25.09.2018 | 
Գիտություն
ՍՏՈՐԱԳՐՎԵՑ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՊՀ-Ի ԵՎ «ԷՖ ԷՄ ԴԻ ՔԵՅ ԷԼ ԵՎՐՈՊԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ
ՍՏՈՐԱԳՐՎԵՑ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՊՀ-Ի ԵՎ «ԷՖ ԷՄ ԴԻ ՔԵՅ ԷԼ ԵՎՐՈՊԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ
Այսօր ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը և «ԷՖ ԷՄ ԴԻ ՔԵՅ ԷԼ ԵՎՐՈՊԱ» ընկերության տնօրեն Կիրիտ Վելանին ստորագրեցին համագործակցության հուշագիր:

«Էֆ Էմ Դի Քեյ Էլ Եվրոպա» ընկերությունը գլոբալ պայմանագրային հետազոտական կազմակերպություն է, որն աշխարհի խոշորագույն դեղագործական ընկերություններին բիոտեխնոլոգիաների ոլորտում ծառայություններ է մատուցում: Ընկերությունը երկար ժամանակ է, ինչ համագործակցում է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի հետ:

Հուշագրի ստորագրմանը ներկա էին ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, Կենսաբանության ֆակուլտետի դեկան Էմիլ Գևորգյանը, ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի տնօրեն Լիլիթ Հակոբյանը, փոխտնօրեն Կարինե Նազարյանը:

«Մենք վաղուց ենք համագործակցում բիոտեխնոլոգիական ոլորտի առաջատար կազմակերպության հետ, եղել են ուսանողական շրջայցեր, մեր ուսանողներն աշխատանքի են անցել այս կազմակերպությունում: Որոշվեց համագործակցությունն ամրապնդել հուշագրի ստորագրմամբ»,- ասաց Կարինե Նազարյանը:

ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը հավելեց, որ ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի ու Քիմիայի ֆակուլտետի հետ ևս կարող են համագործակցության եզրեր լինել:

Կիրիտ Վելանին իր խոսքում նշեց, որ ուրախ է համագործակցության և նոր հնարավորությունների համար: Այժմ «Էֆ Էմ Դի Քեյ Էլ Եվրոպա» կազմակերպության հայաստանյան մասնաճյուղում շուրջ 75 ազատ հաստիքներ կան:

Ռեկտորը շնորհակալություն հայտնեց համագործակցության համար՝ նշելով, որ պատրաստ է հնարավորինս աջակցել այս համագործակցությանը: «Մենք շատ փայլուն ուսանողներ ունենք, ցավոք, նրանցից շատերը լավ աշխատանք ունենալու համար է, որ արտերկիր են մեկնում»,- ասաց Արամ Սիմոնյանը:

Կիրիտ Վելանին հայտնեց, որ այսպիսի համագործակցությունները շատ կարևոր են, քանի որ հնարավորություն են տալիս մնալու երկրում. «Մենք պետք է դադարենք տաղանդներ կորցնել»,- և հույս հայտնեց, որ փոխգործակցությունը շարունակական բնույթ կկրի:

Հուշագրի ստորագրումից հետո «Էֆ Էմ Դի Քեյ Էլ Եվրոպա» ընկերության ներկայացուցիչները այցելեցին Կենսաբանության ֆակուլտետ և ԵՊՀ մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն:

 

Մարի Ռաֆյան

 

Այլ նորություններ
ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԻՆՏԵԼԵԿՏ․ ՊԱՅՔԱՐ ԲՆՈՒԹՅԱՆ ԴԵ՞Մ
21-րդ դարում արհեստական ինտելեկտը հեղեղել է աշխարհը․ խելացի սարքավորումներ, մեքենաներ, տներ, մարդիկ։ Ի՞նչ կարելի է սպասել այս տեմպով զարգացող տեխնոլոգիաներից։ Հարցի մասին զրուցել ենք ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի պրոֆեսոր Սամսոն Դավոյանի հետ։
«ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԷՐ ՍՈՑԻԱԼ- ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԻՄՔԵՐՈՎ». ՄԵԿՆԱՐԿԵՑ «ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐ» 6-ՐԴ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
Այսօր ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում մեկնարկեց «Տնտեսագիտության ժամանակակից հիմնահարցեր» խորագրով միջազգային 6-րդ գիտաժողովը: