլ գործընկերներին առաջարկեց 2018-2019 ուստարվա բակալավրիատի, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և հայցորդների ուսման վարձավճարի չափը թողնել անփոփոխ՝ բացառությամբ Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի կողմից մշակված «Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն» մագիստրոսական նոր ծրագրի, որի վարձավճարը կսահմանվի 1 միլիոն դրամ:

 

«Առաջարկվող մասնագիտությունը բավականին ակտուալ է և պահանջված: Այո՛, վարձավճարի չափը բարձր է, սակայն այլ բուհում գործող նմանատիպ ծրագրի հետ համեմատած՝ մատչելի: Ամեն դեպքում, ծրագիրը փորձնական է, որում ներգրավված կլինեն նաև հրավիրյալ դասախոսներ»,- ասաց պրոռեկտորը:

 

ԵՊՀ ուսումնամեթոդական վարչության պետ Հրանտ Ժամհարյանը գործընկերների հաստատմանը ներկայացրեց Երևանի պետական համալսարանի ուսանողների պրակտիկայի կազմակերպման և անցկացման կարգը, որի շուրջ ակտիվ քննարկում ծավալվեց:

 

Բուհի ղեկավարությունն ու ուսանողների ներկայացուցիչներն ընդգծեցին, որ ուսումնական, մանկավարժական և մասնագիտական պրակտիկաների ճիշտ կազմակերպումն ու անցկացումը մեծ նշանակություն ունի ուսանողների հետագա գործունեության համար:

Ներքին կարգապահական կանոններում փոփոխություն կատարելուն անդրադարձավ ԵՊՀ անձնակազմի կառավարման և իրավական ապահովման վարչության պետ Արմեն Թադևոսյանը:

 

Բանախոսը մասնավորապես խոսեց աշխատաժամանակի հետ կապված փոփոխությանը՝ նշելով, որ ԵՊՀ-ում բոլորի համար աշխատաժամանակը սահմանված է 40 ժամ. «ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն՝ աշխատողի շաբաթական բեռնվածությունը չպետք է գերազանցի 48 ժամը, սակայն 1.5 դրույքով աշխատողի պարագայում շաբաթական աշխատաժամանակը ստացվում է շաբաթական 60 ժամ, ինչը հակասում է օրենքին: Ուստի առաջարկում ենք գիտամանկավարժական և գիտական համակազմի աշխատողի շաբաթական  ժամաքանակը նվազեցնել 32-ի, իսկ մյուսների դեպքում թողնել անփոփոխ: Այս դեպքում 1.5 դրույքով աշխատողի շաբաթական ժամաքանակը կկազմի 48 ժամ»:

 

Օրակարգային բոլոր հարցերին էլ հաստատվեցին գիտխորհրդի անդամների կողմից:

 

 

ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոնի 2016-2017 ուստարվա գործունեության մասին զեկուցեց կենտրոնի տնօրեն Դավիթ Գևորգյանը, ով ներկայացրեց կենտրոնի հիմնական ուղղությունները, աշխատակազմը, իրականացված ծրագրերը, պատասխանեց նաև գործընկերների հարցերին:

 

Դեկան Ալեքսան Բաղդասարյանն ընդգծեց, որ կենտրոնը ոչ միայն ուսումնագիտական գործունեություն է իրականացնում, այլև հոգեբանական աջակցություն ու խորհրդատվություն տրամադրում հասարակության լայն շերտերին: Գիտխորհրդի անդամները դրական գնահատական տվեցին կենտրոնի գործունեությունը:

 

Ընթացիկ հարցերի շրջանակում հաստատվեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վ. Ոսկանյանի և նույն ամբիոնի դոցենտ Հ. Կիրակոսյանի հեղինակած «Պարսկերեն հասարակական-քաղաքական և դիվանագիտական տեքստերի թարգմանության հիմունքներ» աշխատանքը հրատարակության երաշխավորելու և այն որպես բուհական դասագիրք հաստատելու հարցում ՀՀ ԿԳ նախարարություն միջնորդելու հարցը:

 

Հաստատվեց նաև ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի կիրառական հանրահաշվի և երկրաչափության ամբիոնի դոցենտներ Վ. Փիլիպոսյանի և Հ. Օհնիկյանի «Վերլուծական երկրաչափություն աշխատանքը հրատարակության երաշխավորելու և այն որպես բուհական դասագիրք հաստատելու հարցում ՀՀ ԿԳ նախարարություն միջնորդելու հարցը:

 

Այնուհետև քննարկվեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի ուսանող Վանատուր Շերենցի թեկնածությունը ՈՒԳԸ նախագահի պաշտոնում, որը նույնպես հավանության արժանացավ գիտխորհրդի անդամների կողմից:

 

Նիստի ավարտին ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանը բարձրաձայնեց երկրում տիրող քաղաքական գործընթացներին ուսանողների մասնակցության արդյունքում գրանցված բացակայությունների և ընթացիկ քննություններին չներկայանալու հարցերը:

 

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը նշեց, որ բոլոր բացակայությունները հարգելի են համարվելու, իսկ քննությունների համար հատուկ ժամկետներ կսահմանվեն:

 

«Իհարկե, ուսանողի առաջնահերթ պարտականությունն է չբացակայել դասընթացներից, սակայն, հաշվի առնելով երկրում տիրող դրությունը, կարծում եմ՝ ուսանողներն իրավունք ունեին և պետք է մասնակցեին այդ շարժմանը»,- ամփոփեց Ա. Սիմոնյանը:

 

Այլ նորություններ
ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԿԻՊՐՈՍԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐՆ ՈՒՍՈՒՄՆԱԳԻՏԱԿԱՆ ՆՈՐ ԾՐԱԳՐԵՐ ԿԻՐԱԿԱՆԱՑՆԵՆ
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հյուրընկալեց Կիպրոսի համալսարանի ռեկտոր Կոստանդինոս Խրիստոֆիդեսին:
ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ՝ ՎՐԱՑ-ՕՍԱԿԱՆ ԵՎ ՎՐԱՑ-ԱԲԽԱԶԱԿԱՆ ԿՈՆՖԼԻԿՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Այսօր ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում ուսանողների համար «Մերօրյա հակամարտություններ. վրաց-օսական և վրաց-աբխազական կոնֆլիկտներ» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի «Տարածաշրջանային քաղաքականություն» մագիստրոսական ծրագրի շրջանավարտ Լենա Զաքարյանը: