13.05.2011 | 
Կրթություն, Հասարակություն
ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆՈՐ ՓՈՒԼՈՒՄ ԵՆ
ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ  ՆՈՐ ՓՈՒԼՈՒՄ ԵՆ
Երեկ ԵՊՀ-ում տեղի ունեցավ միջազգային սեմինար` նվիրված Եվրամիություն-Հայաստան հարաբերություններին:

«Եվրամիության դերը Հարավային Կովկասում. համագործակցությունից գործընկերություն բարեփոխումների միջոցով. մարտահրավերներ եւ հնարավորություններ» խորագրով սեմինարին մասնակցում էին Եվրամիության պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լյուցենբերգերը, Միացյալ ազգերի զարգացման ծրագրի գրասենյակի ներկայացուցիչ Դաֆինա Գերչեւան, Պորտուգալիայի Կոյիմբրա համալսարանի պրոֆեսորներ Մարի Ռաքել Ֆրիերը եւ Լիսինիա Սիմաոն:

 

Սեմինարի հայաստանյան մասնակիցներն էին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը, Կովկասյան ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը, Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ, քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը եւ ԵՊՀ դասախոս Նարեկ Գալստյանը: ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Արամ Սիմոնյանն իր խոսքում անդրադարձավ Երեւանի պետական համալսարանում վերջին տարիներին ընթացող այն գործընթացներին, որոնք նպաստում են Եվրամիության, Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների վերաբերյալ գիտելիքների տարածմանը հայ ուսանողների շրջանում: Հենց սրանով էլ պայմանավորված, ըստ Արամ Սիմոնյանի, ԵՊՀ-ում ստեղծվեցին Քաղաքակրթական եւ մշակութային հետազոտությունների ու Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնները:

 

«Առանց որոշակի գիտելիքների եւ ձեռքբերումերի` կրթական ու գիտահետազոտական բնագավառներում հազիվ թե հնարավոր լինի հաջողությունների հասնել Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում տեղի ունեցող գործընթացներում»,- նշեց Արամ Սիմոնյանը` հավելելով, որ ուսանողության շրջանում աճել է հետաքրքրությունը ընդհանրապես Եվրամիության եւ հատկապես Հայաստան-Եվրամիություն համագործակցության գործընթացների նկատմամբ: Հայաստանում Եվրամիության դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերը վստահեցրեց, որ Եվրամիությունն ամեն ինչ անում է, որ օգնի Հայաստանին ժողովրդավարացման եւ զարգացման հարցում, քանի որ դա բխում է նաեւ իրենց շահերից:

 

Այդպիսով Եվրամիությունը տարածաշրջանում ոչ միայն կհասնի դիրքերի ամրապնդման եւ կայունության, այլեւ ձեռք կբերի Հայաստանի նման հուսալի գործընկեր: Դեսպանը նաեւ նշեց, որ ինչպես ԵՄ-ն Հայաստանի, այնպես էլ Հայաստանը ԵՄ-ի համար ունի կարեւոր նշանակություն, քանի որ Հայաստանը կարող է հանդես գալ որպես Եվրամիության սահմաններից մեկը: Փոխարտգործնախարար Կարինե Ղազինյանն էլ հավաստիացրեց, որ Հայաստանը բարձր է գնահատում Եվրամիության օժանդակությունը ժամանակակից հասարակության կառուցման ճանապարհին: Ըստ նրա` կարեւոր է այն հանգամանքը, որ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները վերջին շրջանում նոր հարթություն են տեղափոխվել, ինչը նաեւ Արեւելյան գործընկերության ծրագրի մեկնարկի արդյունք է: Կարինե Ղազինյանի վստահեցմամբ` Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները հիմնականում դրսեւորվում են երկու մակարդակներում` երկկողմ հարաբերություններ Եվրոպական միության ինստիտուտների հետ եւ բազմակողմ հարաբերություններ եվրոպական երկրների հետ:

Այլ նորություններ
ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՏՈՆԴ, ՀԱՅԱՍՏԱ՛Ն. ԱՅՍՕՐ ԼՐԱՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ 30-ԱՄՅԱԿԸ
Հայաստանի Երրորդ Հանրապետությունն այսօր նշում է անկախության 30-րդ տարեդարձը: 30 տարի առաջ հայ ժողովուրդը հանրաքվեի միջոցով իր վճռական «այո»-ն ասաց Հայաստանի անկախությանը՝ իրականություն դարձնելով իր դարավոր երազանքը:
«ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ ԳՈՐԾ Է. ՀԱՅՐԵՆԻՔԸ ՊԵՏՔ Է ԿԱՌՈՒՑԵԼ». ԵՊՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՀԻՄՆԱՐԿԵՔԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ
ԵՊՀ պատվիրակությունն արցախյան երկօրյա այցի ընթացքում այսօր մասնակցել է «100 տուն Արցախում» ծրագրով համալսարանի կողմից ֆինանսավորվող տան կառուցման հիմնարկեքի արարողությանը։