15.02.2019 | 
Մշակույթ
«ԱՂԻ ԲԼԻԹԸ՝ ՄԵԶՆԻՑ, ԵՐԱԶԸ՝ ՁԵԶՆԻՑ». ԵՊՀ-ՈՒՄ ՆՇՎԵՑ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ՕՐԸ
«ԱՂԻ ԲԼԻԹԸ՝ ՄԵԶՆԻՑ, ԵՐԱԶԸ՝ ՁԵԶՆԻՑ». ԵՊՀ-ՈՒՄ ՆՇՎԵՑ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ՕՐԸ
Այս տարի եկեղեցական տոնացույցով Սուրբ Սարգսի տոնը նշվում է փետրվարի 16-ին: ԵՊՀ մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ համալսարանում Երիտասարների օրհնության օրը նշվեց տոնի նախօրեին:

Մշակույթի կենտրոնի սաների,աշխատակիցների և տնօրենի ջանքերով այսօր կենտրոնում կազմակերպվել էր Սուրբ Սարգսի տոնին նվիրված օրհնության ծիսակատարություն, որը կրում էր «Աղի բլիթը՝ մեզնից, երազը՝ ձեզնից» խորագիրը։

Նմանօրինակ միջոցառման նպատակ է երիտասարդներին հաղորդակից դարձնել մեր ազգային տոնին:

Մեզ հետ զրույցում կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանն ասաց, որ իրենք միշտ էլ նշել են Տեառընդառաջը. խարույկ են վառել ու ցատկել վրայով, սակայն այս տարի որոշել են տոնի գլխավոր թեմա դարձնել Սուրբ Սարգսի տոնը:



«Տոնն այսկերպ նշելու առաջարկը Մշակույթի կենտրոնի սաների կողմից եղավ։ Նրանք պատրաստեցին աղի բլիթները՝ դրանց վրա ամրացնելով մաղթանքներ»,- ասաց տիկին Դավթյանը։

Նա նաև նշեց, որ Սուրբ Սարգսի տոնի խորհուրդը բացատրելու, տոնի առանձնահատկությունները ներկայացնելու համար հրավիրվել է Հայ առաքելական եկեղեցու համաշխարհային երիտասարդական միավորման (ՀԵՀԵՄ) հոգևոր տեսուչ և կենտրոնական գրասենյակի տնօրեն Տեր Թովմա վարդապետ Խաչատրյանի տեղակալ Գեղամ սարկավագը։

«Մեր եկեղեցում կան շատ տոներ, բայց ձեզ համար ամենակարևորն ու նշանակալիցը, կարծում եմ, Սուրբ Սարգսի տոնն է։ Հայ առաքելական եկեղեցում հատուկ արարողակարգով Սուրբ Սարգսի տոնին երիտասարդների օրհնության կարգ է կատարվում»,- բացման խոսքում ասաց Գեղամ սարկավագը։



Նա խոսեց Հայաստանում շատ տարածված Վալենտինի տոնի մասին՝ ասելով, որ այն Եվրոպայից եկած տոն է, որը նույնիսկ կաթոլիկ եկեղեցին չի ընդունում։ Նա նաև նշեց, որ սխալմամբ են Վալենտինին սուրբ համարում, քանի որ նրա վարքագրության մեջ չկա որևէ տեղեկություն սրբադասման մասին։

«Մենք հայ ենք, մենք քրիստոնյա ենք և մենք ունենք մեր ազգային, եկեղեցական տոները: Ձեզանից յուրաքանչյուրը մեծ խանդավառությամբ պետք է նշի Սուրբ Սարգսի տոնը»,- ասաց նա։
Գեղամ սարկավագը շնորհավորելով բոլորին՝ խնդրեց կանգնել և աղոթել:



Մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանը նույնպես շնորհավորեց ներկաներին այս տոնի կապակցությամբ և շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին։

Միջոցառման ավարտից հետո Մշակույթի կենտրոնի սաներն ու աշխատակիցները աղի բլիթներ բաժանեցին ներկաներին ու համալսարանականներին:

 

Մարինա Առաքելյան

Այլ նորություններ
ՌՈՒՍ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ՏՈՆԵՑԻՆ «ՄԱՍԼԵՆԻՑԱ»-Ն
ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի ուսանողական խորհուրդն այսօր կազմակերպել էր ռուսական ազգային «Մասլենիցա»-ն, որն ավետում է ձմռան ավարտն ու գարնան սկիզբը։
ԹԱԼԻՇԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ՝ ԵՊՀ ԻՐԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՄԲԻՈՆՈՒՄ
ԵՊՀ իրանագիտության ամբիոնում այսօր տեղի ունեցավ թալիշ երաժշտագետ, ազգագրագետ, մտավորական, «Քադուս» երաժշտական համույթի ղեկավար Արմին Ֆարիդիի «Հայացք Իրանում թալիշական ազգագրական երաժշտությանը» թեմայով դասախոսությունը: