15.04.2019 | 
Ուսանողական
«ԹՇՆԱՄՈՒ ԼԵԶՈՒՆ ԻՄԱՆԱԼՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ Է». ԱԴՐԲԵՋԱՆԵՐԵՆԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿ ԵՊՀ-ՈՒՄ
«ԹՇՆԱՄՈՒ ԼԵԶՈՒՆ ԻՄԱՆԱԼՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ Է». ԱԴՐԲԵՋԱՆԵՐԵՆԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում ՈՒԽ մարտական պատրաստության ակումբի նախաձեռնությամբ այսօր կայացավ ադրբեջաներենի դասընթացի մեկնարկը:

Դասընթացի նախաձեռնությունը ԵՊՀ ՈՒԽ մարտական պատրաստության  ակումբի նախագահ Լիպարիտ Ղազարյանինն էր:

 

Վերջինիս տեղեկացմամբ, Մարտական պատրաստության  ակումբ հիմնելու և նման գաղափարներով հանդես գալու միտքը հղացավ բանակից զորացրվելուց անմիջապես հետո:
 

«Ակումբը ռազմավարական ուղղություն ունի, որի գլխավոր նպատակն է մի կառույցում ինտեգրել այն բոլոր ուսանողներին, որոնք դեռ չեն անցել զինվորական ծառայության»,- նշեց Լիպարիտը:

 

Նշենք, որ Մարտական պատրաստության ակումբի գործունեությունը լայն արձագանք է գտել ուսանողների շրջանում. այդ մասին վկայում են ինչպես ուսանողների ակտիվ ներգրավվածությունն ակումբի գործունեությանն ընդհանրապես, այնպես էլ ադրբեջաներենի դասընթացի մեկնարկի՝ ուսանողների հայտադիմումների թիվը:



Լիպարիտի փաստարկմամբ, ԵՊՀ տարբեր ֆակուլտետներից հայտադիմումներ է ներկայացրել ավելի քան 250 ուսանող. «Մեզ համար բարդ և պատասխանատու էր ընտրություն կատարելը, ի վերջո, ընտրվեցին նրանք, ովքեր աչքի ընկան իրենց պարտաճանաչությամբ, բանիմացությամբ և նոր բան սովորելու ներուժով»:

 

Ադրբեջաներենի առաջին դասընթացի խումբը բաղկացած է 30 հոգուց: Խմբի հիմնական կորիզը Միջազգային հարաբերությունների, Աշխարհագրության և երկրաբանության, Հայ բանասիրության և Ժուռնալիստիկայի ֆակուլտետների ուսանողներն են: 

Դասընթացը վարում է Արևելագիտության ֆակուլտետի դասախոս Մարիամ Մելքոնյանը:

 

Ի դեպ, դասընթացի ավարտին ուսանողները ստանալու են վկայականներ և հաջողություն գրանցելու դեպքում խորությամբ ուսումնասիրելու են ադրբեջաներենը.

այս ամենը նպաստելու է դասընթացի՝ նոր խմբերի կազմավորմանը:  

 

Խոսելով ծրագրի կարևորության և արդիականության մասին՝ Լիպարիտը նշեց, որ թշնամու լեզուն իմանալն անհրաժեշտություն է. «Բազմաթիվ տեսանյութերով պարզ է դարձել, որ ադրբեջանցիները վարժ տիրապետում են հայերենին. այդ դեպքում ինչո՞ւ մենք չսովորենք թշնամու լեզուն»:

 

Նրա կարծիքով, դպրոցներում  առանձնակի ուշադրություն պետք է դարձնել նախնական զինվորական պատրաստության դասընթացին, ինչպես նաև սովորեցնել ադրբեջաներեն:

 

Տեղեկացնենք, որ ադրբեջաներենի դասընթացներին զուգընթաց մեկնարկելու է հատուկ մարտական պատրաստության ծրագիր, որն ընդգրկում է ռազմական տեսական և գործնական գիտելիքների լայն ուսումնասիրություն՝ հետախուզություն, ռազմական տեղագրություն, ժեստերի լեզու, կրակային պատրաստություն:

 

Ծրագրի իրագործման համար Մարտական պատրաստության ակումբի նախագահը շնորհակալություն հայտնեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկանին և պրոֆեսորադասախոսական կազմին:

 

 

Անգին Խաչատրյան

 

 

Այլ նորություններ
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԼԵԶՈՒՆԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՃԱՆԱՊԱՐՀԵՑ 2020-2021 ՈՒՍՏԱՐՎԱ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ
ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի բակալավրիատի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը:
«ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ. ՀՀ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԸ ՀԵՏՊԱՏԵՐԱԶՄՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՏԻԳՐԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՀԵՏ
ՈՒԽ Լ. Ազգալդյանի անվան մարտական ակումբն այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում կազմակերպել էր հանդիպում «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանի հետ: