20.09.2018 | 
Գիտություն
«SPRINGER» ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ՏՈՒՆԸ ՀՐԱՏԱՐԱԿԵԼ Է ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍԻ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ 17 ԳԼԽԻՑ ԲԱՂԿԱՑԱԾ ԳԻՐՔԸ
«SPRINGER» ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ՏՈՒՆԸ ՀՐԱՏԱՐԱԿԵԼ Է ԵՊՀ ԴԱՍԱԽՈՍԻ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ 17 ԳԼԽԻՑ ԲԱՂԿԱՑԱԾ ԳԻՐՔԸ
Հեղինակավոր «Springer» հրատարակչական տան կողմից հրատարակվել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաբանության կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ, կ.գ.թ. Հովիկ Փանոսյանի խմբագրությամբ «Եվրասիական էկոհամակարգերի էքստրեմոֆիլներ, էկոլոգիան, բազմազանությունը և կիրառությունը» 17 գլխից բաղկացած ստվարածավալ գիրքը:

Նշենք, որ գրքի խմբագրական կազմում ընդգրկված են մասնագետներ Նորվեգիայից, Չինաստանից, Ուզբեկստանից:

 

Հովիկ Փանոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ վերջին տարիներին էքստրեմոֆիլ մանրէների նկատմամբ աճող հետաքրքրությունը պայմանավորված է նրանց գիտագործնական նշանակությամբ: «Տարբեր էկոհամակարգերից էքստրեմոֆիլ մանրէների ուսումնասիրությունը կարևոր է նաև այդ մանրէների կիրառմամբ կենսաբանորեն ակտիվ նյութերի և ֆերմենտների ակտիվ արտադրիչների ստացման համար»,- հավելեց նա:

 

Ըստ Փանոսյանի՝ «Եվրասիական էկոհամակարգերի էքստրեմոֆիլներ, էկոլոգիան, բազմազանությունը և կիրառությունը» գրքի 2 գլուխները հեղինակել են ԵՊՀ դասախոսները և ասպիրանտները վրացի և նորվեգացի գործընկերների հետ համատեղ:

 

«Գրքի երկու գլուխներից առաջինում ներկայացված է Փոքր Կովկասի, մասնավորապես Հայաստանի, Վրաստանի և Արցախի երկրաջերմային աղբյուրների թերմոֆիլ մանրէների բազմազանությունը և դրանց կիրառական հեռանկարները:

Երկրորդ գլխում ամփոփված են վերերկրյա ջերմային աղբյուրներում թերմոֆիլ էնդոսպոր առաջացնող բակտերիաների տարածվածությունն ու  դրանց հիմքով կենսաբանական ակտիվ նյութերի, ֆերմենտների ստացման տեխնոլոգիաներին վերաբերող տեղեկատվությունը»,- ասաց նա:

 

Նրա խոսքով, այս գրքում արծարծվում են նաև Եվրասիական էկոհամակարգերի էքստրեմոֆիլ մանրէների մի շարք ասպեկտներին առնչվող խնդիրներ, ինչպես նաև տեղ են գտել էքստրեմոֆիլների գյուղատնտեսական և արտադրական կենսատեխնոլոգիաներում կիրառման հեռանկարներին վերաբերող գլուխներ:

 

ԵՊՀ դոցենտը Հովիկ Փանոսյանը նաև նշեց, որ գրքում զետեղվել են կենսաբանության բնագավառում միջազգային հեղինակություն ունեցող գիտնականների տասնամյակների ընթացքում հետազոտված և կուտակված փորձարարական ու տեսական աշխատանքները:

 

«Այդ աշխատանքներն օգտակար կլինեն մանրէների էկոլոգիայի բնագավառի գիտաշխատողների,  մանրէաբանություն և կենսատեխնոլոգիա մասնագիտություններով մասնագիտացող մագիստրանտների, ասպիրանտների և երիտասարդ հետազոտողների համար»,-հավելեց նա:

 

Նադեժդա Տեր-Աբրահամյան

 

 

 

Այլ նորություններ
ԻՐԱՆԱԿԱՆ ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅԱՆ 8-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՆՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
«Իրանական լեզվաբանության 8-րդ միջազգային գիտաժողով»-ը անց է կացվում հոկտեմբերի 11-13-ը Երևանի պետական համալսարանում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՉՂՋԻԿՆԵՐԸ՝ ՀԱՅ-ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԳԻՏԱՐՇԱՎԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱ
Կենսաբանության ֆակուլտետի կենդանաբանության ամբիոնի աշխատակիցները սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 4-ը Հայաստանի հարավային հատվածում մասնակցել են հայ-գերմանական համատեղ գիտարշավին: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Կենդանաբանության ամբիոնի ավագ լաբորանտ Աստղիկ Ղազարյանը: