24.11.2022 | 
Կրթություն
ԳԽ-Ն ՀԱՍՏԱՏԵԼ Է «ԵՊՀ ՍԹԵՄ ԴՊՐՈՑ» ՍՏԵՂԾԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԱԽԱԳԻԾԸ, ՈՐԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ ՀԽ ՀԱՍՏԱՏՄԱՆԸ․ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ
ԳԽ-Ն ՀԱՍՏԱՏԵԼ Է «ԵՊՀ ՍԹԵՄ ԴՊՐՈՑ» ՍՏԵՂԾԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԱԽԱԳԻԾԸ, ՈՐԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ ՀԽ ՀԱՍՏԱՏՄԱՆԸ․ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ
Օրակարգային 14 և ընթացիկ հարցերով այսօր տեղի է ունեցել ԵՊՀ ԳԽ նիստը, որի ժամանակ, ի թիվս տարբեր որոշումների, շնորհվել են դոցենտի գիտական կոչումներ, հաստատվել են կառուցվածքային տարբեր ստորաբաժանումների կանոնադրություններ ու ներկայացվել մի շարք գործընթացների արդյունքներ։ Բացի դրանից՝ ԳԽ-ն հաստատել է «ԵՊՀ ՍԹԵՄ դպրոց» ստորաբաժանում ստեղծելու վերաբերյալ նախագիծը ՀԽ հաստատմանը ներկայացնելու որոշումը։

Նախքան նիստի օրակարգի հաստատումը ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ այս տարի տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում կրթական մրցանակների են արժանացել ԵՊՀ 7 ուսանողներ։ Շնորհավորելով մրցանակների կապակցությամբ՝ ԵՊՀ ռեկտորը նվերներ հանձնեց և շնորհակալություն հայտնեց նրանց ԵՊՀ պատիվը բարձր պահելու համար։

 

 

Այնուհետև ԵՊՀ-ում հիսուն տարվա բազմավաստակ ու անբասիր գործունեության, ինչպես նաև համալսարանի ու գործի նկատմամբ ունեցած մեծ նվիրումի համար ԵՊՀ ոսկե մեդալով պարգևատրեց գիտքարտուղարության առաջատար մասնագետ Մարինա Մուրադյանին։

 

«Սիրելի՛ տիկին Մուրադյան, շնորհավորում եմ Ձեզ այս պարգևի կապակցությամբ, մաղթում եմ քաջառողջություն՝ նույն նվիրումով ու եռանդով շարունակելու Ձեր բեղմնավոր գործունեությունը»,- ասաց ԵՊՀ ռեկտորը։

 

 

Այնուհետև՝ նիստի օրակարգի հաստատումից հետո, ԵՊՀ գիտական խորհրդին կից մրցութային հանձնա­ժողովի նախագահ Պողոս Վարդևանյանը ԳԽ հաստատմանը ներկայացրեց դոցենտի գիտական կոչում շնորհելու 15 հայցերը՝ փաստելով, որ ներկայացված բոլոր փաստաթղթերը համապատասխանում են պահանջվող չափորոշիչներին և երաշխավորված են հանձնաժողովի կողմից։  

 

 

Հաջորդիվ Հ․ Հովհաննիսյանը ԵՊՀ գիտխորհրդի հաստատմանը ներկայացրեց դեկանների պաշտոնների ընտրության վերաբերյալ Արևելագիտության և Ռադիոֆիզիկայի ֆակուլտետների գիտական խորհուրդների ընդունած որոշումները, ըստ որոնց՝ ֆակուլտետներում դեկանների պաշտոններում վերընտրվել են նախկին դեկաններ Ռուբեն Մելքոնյանը և Խաչատուր Ներկարարյանը։

 

Ներկայացված որոշումները հաստատելու համար կազմվեց հաշվիչ հանձնաժողով, ապա հայտարարվեց փակ գաղտնի քվեարկություն։

Անցնելով օրակարգային հաջորդ հարցին՝ ԵՊՀ ռեկտորը ներկայացրեց «Երևանի պետական համալսարան» հիմնադրամում «ԵՊՀ ՍԹԵՄ դպրոց» կառուց­վածքային ստորաբաժանում ստեղծելու վերաբերյալ ԵՊՀ հոգաբար­ձուների խորհրդին առաջարկություն ներկայացնելու որոշման նախագիծը։

 

Հ․ Հովհաննիսյանի խոսքով՝ դպրոցն իրականացնելու է միջնակարգ հանրակրթական ծրագրի երրորդ աստիճանի կրթություն։ Նա փաստեց, որ արդեն իսկ բազմաթիվ աշատանքներ են տարվել այս ուղղությամբ։ ԵՊՀ ԳԽ-ն հավանություն տվեց ներկայացված նախագիծը ՀԽ հաստատմանը ներկայացնելու որոշմանը։

 

 

 

Օրակարգային հաջորդ հարցերի շրջանակում ԳԽ-ն հաստատեց ԵՊՀ հրատարակչության կառուցվածքային ստորաբաժանման կանոնադրությունն ու գրահրատարակչական քաղաքականությունը, ինչպես նաև ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի, Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի և գիտակազմակերպչական խորհրդի կանոնակարգերը։

 

Ի դեպ, Գիտակազմակերպչական խորհուրդը ռեկտորին կից խորհրդակցական մարմին է, որի գործունեությունն ուղղված է ԵՊՀ-ում տարվող գիտական ու գիտակազմակերպչական աշխատանքների պատշաճ իրականացմանը։

 

Այնուհետև Հ․ Հովհաննիսյանը ներկայացրեց ԵՊՀ գիտական խորհրդին կից մրցութային հանձնաժողովում տեղի ունեցած փոփոխության մասին հարցը, ըստ որի՝ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանողուհի Իրինա Վարդանյանն ավարտել է ուսումը, և նրա փոխարեն ՈՒԽ-ն առաջարկել է նույն ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանողուհի Վերգինե Դանիելյանի թեկնածությունը։ ԳԽ-ն հաստատեց առաջարկվող փոփոխությունը։

 

Հաջորդիվ ԵՊՀ ԳԽ որակի ապահովման մշտական հանձնաժողովի նախագահ Էմիլ Գևորգյանը գիտխորհրդի հաստատմանը ներկայացրեց Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի «Ռադիոֆիզիկա և համակարգչային տեխնոլոգիաներ» բակալավրի կրթական նոր ծրագիրը։ Նրա հավաստմամբ՝ ծրագիրն անցել է սահմանված ընթացակարգի բոլոր փուլերով և համապատասխանում է պահանջվող չափորոշիչներին։ ԳԽ-ն հավանության արժանացրեց ներկայացված կրթական ծրագիրը:

 

 

Անցնելով օրակարգային հաջորդ հարցին՝ ԵՊՀ ֆինանսական վերլուծությունների վարչության պետ Տիգրան Գալստյանը զեկուցեց 2022-2023 ուստարվա արդյունքներով ԵՊՀ ուսանողների փոխատեղման (ռոտացիա) մասին։ Նա ներկայացրեց 2022-2023 ուստարվա ուսանողական նպաստների հատկացման արդյունքները, փոխատեղման հետևանքով առաջացած թափուր տեղերը՝ ըստ ֆակուլտետների, փոխատեղման ընթացքում առաջացած հավասար ՄՈԳ ունեցող ուսանողների թիվը՝ ըստ ֆակուլտետների, փոխատեղման արդյունքում շեմային ՄՈԳ-ը՝ ըստ բակալավրիատի մասնագիտությունների և այլ տեղեկություններ։

 

 

Հաջորդ հարցի շրջանակում ԵՊՀ ուսումնամեթոդական վար­չութ­յան պետ Հրանտ Ժամհարյանը հաղորդեց 2022-2023 ուստարվա բակալավրիատի և մագիստրատուրայի ըն­դու­նելության արդյունքները՝ նշելով, որ ընդունված ուսանողների քանակով ԵՊՀ-ն պահպանել է առաջատարի իր դիրքը։

Նա տեղեկացրեց, որ 2022-2023 ուստարում առկա ուսուցման համակարգով ԵՊՀ բակալավրիատ է ընդունվել 2354 ուսանող, հեռակա ուսուցման համակարգով՝ 260 ուսանող։ Առկա ուսուցման համակարգով ԵՊՀ մագիստրատուրա է ընդունվել 658, իսկ հեռակա ուսուցման համակարգով՝ 115 ուսանող։

 

 

Այնուհետև Հ․ Ժամհարյանը ներկայացրեց 2022-2023 ուստարվա ամբիոնային բեռնվածությունները՝ փաստելով, որ այս տարի ուսումնական բեռնվածությունը, ըստ ժամերի, կազմել է 642.082 ժամ։

 

Ուսումնամեթոդական վարչության պետը ԳԽ-ին ներկայացրեց նաև ԵՊՀ-ում դասավանդման որակի և արդյունավետության վերա­բերյալ 2021-2022 ուստարվա ուսանողական հարցումների արդյունքները։

 

Օրակարգային վերջին հարցի շրջանակում էլ ԵՊՀ ՈՒԳԸ նախագահ Մերի Փանոսյանը զեկուցեց ԵՊՀ ՈՒԳԸ 2021-2022 ուստարվա գործունեության մասին՝ ասելով, որ հաշվետու ժամանակահատվածում ՈՒԳԸ-ն կազմակերպել է 576 միջոցառում, այդ թվում՝ 5 գիտաժողով, որոնցից մեկը՝ միջազգային՝ նվիրված ՀՀ անկախության 30-ամյակին։ Բացի դրանից, Մ․ Փանոսյանի տեղեկացմամբ, նշված ժամկետում տպագրվել է 54 հոդված։

 

 

Օրակարգային հարցերի սպառումից հետո անցնելով ընթացիկ հարցերին՝ ԳԽ-ն հաստատեց ԵՊՀ 2022-2023 ուստարվա առաջին կիսամյակի (այլ ֆինանսավորմամբ) անվանական կրթաթոշակի հավակնորդների վերաբերյալ Ֆարմացիայի ինստիտուտի գիտական խորհրդի ընդունած որոշումը։

ԳԽ-ն ԵՊՀ անգլիական բանասիրության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սեդա Գասպարյանի, դոցենտ Ալինա Պետրոսյանի «Domain-Specific English Insight into Health-Care Setting» և ԵՊՀ գերմանական բանասիրության ամբիոնի դասախոսներ Գայանե Մելտոնյանի, Քրիստինե Սողոմոնյանի, Նաիրա Դիվանյանի «Գերմաներեն A2-B1 մակարդակների համար» աշխատությունները երաշխավորեց հրատարակության և որոշեց դրանք համապատասխանաբար որպես ուսումնամեթոդական ձեռնարկ և դասագիրք հաստատելու համար միջնորդություն ներկայացնել ՀՀ ԿԳՄՍՆ-ին։

 

Այնուհետև ձևավորված հաշվիչ հանձնաժողովի նախագահ Արթուր Սահակյանը ներկայացրեց փակ գաղտնի քվեարկության արդյունքները, որոնց համաձայն՝ ԳԽ-ն հաստատել է ներկայացված բոլոր որոշումները։

 

 

Նիստի ավարտին ԵՊՀ իրավաբանական կլինիկայի տնօրեն Քնարիկ Վարդանյանը հանդես եկավ «Կլինիկական կրթությունը՝ որպես ակադեմիական կրթության և պրակտիկայի զուգակցման արդյունավետ եղանակ» թեմայով  զեկուցմամբ՝ ներկայացնելով ԵՊՀ իրավաբանական կլինիկայի գործունությունը:

 

 

Այնուհետև ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ Աննա Փոլադյանը խոսեց օրգանական թափոնների նախամշակման, մանրէային կենսազանգվածի, կենսաէներգիայի և արժեքավոր այլ նյութերի ստացման, ինչպես նաև կրթական ծրագրում հետազոտական բաղադրիչի ներմուծման արդյունավետ փորձի մասին։

 

Այլ նորություններ
«ԹՎԱՅԻՆ ՄԱՐՔԵԹԻՆԳԻ ԴԵՐԸ ԲԻԶՆԵՍՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՎԱՐՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՍ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում կառավարման և գործարարության ամբիոնի և «SSB Academy»-ի նախաձեռնությամբ անցկացվեց վարպետության դաս, որի հիմնական նպատակն էր ուսանողներին տալ պրակտիկ գիտելիք և հմտություններ:
ԿԱՅԱՑԵԼ Է «ՀԱՅԱՍՏԱՆԸ, ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԸ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԸ ԵՎՐԱՍԻԱՅՈՒՄ. ԱՆԴՐԱԶԳԱՅԻՆ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԵՐԿՐՈՐԴ ՆԻՍՏԸ
Ս․թ․ դեկտեմբերի 3-ին ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճի նախասրահում տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում ԵՊՀ-ի և Արիզոնայի պետական համալսարանների կազմակերպած և ԵՊՀ Ամերիկյան հետազոտությունների կենտրոնի գործունեության շրջանակում իրականացվող միջազգային գիտաժողովի շրջանակում։