21.10.2019 | 
Հասարակություն
«ՄԵՆՔ ՈՒՆԵՆՔ ԵԶԱԿԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ՝ ԱՇԽԱՐՀԻՆ ՏԱԼՈՒ ՄԱՐԴՈՒՆ ՄԱՐԴ ՊԱՀԵԼՈՒ ԴԱՍԵՐ»․ ՍՈՆԱ ՎԱՆ
«ՄԵՆՔ ՈՒՆԵՆՔ ԵԶԱԿԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ՝ ԱՇԽԱՐՀԻՆ ՏԱԼՈՒ ՄԱՐԴՈՒՆ ՄԱՐԴ ՊԱՀԵԼՈՒ ԴԱՍԵՐ»․ ՍՈՆԱ ՎԱՆ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել հանդիպում հայ բանաստեղծուհի, հրապարակախոս, բժիշկ Սոնա Վանի հետ:

Հանդիպումը կազմակերպել էր Երևանի պետական համալսարանի ՈԻԳԸ-ն։

Ամերիկահայ բանաստեղծուհու հետ հանդիպմանը ԵՊՀ ՈԻԳԸ նախագահ Վանատուր Շերենցը ներկայացրեց բանաստեղծուհուն ու ասաց, որ նա իր շրջագայությունները կազմակերպելու համար միշտ այս բանաստեղծական եղանակն է ընտրում՝ աշունը։

Սոնա Վանը ողջունեց ներկաներին և ասաց, որ Երևանի պետական համալսարանն իր համար շատ կարևոր վայր է, քանի որ նրա հայրը, որին որոշակիորեն նվիրված է «Հայրս ասում էր» գիրքը, ֆիզիկոս էր, և մինչև կյանքի վերջին օրերը դասավանդել է համալսարանում. «Կրթության այս օրրանն ինձ համար ոչ միայն կրթական, այլև հոգեբանական, կենսագրական, մանկությունը վերարտադրող նշանակություն ունի»։



Սոնա Վանն ասաց, որ սա իր 7-րդ բանաստեղծական ժողովածուն է և  շարունակում է ցույց տալ, թե ժամանակի տվյալ պահին ով է եղել ինքը, ինչի մասին է մտածել, ինչն է իրեն հուզել, ինչով է ապրել։

«Յուրաքանչյուր ստեղծագործություն գրողի հոգեփոխանակման արգասիքն է. ինչպես աշխատանքի ժամանակ արտադրվող քրտինքը, այնպես էլ հոգու աշխատանքի ժամանակ արտադրվող նյութը, որ դառնում է բանաստեղծություն»,- ասաց բանաստեղծուհին։

Բազմաբովանդակ հանդիպման ընթացքում նա խոսեց պոեզիայի հերոս և թեմա ընտրելու, «նախնական ես»-ին վերադառնալու, ընդհանրապես մարդու էության մասին։ Սոնա Վանը շեշտեց, որ իր ներսում ապրող հազարավոր եսերի հետ զրուցելու արդյունքում է ծնվել այս գիրքը, և ինքն անվերջ շփվում է այն ենթասոնաների հետ, որոնց բանաստեղծության ձևով դրսևորվելու իրավունք է տալիս։

Ժամանակակից գրողների ու գրականության մասին խոսելիս նա նշեց, որ մենք այսօր հասարակության մեջ ոչ շատ հաճելի և ինչ-որ տեղ մարդկության վտանգավոր խաչմերուկի հասցրած գրականություն ունենք։

 

«Շատ հաճախ գրողը նույնպես ունենում է առևտրականի հոգեբանություն և գրում է այն, ինչը պարզապես շատ կվաճառվի։ Եթե գրողը պետք է դառնա ինչ-որ բանի վաճառական, ապա նա պետք է դառնա հույսի վաճառական»,- ասաց ամերիկահայ բանաստեղծուհին։

 

Նա խոսեց նաև մայրենի լեզվի, գրականության կարևոր նշանակության մասին․ «Զգացողությունները մենախտացված ձևով պահպանելու և ընթերցողի զգայարանները սրելու, դրանք բթացումից, ռոբոտացումից, կրկնողությունից ետ պահելու միակ գործիքը, կարող եմ ասել, գրականությունն է, հատկապես՝ պոեզիան»։

 

«Ես կարծում եմ, որ մենք ունենք եզակի հնարավորություն՝ այսօր աշխարհին տալու մարդուն մարդ պահելու դասեր»,- հավելեց Սոնա Վանը։

 

Հանդիպմանը ներկա էր նաև ասմունքող Սիլվա Յուզբաշյանը, որը բարձր գնահատեց բանաստեղծուհու վաստակը։

Հանդիպման ավարտին ներկաները բանաստեղծուհուն հղեցին հարցեր, կարդացին նրա բանաստեղծությունները։

Մարինա Առաքելյան

Այլ նորություններ
«ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄԸ ՄԻԱՅՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԿՏԱ ԿԱՆԽԵԼՈՒ ՋՐԻ ԿԱՆԱՉԵԼԸ». ՄԱՐԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի կայուն զարգացման կենտրոնում այսօր տեղի է ունեցել «Ջրային ռեսուրսների կառավարման և Սևանա լճի արդի հիմնախնդիրները» թեմայով զեկուցում-քննարկում:
ՔԱՐՈԶ ՄԱՐԴԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ. ԿԱՐԵՆ ՅԵՊՊԵԻ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՂ ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտն այսօր հյուրընկալել էր Լեփսիուսի տուն-թանգարանի աշխատակից Ռոյ Կնոկեին: