05.02.2016 | 
Հասարակություն
ԵՊՀ-Ն՝ ՍՈՒՐԲ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՏՈՆԻ ՄԱՍՆԱԿԻՑ
ԵՊՀ-Ն՝ ՍՈՒՐԲ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՏՈՆԻ ՄԱՍՆԱԿԻՑ
Արդեն 7 տարի է, ինչ աշխարհիկ և հոգևոր կրթօջախները համատեղ կազմակերպում են միջոցառում՝ ոգեկոչելու Վարդանանց սուրբ նահատակներին ու փառաբանելու նրանց սխրանքը:

Ավարայրի ճակատամարտում հայրենիքի, հայ եկեղեցու և քրիստոնեական հավատի պահպանման համար նահատակված Վարդանանց զորավարներն ու 1036 մարտիրոսները Հայ առաքելական եկեղեցու մեծագույն սրբերից են: Հայ առաքելական եկեղեցին Վարդանանց սուրբ նահատակների հիշատակի օրը տոնում է Մեծ պահքին նախորդող հինգշաբթի օրը:

 

ԵՊՀ մշակույթի կենտրոնը և Գևորգյան հոգևոր ճեմարանը, ավանդույթի համաձայն, այս տարի նույնպես հայոց հոգևոր մայրաքաղաքում՝ Էջմիածնում, տոնը նշելու համար կազմակերպել էին միջոցառում, որին ներկա էին Ծայրագույն պատրիարք Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը, ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, գերաշնորհ հայրեր, ուսանողներ և զինվորներ:

 

ԵՊՀ-ի և Գևորգյան հոգևոր ճեմարանի համատեղ կազմակերպած միջոցառմանն այս տարի առաջին անգամ մասնակցում էին նաև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի սաները:

 

Միջոցառումը մեկնարկեց Տերունական աղոթքով, որին հաջորդեցին Հայաստանի Հանրապետության և Գևորգյան հոգևոր ճեմարանի օրհներգերը: Բացման խոսքով հանդես եկավ ԳՀՃ տեսուչ տեր Գարեգին վրդ. Համբարձումյանը. «Վարդանանց հերոսական հաղթանակը ոչ թե պատմական մի անցք է միայն, այլ հայրենիքի ներկայի կերտման, հոգևոր հայի ձևավորման ու կայացման անբեկանելի իրականություն»,- ասաց վարդապետը:

 

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, ով նշեց, որ Վարդանանց տոնը մեր եկեղեցու ամենասիրված և ազգային տարրերով առանձնացող տոներից մեկն է. «Վարդանանց պատերազմում սուրբ նահատակների արյան գնով ձեռք բերված բարոյական հաղթանակը մեր ազգի ինքնության խորհրդանիշն է: Այն սրբագործեց մեր ժողովրդի ազգային-կրոնական կյանքն ու բարոյական նկարագիրը: Հիրավի, այս տոնը հայրենասիրության և ոգու առկայության դրսևորում է»:

 

Միջոցառմանը բանախոսությամբ հանդես եկավ պատմ. գիտ. թեկնածու Վահե Թորոսյանը, իսկ գեղարվեստական մասն ապահովեցին ԵՊՀ մշակույթի կենտրոնի, Գևորգյան հոգևոր ճեմարանի և Երևանի պետական կոնսերվատորիայի սաները:

 

Միջոցառման ավարտին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն իր օրհնության խոսքն ասաց բոլորին:

Այլ նորություններ
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԻՐԱԶԵԿՈՒՄ. ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄ ԵՎ ԼՈՒԾԱՐՔՆԵՐ» ԹԵՄԱՅՈՎ ԾՐԱԳՐԻ 2-ՕՐՅԱ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ
Այսօր մեկնարկել է «Իրազեկում. բողոքարկում և լուծարքներ» թեմայով 2-օրյա քննարկումը`կազմակերպված ԵՊՀ ՈԻԽ-ի իրավական հանձնաժողովի կողմից:
«ԱՌԱՆՑ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՍԻՐԵԼՈՒ ՈՉ ՈՔ ՉԻ ԿԱՐՈՂ ԴԻՎԱՆԱԳԵՏ ԴԱՌՆԱԼ». ԱՐԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ՝ ԵՊՀ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետն այսօր հյուրընկալել է Ուզբեկստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արամ Գրիգորյանին, որը հանդես է եկել Կենտրոնական Ասիայի պետությունների հետ Հայաստանի հարաբերությունների վերաբերյալ դասախոսությամբ: