03.10.2017 | 
Հասարակություն
ՄԵԿՆԱՐԿԵՑ «SMART ԳԻՏԵԼԻՔՆԵՐ SMART ԴԱՐՈՒՄ» ԴԱՍԸՆԹԱՑԸ
ՄԵԿՆԱՐԿԵՑ  «SMART ԳԻՏԵԼԻՔՆԵՐ SMART ԴԱՐՈՒՄ» ԴԱՍԸՆԹԱՑԸ
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում մեկնարկեց «Smart գիտելիքներ smart դարում» խորագրով եռօրյա սեմինար-դասընթացը:

ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «Smartology Digital Marketing Academy» ընկերության համագործակցության շրջանակում կազմակերպված սեմինար-դասընթացին բացման խոսքով հանդես եկավ Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանը: Նա ողջունեց ուսանողներին և շնորհակալություն հայտնեց ներկայության և սեմինար-դասընթացի նկատմամբ մեծ հետաքրքրություն ցուցաբերելու համար:

 

Հանդիպումը վարում էր «Smartology Digital Marketing Academy» ընկերության համահիմնադիր Արտակ Հարությունյանը, ով, ի դեպ, ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի շրջանավարտ է: Նա ուսանողներին հորդորեց լինել ինտերակտիվ՝ դասընթացից առավելագույն չափով գիտելիքներ ստանալու համար:

 

Սեմինար-դասընթացի առաջին օրվա թեման թվային միջավայրն էր: Արտակ Հարությունյանը նախ հարց ու պատասխանի միջոցով փորձեց պարզել ուսանողների պատկերացումները թվային միջավայրի մասին: Դրա կարևորությունը ընդգծելու համար սեմինարավարը ներկայացրեց այն ոլորտները, որոնց առնչվում է  թվային միջավայրը. «Այն ամենուրեք է, և մենք բոլորս ամեն օր, ամեն րոպե շփվում ենք թվային միջավայրի հետ: Դա կարող է լինել հիշողության կրիչը, շենք մտնելու համար օգտագործվող պլաստմասե փոքր հարմարանքը և այլն»:

 

Հանդիպման ընթացքում Արտակը Հարությունյանը ներկայացրեց թվային մարքեթինգի մասնագետների պահանջարկի ցուցանիշը, որը, ըստ բանախոսի, վերջին մի քանի տարիների ընթացքում, պայմանավորված տեխնոլոգիաների սրընթաց զարգացման հետ, շեշտակի աճ է գրանցել: Ըստ «Smartology Digital Marketing Academy»-ի համահիմնադրի՝ թվայնացումը և թվային միջավայրը զգալիորեն հեշտացնում են մարդու կյանքը: Դա արվում է, օրինակ, թվային միջավայրում իդենտիֆիկացման շնորհիվ. «Հիմա արդեն փորձնական կիրառվում է իդենտիֆիկացման համակարգը ամենօրյա առևտրում, որով հնարավոր է, օրինակ, սմարթֆոնների օգնությամբ խանութում գնումներ կատարել առանց վաճառողի: Վճարումները կատարվում են խանութից դուրս գալիս՝ ավտոմատ»:

 

Արտակ Հարությունյանը հանդիպման ընթացքում տեսանյութերի և համակարգչային ցուցադրությունների օգնությամբ խոսեց մարքեթինգի և թվային մարքեթինգի տարբերություններից՝ ներկայացնելով դրանցից յուրաքանչյուրի գործիքակազմը:

 

Սեմինար-դասընթացի երկրորդ օրը դասընթացավարը կխոսի «Սոցիալական մեդիա՝ Facebook vs TV», իսկ ամփոփիչ հանդիպմանը՝ «Գովազդը ինտերնետում» թեմաներից: Եռօրյա հանդիպումների ընթացքում մասնակիցներին տրվելու են հանձնարարություններ: ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի փոխտնօրենը նշեց, որ դրանց հաջող կատարման դեպքում ուսանողներին շնորհվելու են մասնակցության հավաստագրեր:

 

Այլ նորություններ
ԵՐԲ ԱՇԽԱՏԱՆՔԸ ՃԱՄՓՈՐԴԵԼՆ Է. ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՌԱՋԱՐԿ Է ԱՐԵԼ
Երևանի պետական համալսարանի և «Fly one Armenia» («Ֆլայ ուան Արմենիա») ավիաընկերության միջև հաստատված համագործակցության շրջանակում տեղի ունեցավ հանդիպում երկու կառույցների ներկայացուցիչների, ինչպես նաև ԵՊՀ ուսանողների միջև։
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՆԵՆԱՆ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԲԻՈՏԵԽՆՈԼՈԳԻԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնն ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանողների համար կազմակերպել էր տեղեկատվական հանդիպում՝ «Բիոտեխ ծրագրային ապահովման ճարտարագիտությունը թվային ճշգրիտ բժշկության մեջ» խորագրով: