01.11.2019 | 
Հասարակություն
ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ «ՆԱՏԻՎ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ԳԼԽԱՎՈՐ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ ՇՄՈՒԵԼ ՊՈԼԻՇՉՈՒԿԻՆ
ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ «ՆԱՏԻՎ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ԳԼԽԱՎՈՐ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ ՇՄՈՒԵԼ ՊՈԼԻՇՉՈՒԿԻՆ
Երևանի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն այսօր հյուրընկալել է «Նատիվ» գործակալության տնօրենի գլխավոր խորհրդական Շմուել Պոլիշչուկին և Հայաստանի հրեական համայնքի ներկայացուցիչ Ռիմմա Վարժապետյանին։

Հանդիպմանը ներկա էին նաև ԵՊՀ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը, Միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը և Արաբագիտություն ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը։

«Ուրախ եմ ողջունել ձեզ Երևանի պետական համալսարանում»,- հանդիպման սկզբում ասաց ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը և համառոտ ներկայացրեց Երևանի պետական համալսարանի հիմնադրման պատմությունը։ Նա ասաց, որ հիմա hամալսարանում գործում են 19 ֆակուլտետ և 4 ինստիտուտ, իսկ երկրի գիտական արտադրանքի մեկ երրորդն ապահովում է հենց ԵՊՀ-ն։

«Նատիվ» գործակալության տնօրենի գլխավոր խորհրդական Շմուել Պոլիշչուկն իր և «Նատիվ» գործակալության ղեկավար Նետա Բրիսկին-Պելեգի անունից շնորհակալություն հայտնեց հանդիպման համար և հույս հայտնեց, որ այն արդյունավետ կլինի և համագործակցության սկիզբ կդնի։



Նա պատմեց «Նատիվ» գործակալության մասին՝ նշելով, որ այն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի ղեկավարած ամենամեծ նախարարության այսպես ասած ենթանախարարությունն է։

«Մեր կառույցը ստեղծվել է Դավիդ բեն Գուրիոնի հրամանով, այժմ զբաղվում ենք նախկին Խորհրդային Միության շրջանում և Արևելյան Եվրոպայում բնակվող հրեաների հարցերով։ Մենք ունենք պաշտոնական ներկայացուցիչներ նախկին Խորհրդային Միության գրեթե ամբողջ տարածքում. խոսքը, առաջին հերթին, Իսրայելի մշակույթի կենտրոնների մասին է։ Այդ կենտրոնների նպատակն է պատմել իսրայելական մշակույթի մասին, տեղեկացնել, որ Իսրայելը ոչ միայն իր հարևանների հետ գոյատևելու համար պատերազմող, այլև զարգացած մշակույթ և գիտություն ունեցող երկիր է»,- նշեց Շմուել Պոլիշչուկը։

Նա ասաց, որ իրենք համագործակցում են տարբեր երկրների ու այնտեղ գործող Իսրայելի դեսպանատների հետ և ցանկություն ունեն համագործակցության եզրեր գտնելու նաև Երևանի պետական համալսարանի հետ։ Շմուել Պոլիշչուկը նշեց, որ իրենք պատրաստ են լսարան կահավորել, որը կկոչվի Իսրայելի անունով, այնտեղ կուսումնասիրվի եբրայերեն, ու մշտապես թարմացվող տեղեկատվություն կտրվի Իսրայելի, այդ երկրի ու Հայաստանի համագործակցության մասին։



ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն ասաց, որ իրենք կարող են ընդհանուր հայտարարի գալ, ու նմանօրինակ կենտրոնի ստեղծումը Երևանի պետական համալսարանում օգտակար կլինի Իսրայելի դրական փորձի ուսումնասիրության համար։

Հանդիպման արդյունքում «Նատիվ» գործակալության տնօրենի գլխավոր խորհրդականն ու ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը համագործակցության մասին նախնական պայմանավորվածություն ձեռք բերեցին, որից հետո ԵՊՀ ներկայացուցիչները Շմուել Պոլիշչուկին ուղեկցեցին Արևելագիտության ֆակուլտետ, ծանոթացրին ֆակուլտետի կառուցվածքին և ասացին, որ ԵՊՀ արաբագիտության ամբիոնում եբրայերենն արդեն իսկ դասավանդվում է որպես երկրորդ օտար լեզու, իսկ կենտրոնի ստեղծումը շատ օգտակար կլինի Իսրայելի մշակույթին ծանոթանալու հարցում։

 

Մարինա Առաքելյան

Այլ նորություններ
ՆՈՐ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ. ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԵՊՀ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ
Օրակարգային 13 և ընթացիկ հարցերով այսօր տեղի է ունեցել ԵՊՀ գիտխորհրդի նիստը
ԵՊՀ ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ 15 ՏԱՐԵԿԱՆ Է
ԵՊՀ մեծ դահլիճում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի 15-ամյակին նվիրված հանդիսավոր նիստ: