20.02.2020 | 
Հասարակություն
ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ ՏԵՂԻ ՉՈՒՆԵՑԱՎ. ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԿԵՍԻՑ ԱՎԵԼԻՆ ՆԵՐԿԱ ՉԷՐ
ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ ՏԵՂԻ ՉՈՒՆԵՑԱՎ. ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԿԵՍԻՑ ԱՎԵԼԻՆ ՆԵՐԿԱ ՉԷՐ
Այսօր հրավիրված Հոգաբարձուների խորհրդի նիստը տեղի չի ունեցել, քանի որ քվորում ապահովված չէր:

Տեղեկացնենք, որ նիստի առաջարկվող օրակարգում ներառված էին 2018-19 ուստարում «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի գործունեության հիմնական ուղղություններով կատարված աշխատանքների վերաբերյալ ռեկտորի հաշվետվության ներկայացում և 2016-2020 թթ. «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի զարգացման ռազմավարական ծրագրով 2018-19 ուստարում նախատեսված աշխատանքների կատարողականի հաստատում:

 

Բացի դրանից՝ առաջարկվող օրակարգում ներառված էր նաև «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի՝ 2019 թ. (հունվար-դեկտեմբեր) եկամուտների և ծախսերի կատարողականի մասին հաղորդում:

 

Հիշեցնենք, որ ըստ  «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրության՝ Հոգաբարձուների խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին։

 

 

ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանն ասաց, որ ուսանող անդամների բացակայությունը բողոքի նշան է՝ ուղղված  «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծով կառավարման խորհրդի կազմում ուսանող անդամների թվի կրճատմանը:

 

«Ես ֆիզիկապես այստեղ եմ, բայց չեմ ստորագրել՝ չհաստատելով ներկայությունս: Մենք ցանկանում ենք կառավարության ուշադրությունը կրկին հրավիրել այն հանգամանքի վրա, որ ուսանողների մասնակցությունը բուհի կառավարմանը շատ կարևոր է, և նրանց թվի կտրուկ կրճատումն ուղիղ հարված է հասցնում բուհի ինքնավարությանը»,- ասաց Դավիթ Ափոյանը և փաստեց, որ առաջիկայում այլ քայլեր կիրականացնեն՝ ի նշան բողոքի:

 

Դավիթ Ափոյանը շեշտեց, որ ուսանողների բողոքն ուղղված չէ կոնկրետ անձի դեմ և ներողություն խնդրեց նիստին ներկա անդամներից:

 

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանն իր կարծիքը հայտնեց բողոքի վերաբերյալ՝ այն համարելով անարդյունավետ, և նիստը համարեց փակված:

 

Քնար Միսակյան

 


Այլ նորություններ
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԳՐԱԴԱՐԱՆԸ ՀԱՄԱԼՐՎԵԼ Է ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՆՈՐ ԳՐՔԵՐՈՎ
Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) Իրավագիտության ֆակուլտետին է նվիրել հայտնի հրատարակչությունների 160 անուն օտարալեզու գիրք:
 ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ՖԻԼՄԵՐԻ ԱՌՑԱՆՑ ԴԻՏՈՒՄ՝ ԵՊՀ ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆԻ ՎԱՐԻՉԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ
Երկրում արտակարգ դրություն հաստատելուց հետո ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի վարիչ Արտակ Մովսիսյանը պարբերաբար կազմակերպում է առցանց, բաց կինոդիտումներ՝ նպաստելով ոչ միայն իր ուսանողների, այլև ամբողջ հայության շրջանակում հայագիտության զարգացմանը: