05.04.2018 | 
Կրթություն
ՈԼՈՐՏԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԻՆ ՀԱՋՈՂԱԿ ՏՈՒՐՄԵՆԵՋԵՐ ԴԱՌՆԱԼՈՒ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ՔԱՅԼԵՐԸ
ՈԼՈՐՏԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԻՆ ՀԱՋՈՂԱԿ ՏՈՒՐՄԵՆԵՋԵՐ ԴԱՌՆԱԼՈՒ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ՔԱՅԼԵՐԸ
Այսօր ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը կազմակերպել էր «Ինչպես դառնալ հաջողակ տուրմենեջեր. TOP 5 քայլեր» խորագրով սեմինար-դասընթաց:

Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «Էլեգանտ տուր» տուրիստական ընկերության համագործակցության շրջանակում իրականացվող դասընթացին մասնակցում էին ԵՊՀ տարբեր ֆակուլտետների ուսանողներ:

 

Սեմինարավարներն էին ընկերության համահիմնադիրներ Անի Խաչատրյանն ու Ռիմա Խաչատրյանը, ովքեր նույնպես ԵՊՀ շրջանավարտներ են:

 

Հյուրերին և սեմինարի մասնակիցներին ողջունեց կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանը, ով ուսանողներին հորդորեց ակտիվ լինել և նմանաբնույթ հանդիպումներին մասնակցելու ու տարբեր ոլորտների մասնագետների հետ շփվելու առիթը բաց չթողնել:

 

Այնուհետև բանախոսները ներկայացրին ոլորտի առանձնահատկությունները, տուրմենեջերի գործառույթները, ինչպես նաև զբոսաշրջիկների հետ աշխատելու հմտությունները:

 

«Տուրմենեջերը պետք է բազմակողմանի զարգացած ու բանիմաց անձնավորություն լինի. մարդ, ով օտար լեզուներ, աշխարհագրություն գիտի, հաղորդակցվելու ու հաշվապահական հմտություններ ունի և կարողանում է հետևել միջազգային լրահոսին: Այսինքն, եթե զբոսաշրջիկին առաջարկում ես հանգիստն անցկացնել որևէ երկրում, ապա պետք ներկայացնես տվյալ երկրի ավանդույթները, կլիման, քաղաքական դրությունը, աշխարհագրական դիրքը և նույնիսկ հնարավոր որոշակի փոփոխությունները, քանի որ զբոսաշրջիկը «անակնկալներ» չի սիրում»,- ասում է Անի Խաչատրյանը:

 

Ռիմա Խաչատրյանն էլ անդրադարձավ ոլորտի տեխնիկական հատվածին, խոսեց չարթերային թռիչքների և «FAM trip» տուրիստական ընկերության աշխատակիցների համար կազմակերպվող ճանաչողական ուղևորությունների մասին:

 

«Ոլորտի վերաբերյալ բազային գիտելիքներ ստանալու տեսանկյունից միջոցառումը բավականին արդյունավետ էր, սակայն որպես երիտասարդ մասնագետ, ով արդեն մի քանի տարի է՝ ուսումնասիրում է տվյալ բնագավառը, սեմինարն այնքան էլ հետաքրքիր չէր: Այնուամենայնիվ, նմանաբնույթ միջոցառումները շատ կարևոր  են ուսանողների համար, քանի որ կողմնորոշվելու և հետաքրքրությունների շրջանակն ընդլայնելու հնարավորություն են տալիս»,- նշում է ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի սերվիս ամբիոնի մագիստրանտ Աստղիկ Նահապետյանը և հավելում, որ մեծ գոհունակությամբ պարբերաբար մասնակցում է Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կողմից կազմակերպված միջոցառումներին:

Այլ նորություններ
ՍՏՈՒԳՎՈՒՄ ԵՆ ՏԵՍԱԿԱՆ ԵՎ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ. ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱ ՔԻՄԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ այսօր մեկնարկեց «Հայկական քիմիական ուսանողական օլիմպիադան»:
ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔ ՌՈՒՍ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետում դեկտեմբերի 10-ից 14-ը տեղի կունենա դասախոսությունների շարք, որը կվարի Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի լեզվաբանության ինստիտուտի ռուսաց լեզվի ամբիոնի պրոֆեսոր, բ․գ․դ․ Ելենա Բուտորինան։