23.01.2019 | 
Հասարակություն
ԻՆՉՊԵ՞Ս ԳՐԵԼ. ՍԹԻՎԵՆ ՔԻՆԳԻ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԸ
ԻՆՉՊԵ՞Ս ԳՐԵԼ. ՍԹԻՎԵՆ ՔԻՆԳԻ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԸ
Ամերիկացի գրող Սթիվեն Քինգը, որին կոչում են նաև «սարսափների արքա», 50-ից ավելի գրքերի հեղինակ է: Սարսափ և միստիկ ոճերի նրա գրքերը համաշխարհային ճանաչում են վայելում, հաճախ էկրանավորվում են՝ գրավելով կինոսերների և կինոգետների ուշադրությունը:

«Ինչպես գրքեր գրել. հիշողություններ արվեստի մասին» ինքնակենսագրական վեպում Սթիվեն Քինգը փոխանցում է իր փորձն ընթերցողներին: Մենք առանձնացրել ենք Քինգի ամենաարժեքավոր խորհուրդները:

Հեռուստացույցը փոխարինեք գրքերով

Ըստ Քինգի՝ «հեռուստացույցը թունավորում է արվեստը»: Գրողը պետք է իր մեջ  գտնի երևակայելու խթանները: Դրան լավագույնս նպաստում է ընթերցանությունը: Քինգն իր հետ ամենուր գիրք է վերցնում, անգամ ճաշելիս: Գրքում նա պնդում է, որ գրող դառնալու համար պետք է շատ կարդալ և շատ գրել, անընդհատ վերընթերցել սեփական գրածները:

Պատրաստ եղեք անհաջողություններին և քննադատությանը

Գրելու ընթացքում հաճախ լինելու են պահեր, երբ գրողը կասկածում է սեփական ուժերին: Կասկածելու են նաև ուրիշները: «Եթե դուք գրում եք (նկարում, պարում, երգում), միշտ լինելու են մարդիկ, որոնք կուզենան՝ դուք ձեզ անհաջողակ զգաք», - զգուշացնում է Քինգը: Գրողը պետք է շարունակի գրել, անգամ եթե ունի զգացմունքային կամ հոգեբանական բարդություններ:

Քինգն այն գրողներից է, որին սպառնալիքներով և վիրավորանքներով լեցուն հազարավոր նամակներ էին ուղարկում: Նա ամաչում էր իր գրածներից: Տարիներ անց գրողը հասկացավ, որ միշտ էլ լինելու են մարդիկ, ովքեր չեն հավանելու իր գործերը, և նա ոչինչ չի կարող անել դրա դեմ:

Նախևառաջ ձեր հաճույքի համար գրեք

«Ես հաճույքի համար եմ գրում: Եվ քանի որ գրքերն ինձ երջանկություն են պարգևում, ես երբեք չեմ դադարի գրել»,- ասում է Քինգը:

Կտրվեք աշխարհից

Գրելը խիստ անձնական գործունեություն է: Ճիշտ մթնոլորտ ապահովելու համար պետք է մի կողմ թողնել հեռախոսը, հեռուստացույցը, անգամ չշեղվել պատուհանից բացվող տեսարանով: Քինգը տեքստի առաջին տարբերակը նմանեցնում է ներքնազգեստով և գուլպաներով կնոջ, որի հետ պետք է փակ դռան հետևում մնալ:

Մի ամաչեք ձեր լեզվից

Քինգն արդարացիորեն նկատում է, որ հաճախ գրողները սկսում են որոնել խելացի բառեր, քանի որ ամաչում են սեփական պարզ լեզվից: «Խելացի» բառերը, ինչպես նաև ավելորդ ու անտեղի խորհրդանիշները միայն վնասում են տեքստին:

Դերբայական դարձվածներն ու երկար պարբերությունները

Քինգը չի սիրում դերբայական դարձվածները, մանավանդ՝ «նա ասաց» արտահայտությունից հետո: Ենթադրաբար, «նա ասաց՝ ժպտալով անծանոթուհուն» արտահայտությունը նյարդայնացնելու է Քինգին: Նա նաև հատուկ ուշադրության է արժանացնում պարբերությունների ծավալը՝ պնդելով, որ դրանք պետք է համապատասխան լինեն սյուժետային շրջադարձներին:

Նկարագրությունների արվեստը

«Նկարագրությունը սկսվում է գրողի երևակայության մեջ և ավարտվում՝ ընթերցողի»,- ասում է Քինգը: Գրքից ձանձրանալը նա պայմանավորում է չափազանց շատ և բարդ նկարագրությունների առկայությամբ: Լեզուն պետք է պարզ լինի, կերպարները՝ պարզ և ընկալելի:

Տեղեկատվական ճահիճ

Հաճախ պատմությանն անհրաժեշտ են որոշակի տեղեկություններ, սակայն Քինգը հորդորում է հիշել, որ դրանք պետք է օգնեն ընթերցողին, ոչ թե շեղեն և աղավաղեն կերպարների և սյուժեի ընկալումները:

Թմրամոլությունը և գրելը

 

Քինգը գրելու մասին ամենամեծ միֆն է համարում այն, որ գրողին պետք են թմրեցնող նյութեր: Ըստ նրա՝ թմրանյութեր օգտագործող գրողներն ընդամենը թմրանյութեր օգտագործող մարդիկ են, որոնք փորձում են կոծկել սեփական արատավոր սովորույթները՝ արվեստ ստեղծելու պատրվակով:

Գրեք ամեն օր

«Եթե ես չգրեմ ամեն օր, կերպարները կսկսեն փտել իմ գլխում… ես կկորցնեմ սյուժեն և պատմության դինամիկան»,- անկեղծանում է Քինգը: Գրելն էլ է աշխատանք, և պահանջում է ամենօրյա ջանք:

Առաջին ձեռագիրը՝ 3 ամսում

Քինգն օրական 10 էջ է գրում: Նա վստահ է, որ ձեռագրի առաջին տարբերակը երեք ամսից ավելի չպետք է գրվի, հակառակ դեպքում այն դառնում է տարօրինակ և օտար:

Դադար տվեք

«Երբ գրում եք, դուք նայում և ուսումնասիրում եք ծառերը: Երբ գիրքն ավարտված է, պետք է հետ քայլ անել և տեսնել անտառը»,- նշում է Քինգը՝ առաջարկելով 6 շաբաթով մի կողմ թողնել գիրքը, ապա նորից վերադառնալ դրան ՝ գտնելու սյուժետային անհամապատասխանությունները և կերպարների բացթողումները:

Կրճատեք

Գրողներն ափսոսանքով են ջնջում կամ կրճատում իրենց ստեղծած տեքստը, սակայն դա խմբագրման կարևոր փուլն է: Անհրաժեշտ է հրաժարվել անհետաքրքիր հատվածներից՝ հանուն հաջողված ստեղծագործության:

Ամուսնացեք և առողջ ապրեք

Հետաքրքիր է, որ Քինգն իր հաջողությունը պայմանավորում է երկու հանգամանքով՝ ֆիզիկական առողջությամբ և ամուսնությամբ: «Առողջ մարմինը և ինքնավստահ կնոջ հետ կայուն հարաբերություններն ինձ թույլ տվեցին շարունակել գրելը»,- նշում է «սարսափների արքան»: Կարևոր է պահպանել հավասարակշիռ կենսակերպը, քանի որ գրելը բարդ և լիարժեք նվիրվածություն, ներդրում պահանջող գործ է:

Մարի Ռաֆյան

Այլ նորություններ
ԵՊՀ ԵՐԱԽՏԱՎՈՐՆԵՐԸ. ԱՐՏԱՇԵՍ ՇԱՀԻՆՅԱՆ
Մաթեմատիկոս, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Արտաշես Շահինյանի մասին պատմում է նրա որդին՝ ֆիզիկոս, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Արամ Շահինյանը:
ԴԵԼԻԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԵՏԱԶՈՏՈՂ ԱՆՈՒՇ ԳԱՍՊԱՐՅԱՆՆ ԱՇԽԱՏԱՎԱՅՐՈՒՄ ՍԵՌԱԿԱՆ ՈՏՆՁԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԻՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնում այսօր «Սեռական ոտնձգությունները աշխատավայրում․ Հնդկաստանի իրավական ակտերի վերլուծություն» թեմայով հետազոտություն ներկայացրեց Դելիի համալսարանի հետազոտող Անուշ Գասպարյանը: