30.05.2017 | 
Հասարակություն
ԱՐԺԵՎՈՐՎԵՑ ՊՐՈՖԵՍՈՐ ՇԻՐԱԶ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԳԻՏԱՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՈՒՂԻՆ
ԱՐԺԵՎՈՐՎԵՑ ՊՐՈՖԵՍՈՐ ՇԻՐԱԶ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԳԻՏԱՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՈՒՂԻՆ
Այսօր ԵՊՀ ռեկտորատի նիստում նշվեց վաստակաշատ գիտնական ու մանկավարժ Շիրազ Մարգարյանի 70-ամյակը:

ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ֆիզիկական և կոլոիդների քիմիայի ամբիոնի վարիչի հարուստ կենսագրությունն ու գիտական գործունեությունը ներկայացրեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:

 

«Շիրազ Մարգարյանն արդեն 40 տարի է, ինչ աշխատում է Մայր բուհում: Նա ֆիզիկական քիմիայի գիտաճյուղի զարգացման գործում ունի մեծ ներդրում և հստակ գիտական հետք: Միջազգային ակադեմիական հարթակում մեծ ճանաչում վայելող գիտնականն ակտիվ գիտատեխնիկական համագործակցություն է ծավալում արտասահմանյան մի շարք առաջատար բուհերի հետ, ինչը ոչ միայն որակական լուրջ փոփոխության է ենթարկել նրա մանկավարժական գործունեությունը, այլև դարձել է Պետհամալսարանի գիտական դեմքը որոշող տարրերից մեկը»,- ասում է Արամ Սիմոնյանը:

 

ԵՊՀ ռեկտորը պրոֆեսորի կերպարն ամբողջացնելու համար ընդգծեց նաև նրա մարդկային օրինակելի հատկանիշները. «Վերը նշված տպավորիչ ձեռքբերումներից զատ՝ նա շատ ճշտապահ է, աշխատասեր, կիրթ, հայրենասեր ու, ամենակարևորը, անմնացորդ նվիրված իր ընտանիքին և աշխատանքին: Չեմ կարող չնշել նաև այն, որ ամեն անգամ ջերմությամբ ես լցվում, երբ երեկոները տեսնում ես նրան համալսարանական բակում թոռների հետ զբոսնելիս»:

 

ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի դեկան Տարիել Ղոչիկյանն անդրադարձավ գիտնականի գիտական գործունեությանը՝ մատնանշելով նրա այն կարևոր ձեռքբերումները, որոնք շրջադարձային են եղել քիմիայի որոշակի ճյուղերում:

 

Երիտասարդական տարիների հուշեր և հետաքրքրաշարժ որոշ դրվագներ պատմեց ԵՊՀ ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր, հոբելյարի համակուրսեցի Արարատ Մալխասյանը. «Շիրազի հետ մեր ընկերությունը սկսվել է 1-ին կուրսից: Նա գրեթե միշտ գերազանց է սովորել և նրա գերազանցիկ լինելու փաստն օրինակելի է եղել ինձ համար»:

 

Հոբելյարն էլ, շնորհակալություն հայտնելով բոլորին ջերմ խոսքերի ու բարեմաղթանքների համար, ասաց. «Երբ հետադարձ հայացք եմ նետում անցած ուղուս՝ ներքին հպարտություն և հանգստություն եմ զգում, քանի որ այն ուղղված է իմ հարազատ բուհի գիտության զարգացմանն ու բարգավաճմանը: Հայրենասիրությունն այն է, երբ մարդը սիրով ու մեծ պատասխանատվությամբ է վերաբերվում իր աշխատանքին, և հենց այս գաղափարն էլ փոխանցում եմ ուսանողներիս ու երիտասարդ գործընկերներիս»:

Այլ նորություններ
ԿԱՐՈ ՓԱՅԼԱՆԻՆ ՇՆՈՐՀՎԵՑ ԵՊՀ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ
Այսօր ԵՊՀ-ում տարբեր ֆակուլտետների ուսանողների հետ հանդիպեց Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը:
«ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ Է»
ԵՊՀ ռեկտորատի նախաձեռնած հանդիպումների շարքն առաջին կուրսեցիների հետ ամփոփվեց այսօր Հայ բանասիրության ու Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետներում: