29.01.2019 | 
Ուսանողական
ՉԻՆԱՍՏԱՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ՝ ՀԱՅԵՐԵՆԻ ՀԵՏՔԵՐՈՎ
ՉԻՆԱՍՏԱՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ՝ ՀԱՅԵՐԵՆԻ ՀԵՏՔԵՐՈՎ
Հայերենը մշտապես եղել է ուսումնասիրության կենտրոնում: Ոսկեղենիկ այս լեզուն իր յուրահատկությամբ հետաքրքրել է նաև օտարերկրացիներին, որոնք ուսումնասիրել և սովորել են հայոց բառն ու բանը, գրականությունը, պահպանված արժեքներն ու լեզվամտածողության առանձնահատկությունը:

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում սովորող չինուհի Շի Խինգյուն արդեն մեկուկես տարի է, ինչ Հայաստանում է և սովորում է հայերեն: 

 

Մեզ հետ զրույցում չինուհին պատմեց իր ուսանողական կյանքի, հայերենին տիրապետելու դժվարությունների և առաջիկա ծրագրերի մասին:

 

«Մեկուկես տարի է, ինչ Հայաստանում եմ, այստեղ ամեն ինչ գեղեցիկ է, մարդիկ ջերմ ու բարեհամբույր են,- պատմում է Շին ու հավելում, որ իր տպավորություններով կիսվում է նաև ընկերների հետ:- Մինչև իմ՝ Հայաստան գալն ընկերներս չէին լսել այս երկրի մասին, բայց այնքան եմ պատմել՝տպավորված են և իրենք էլ են ցանկանում տեսնել Հայաստանը»:

 

Սակայն Շին որոշակի դժվարությունների է հանդիպում. «Ուտելիքն ինձ այնքան էլ դուր չի գալիս, և իմ սնունդն ուղարկում են Չինաստանից»:




Վերջինս անկեղծանում է, որ դժվարությամբ է սովորում հայերեն, սակայն չի հուսահատվում և շարունակում է աշխատել. «Հայերենը հատուկ լեզու է, և շատ քչերն են լավագույնս տիրապետում լեզվին»:

 

Չինուհի ուսանողի բնութագրմամբ, հայերենն ինքնատիպ է հատկապես իր այբուբենով:

 

Շիին գրավել է նաև հայ գրականությունը՝ հատկապես «Սասնա ծռեր» դյուցազներգությունը. «Հայրս նույնպես կարդացել է դյուցազներգությունը և կարծում է, որ շատ հետաքրքիր է»:

 

Չինուհին այժմ մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողուհի է:

 

Համակուրսեցիներ Զվարթ Ենոքյանը և Արմինե Եփրեմյանը գոհունակությամբ են խոսում օտարազգի համակուրսեցու մասին:

 

Նրանց խոսքով, Շին այնքան աշխատասեր է, որ ի վերջո հասնելու է ցանկալի արդյունքի: 

 

«Դժվարությամբ  է սովորում հայերեն, բայց այնքան աշխատասեր է, որ երբեք չի հուսահատվում»,- պատմում է Զվարթ Ենոքյանը:



 

Իսկ Արմինեի բնութագրմամբ,  իրենք ձեռք են բերել ոչ միայն խելացի և աշխատասեր համակուրսեցի, այլև անկեղծ ու նվիրված ընկեր. «Ազնիվ, բարի ու հավատարիմ ընկեր է Շին, պատրաստ է մշտապես օգնել և աջակցել»:

 

Այդուհանդերձ, չինուհին մտահոգված է, որ հայերենի բառապաշարի ստվար լինելու պատճառով քիչ է հաղորդակցվում ընկերների հետ:

 

Շին ապրում է մենակ, ընկերներին հաճախ է հյուրասիրում չինական խոհանոցի բարիքները և իհարկե, համտեսում հայկական խոհանոցի ուտեստները:

Խոսելով ապագա ծրագրերի մասին՝ Շին նշում է, որ ցանկանում է ոչ միայն գերազանց տիրապետել հայերենին, այլև սովորել հայոց պատմություն:

Անգին Խաչատրյան

Այլ նորություններ
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԼԵԶՈՒՆԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՃԱՆԱՊԱՐՀԵՑ 2020-2021 ՈՒՍՏԱՐՎԱ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի բակալավրիատի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:
«ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ. ՀՀ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԸ ՀԵՏՊԱՏԵՐԱԶՄՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՏԻԳՐԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՀԵՏ
ՈՒԽ Լ. Ազգալդյանի անվան մարտական ակումբն այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում կազմակերպել էր հանդիպում «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանի հետ: