01.07.2019 | 
Քաղաքականություն
ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄՆԵՐ ԵՎ ԸՆԹԱՑԻԿ ՀԱՐՑԵՐ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄՆԵՐ ԵՎ ԸՆԹԱՑԻԿ ՀԱՐՑԵՐ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
Հունիսի 28-ին տեղի է ունեցել «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի թիվ 12 նիստը՝ օրակարգային 4 հարցով:

Նիստի օրակարգային առաջին հարցը վերաբերում էր «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի 2019 թ. կառուցվածքում փոփոխություններ կատարելուն: Հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանը նշեց, որ դեռևս մայիսի 23-ին ԵՊՀ գիտխորհուրդը հաստատել է ԵՊՀ կառուցվածքում և հաստիքացուցակում փոփոխություններ կատարելու վերաբերյալ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդին միջնորդելու հարցը, որով առաջարկվում է կառուցվածքային մի շարք փոփոխություններ, որոնք առաջարկել էր ԵՊՀ-ում բարեփոխումների հանձնաժողովը:

Գիտխորհրդի կողմից հաստատված փոփոխությունների փաթեթով առաջարկվում է ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով ու գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտորների հաստիքների վերացում, ապա նրանց գործառույթների մեկտեղմամբ երկու նոր պրոռեկտորների հաստիքների ստեղծում՝ Հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր ու Բնական և ճշգրիտ մասնագիտությունների գծով պրոռեկտոր, որոնք կհամակարգեն իրենց ենթակայության տակ գտնվող ուղղությունների և՛ գիտական, և՛ կրթական գործունեությունը:

Առաջարկվում է նաև վերացնել ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտորի հաստիքը, քանի որ դրա ենթակայության ներքո այսօր գործող ստորաբաժանումներ չկան: Փոխարենը ստեղծել Արտաքին կապերի գծով պրոռեկտորի հաստիք, որը կհամակարգի միջազգային կապերը, արտասահմանյան դրամաշնորհները, հայաստանյան բուհերի, կազմակերպությունների հետ կապերը, ֆոնդահայթայթման գործառույթը:

Գեղամ Գևորգյանն ասաց, որ որոշումն ընդունվել է այն ժամանակ, երբ ինքը գիտխորհրդի անդամ չի եղել, և այսօր որպես ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար՝ առարկություններ ունի:
Մասնավորապես նա առաջարկում է, որ Արտաքին կապերի գծով պրոռեկտորի փոխարեն ստեղծվի Միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտորի հաստիք: Գեղամ Գևորգյանը նշեց, որ առաջարկվող փոփոխություններով նաև որոշ ստորաբաժանումներ, լինելով ռեկտորի և պրոռեկտորների ենթակայությունների ներքո, կտեղափոխվեն:

Կառուցվածքային փոփոխությունների քննարկման ժամանակ ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանն ասաց, որ համալսարանի դեմ բարձրացված դժգոհությունները պայմանավորված էին ոչ միայն անձերով, այլև աշխատանքի բովանդակության հետ: Նրա հավաստմամբ, կան համալսարանականներ, որոնք իրենց գործունեությամբ ավելի լավ են ապահովում համալսարանի «PR»-ը, քան վարչական ապարատը: Արթուր Աթանեսյանն առաջարկեց փոխել ստորաբաժանումների կենսաձևը, վերանայել դրանց աշխատանքները: Գևորգ Մուրադյանը՝ ի պատասխան փաստեց, որ այդ ուղղությամբ աշխատանքներ իրականացվում են:

ՈւԽ նախագահ Դավիթ Ափոյանը նշեց, որ կառուցվածքային փոփոխությունները գիտխորհրդի ժամանակ հաստատվել են ընդհանուր փաթեթով՝ առանց առանձին կետերի քննարկման և հաստատման: Նրա փոխանցմամբ, ստորաբաժանումների ղեկավարները տեղյակ չեն եղել փոփոխությունների մասին, և չեն արվել վերլուծություններ: Գևորգ Մուրադյանն ասաց, որ այս հարցն անցել է իրավական բոլոր ճանապարհներով և նոր միայն հասել Հոգաբարձուների խորհրդի հաստատմանը, և այսօր մարմինն իրավասու է որոշում կայացնել:

Հոգաբարձուների խորհուրդը որոշեց լուծարել ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով, միջազգային համագործակցության և գիտական քաղաքականության գծով, ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտորների հաստիքները և փոխարենը ստեղծել Հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների գծով, Բնական և ճշգրիտ մասնագիտությունների գծով և Միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտորների հաստիքներ:

Այնուհետև քվեարկության դրվեց Հաշվապահության վերակազմակերպման հարցը, որի հիմքի վրա կստեղծվեն Ֆինանսական վերլուծության և Հաշվապահական վարչություններ: Գևորգ Մուրադյանն ասաց, որ անձամբ ինքը կողմ է այս հարցի հաստատմանը, քանի որ փոփոխությունը միայն դրական արդյունքներ կգրանցի: Այս հարցը նույնպես հաստատվեց:

Կառուցվածքային փոփոխությունների շրջանակում քվեարկության դրվեց Գնումների և պահեստավորման վարչության վերակազմակերպման և առանձին երկու բաժինների ստեղծման հարցը, որը նույնպես հաստատվեց:

Հաջորդիվ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը հաստատեց Տեղեկատվական համակարգերի սպասարկման և զարգացման վարչությունը երկու բաժինների վերակազմակերպելու հարցը: Գևորգ Մուրադյանն ասաց, որ այսկերպ ավելի բարձր կլինի պատասխանատվությունը և արդյունավետությունը:

Անցնելով Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի ու Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի միացման հարցին՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանն ասաց, որ այս ընթացքում ուսումնասիրել է Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի գործառույթները և հանգել եզրակացության, որ դրանք իրականացնելու ստորաբաժանումներ արդեն իսկ կան: Նա առաջարկեց քվեարկության դնել նաև կենտրոնը լուծարելու հարցը:

Հարցի վերաբերյալ ծավալվեցին քննարկումներ, որոնց արդյունքում առաջարկվեց նաև օրակարգային հարցի այս կետի քննարկումը և հաստատումը տեղափոխել հաջորդ նիստին: Քվեարկության արդյունքում առաջարկությունը չանցավ: Չընդունվեցին նաև կենտրոնը լուծարելու կամ այն ու Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի միացման առաջարկությունները:

Գեղամ Գևորգյանն ասաց, որ կենտրոնն իրականում ստեղծվել է ՈւԽ նախագահներին աշխատատեղ ապահովելու նպատակով. «Սկզբում ստեղծվելով որպես բաժին, ապա ընդլայնվելով ու դառնալով կենտրոն՝ այն իր վրա է վերցրել տարբեր գործառույթներ՝ փաստելով, որ համապատասխան ստորաբաժանումները լավ չեն իրականացնում դրանք: Բայց դրանք կան և պետք է արդյունավետ դարձնել դրանց աշխատանքը: Բացի դրանից՝ ուսանողների հետ աշխատանք պետք է իրականացնեն բոլոր ստորաբաժանումները»:

Օրակարգային հաջորդ հարցով Հոգաբարձուների խորհուրդը քննարկեց «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի 2018 թ. եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշվի կատարողականի վերաբերյալ հաշվետվությունն ու տարեկան գործունեության վերաբերյալ ֆինանսական հաշվետվությունը հաստատելու հարցը, որը հաստատվեց միաձայն:

Գևորգ Մուրադյանն ասաց, որ ԵՊՀ-ում իրականացվում է ֆինանսական աուդիտ, որը ստուգում է, թե արդյոք ճիշտ են կատարվել ֆինանսական գործարքները. «Առաջարկում եմ այսուհետ իրականացնել նաև բովանդակային աուդիտ, որի արդյունքում մեզ կտրվի վերլուծություն ֆինանսական հոսքերի կառավարման արդյունավետության վերաբերյալ»: Նա փաստեց, որ իրականացված վերջին աուդիտի արդյունքները դրական են:

Անցնելով օրակարգային հաջորդ հարցին՝ Գեղամ Գևորգյանը ներկայացրեց «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի 2019 թ. բյուջեում փոփոխություններ կատարելու հարցը: Նա նշեց, որ դեռևս փետրվարին 2019 թ. բյուջեն հաստատվել է 672 մլն դեֆիցիտով և առաջարկեց վերաձևել այն. «Եկամտային մասն ավելանում է՝ ի հաշիվ դիմորդների սպասվող թվի ավելացման, պետության կողմից կրթության համար տրվող ֆինանսավորումը մեծացել է: Սպասվում է ավելացում Ծաղկաձորի «Համալսարան» ուսումնաարտադրական բազայի, մարզահամալիրի վճարովի ծառայությունների մուտքերից, հանրակացարանի շահագործման վճարներից և բանկերում եղած դեպոզիտներից: Բացի դրանից՝ կան ծախսերի նվազումներ»:

Նրա տեղեկացմամբ, արդյունքում բյուջեն կլինի պրոֆիցիտային, բայց և առաջարկեց այն նորից դարձնել դեֆիցատային՝ այլ պարտականություններ իրականացնելու համար: Մասնավորապես՝ հանրակացարանը բերել շահագործման տեսքի՝ ձեռք բերելով համապատասխան գույք: Բացի դրանից՝ համալսարանում ջրամատակարարման հարցը լուծելու համար առաջարկվում է ձեռք բերել ջրի նոր բաք:
Գեղամ Գևորգյանի փոխանցմամբ, առաջարկվում է լրացուցիչ և նորարար աշխատանքները խրախուսելու համար սահմանել լրավճարներ. «Մասնավորապես՝ սեպտեմբերի 1-ից որոշ դասընթացներ կկազմակերպվեն «Moodle» էլեկտրոնային ուսուցման համակարգով, և այն դասախոսները, որոնք կօգտագործեն այդ հարթակը, կստանան լրավճարներ»:

Բացի դրանից՝ առաջարկվում է ԵՊՀ հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ աշխատակիցներին պարգևատրել հիմնական աշխատավարձի 50 %-ի չափով: Օրակարգային այս հարցը նույնպես ընդունվեց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կողմից:

Նիստի օրակարգային վերջին հարցով էլ քննարկվեց «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հաշվեկշռում գտնվող ՀՀ Արագածոտնի մարզի Անտառամուտ գյուղի տարածքում առկա ԵՊՀ ուսումնաարտադրական բազայի օտարման հարցը, որի վերաբերյալ հնչեցին տարբեր կարծիքներ և առաջարկություններ: Ծավալված քննարկումից հետո որոշվեց օրակարգային այս հարցը հետաձգել:

 


Քնար Միսակյան

Այլ նորություններ
ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԻ ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
Օրակարգային երեք հարցով տեղի է ունեցել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստը, որն անցկացվել է հարցման կարգով:
ԵՊՀ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ Է. ԵՊՀ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԽԱԽՏՎԵԼ
ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի լուծարման հետ կապված այսօր հնչել է կարծիք, որ Հոգաբարձուների խորհրդի գումարվող նիստը խախտում է ԵՊՀ կանոնադրությունը՝ հակասելով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրության 49-րդ հոդվածի 2-րդ կետին։