06.11.2019 | 
Հասարակություն
ԴԱՍԱԴՈՒԼ ԵՊՀ-ՈՒՄ՝ «ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ», «ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ԵՎ «ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՆԵՐԸ ՈՉ ՊԱՐՏԱԴԻՐ ԴԱՐՁՆԵԼՈՒ ԴԵՄ
ԴԱՍԱԴՈՒԼ ԵՊՀ-ՈՒՄ՝ «ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ», «ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ» ԵՎ «ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՆԵՐԸ ՈՉ ՊԱՐՏԱԴԻՐ ԴԱՐՁՆԵԼՈՒ ԴԵՄ
ԵՊՀ հայ բանասիրության և պատմության ֆակուլտետների մի շարք ուսանողներ այսօր դասադուլ էին կազմակերպել։ Ուսանողները բողոքում էին աշխատանքային քննարկման դրված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծից, ըստ որի՝ «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Պատմություն» առարկաները պարտադիր չեն լինելու ոչ մասնագիտական ֆակուլտետների ուսանողների համար։

Ուսանողներին իրենց աջակցությունն էին հայտնում նաև նույն ֆակուլտետների պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները, որոնք նշում էին՝ նախագիծը թերի է և ունի քննարկման կարիք:

 

Մեզ հետ զրույցում Հայ բանասիրության ֆակուլտետի ուսանող, դասադուլի կազմակերպիչ Գևորգ Գյուլումյանն ասաց, որ  այս դասադուլը նախազգուշական բնույթ է կրում․ «Մենք կարծում ենք, որ ոչ մասնագիտական ֆակուլտետներում լեզվի ուսուցման հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան, բայց այդ խնդիրները լուծելու լավագույն միջոցը խնդիրը շրջանցելը չէ»։

 

Գ․ Գյուլումյանի հավաստմամբ, Հայ բանասիրության ֆակուլտետում հավաքվածների մեջ էին ոչ միայն ԵՊՀ հայ բանասիրության և պատմության, այլև այլ բուհերի ուսանողներ։ 

 

Լրագրողների հետ զրույցում Հայ բանասիրության ֆակուլտետի դոցենտ Արշալույս Գալստյանն ասաց. «Մեր ֆակուլտետի գիտխորհուրդը բացասական կարծիք ունի այս օրինագծի մասին։ Բոլորս էլ հասկանում ենք, թե 21-րդ դարում ինչ բացասական հետևանքներ կարող է ունենալ մայրենիի նահանջը փոքր ազգի համար»։

 

 

«Եկեք փոխենք բովանդակությունը: Թող հայոց լեզուն ավելի գործնական մատուցվի: Եթե սա չի արվում, չի նշանակում, որ պետք է հանել: Թող փոխեն ծրագրերը: Հարցը պետք է լայն քննարկման դրվի, պետք է հասկանանք, թե ինչու է այս առարկաների պարտադիր ուսուցումը հանվում»,- նշեց Ա. Գալստյանը:

 

Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանն ասաց, որ ինքը՝ որպես քաղաքացի և որպես դասախոս, ուրախ է, որ երիտասարդ սերունդը մտահոգվում է մեր պետության և իրենց ապագայի համար․ «Սահմանադրությամբ ամրագրված է հայերենի վիթխարի կարևորությունը Հայաստանի համար, միշտ պետք է կարողանանք պաշտպանել մեր լեզվի շահերը։ Աստվածաշունչն ասում է՝ ի սկզբանե բանն է։ Հիմա, եթե մենք այդ բանը՝ հայերենը, չենք պաշտպանում, ապա ինչի մասին է խոսքը»։

 

Հայ բանասիրության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի Էմմա Գրիգորյանն էլ մեզ հետ զրույցը սկսեց լեզվաբան Հրաչյա Աճառյանի խոսքերով. «Մայրենի լեզուն մարդու հետ է միշտ։ Լեզուն այն միջոցն է, որով գիտակցությունը մարմին է առնում, մտածմունքը՝ նյութականանում»։

 

Նա նշեց, որ լեզուն ազգի պահպանման հիմքն է․ «Ֆակուլտետի մեր բոլոր ընկերները դեմ են նախարարի այս հայտարարությանը։ Բոլոր նրանք, ովքեր համարում են, որ հայոց լեզուն պարտադիր չէ, չեն կարող ազգ պահպանել»։

 

 

Դասադուլ անող ուսանողների կողքին էր նաև ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանը, որն ասաց, որ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծին իրենք կտրուկ դեմ են, որովհետև այնտեղ չեն տեսնում կրթության բարելավմանն ուղղված համընդհանուր խնդիրների լուծում:

 

Դավիթ Ափոյանը նշեց, որ ինքը շատ դժգոհ է նախարարի՝ կրթության նկատմամբ ունեցած վերաբերմունքից․ «Կրթությունն ամենաթողության է մատնված։ ԿԳՄՍ նախարարությունն ուշադրություն չի դարձնում Մայր բուհին»։

 

 «Այստեղ ազգի հարցն է, թե մենք մեր ազգային ինքնության հարցն ինչպես ենք դնում։ Հենց սա է ամբողջ խնդիրը, որ պետք է հասցնել օրենքի նախագիծը քննարկողներին։ Հայտնի խոսք է՝ գլխացավը վերացնելու համար կտրել գլուխը»,- ասաց Հայոց լեզվի ամբիոնի դոցենտ Աշոտ Տեր-Մինասյանը՝ կրկնելով, որ սա քաղաքական ակցիա չէ։

 

Բանասիրության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող, ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Սամվել Եղիազարյանի նախաձեռնությամբ ուսանողները դիմում կարդացին բուհական ծրագրերում «Հայոց լեզու», «Հայոց պատմություն» և «Հայ գրականություն» առարկաները ոչ պարտադիր դարձնելու մասին որոշման վերաբերյալ: Նա նշեց, որ դասադուլը շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև նախարարությունը որոշում կայացնի, որ վերոնշյալ առարկաները պետք է լինեն պարտադիր:

 

 

«Հայաստանի ինքնիշխան պետության բոլոր բուհերում հայոց լեզուն և հայոց պատմությունը պետք է շարունակեն պարտադիր ուսուցման առարկաներ լինել։ Մենք՝ ուսանողներս, համոզված ենք, որ միայն նման ճանապարհով հնարավոր կլինի ապահովել մրցունակ կրթություն ստանալու մեր ակադեմիական ազատությունները։ Հայոց լեզուն՝ իբրև մեր պետական լեզու, պետք է դասավանդվի ու ամրակայվի գիտական և գործառնական աշխատանքի բոլոր ոլորտներում՝ գրավոր և բանավոր հաղորդակցության համապատասխան հմտությունների ձևավորման ու զարգացման նպատակով»,- շարադրված էր դիմումում։

 

Ուսանողները ԿԳՄՍ նախարարին հղած դիմումում ասում են, որ  Նոր Հայաստանի ուսանողությունն ընտրում է հայոց լեզվի և պատմության  իմացության նոր, առավել բարձր մակարդակի պարտադիր ուսուցում և պահանջում է այն ամրագրել օրենքով, քանի որ ոչ միայն օտար լեզուներին, այլև առաջին հերթին մայրենիին և պատմությանը գերազանց տիրապետող մարդը միայն կարող է դառնալ կայացած մասնագետ տարբեր ոլորտներում։

 

Դիմումը տրվեց ուսանողներին՝ նրանցից ստորագրություններ հավաքելու նպատակով։

 

ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը լրագրողների հետ ճեպազրույցում շեշտեց, որ հայոց լեզուն, հայոց պատմությունը, հայ գրականությունն ընդհանուր կրթական մակարդակի բարձրացման համար են, քանի որ այսօրվա երիտասարդությունը վաղը ղեկավարելու է պետությունը։ Նա նշեց, որ առանց ընդհանուր բովանդակությունը հասկանալու՝ այս առարկաների պարտադիր ուսուցումը հանելը սխալ է։

 

 

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանն էլ ասաց, որ ինքն առհասարակ դեմ է դասադուլներին, բայց ցավոք, կյանքն այնպես է դասավորվում, որ այդ դասադուլները երբեմն անհրաժեշտ են լինում. «Իմ անձնական կարծիքը հետևյալն է․ գուցե աշխարհի շատ երկրներում չեն անցնում մայրենի լեզու, գրականություն և պատմություն։ Այդ ժողովուրդներն ունեն տարբեր ճակատագրեր, գտնվում են աշխարհագրական, քաղաքական, ռազմական, սոցիալական բազում այլևայլ աստիճաններում։ Մեր ներկայիս կյանքը և անցյալ 30 տարիները մեզ ստիպում են միշտ զգոն պահել այն ամենը, ինչ կապված է ազգայինի հետ՝ ազգային մտածողություն, ազգային զգացումներ, ազգային անցյալ և ազգային դաստիարակություն»։

 

Դեկանը մատնանշեց նաև, որ միջնակարգ դպրոցների կողմից տրված այդ դաստիարակությունը շատ թերի է, և կարելի է վերոնշյալ առարկաները դարձնել կամընտրական, երբ միջնակարգ դպրոցում դրանց մասին գիտելիքները կուսուցանվեն գերազանց։

«Այս առարկաները մեր ժողովրդի գոյատևման ճանապարհին շատ էական, ես կասեի՝ անփոխարինելի դեր ունեն»,-  փաստեց Ա․Ավագյանը։

 

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար պարոն Գեղամ Գևորգյանը, տեղեկանալով ֆակուլտետում ստեղծված իրավիճակի մասին,դռնփակ հանդիպում ունեցավ Հայ բանասիրության և Պատմության ֆակուլտետների դեկանների, ամբիոնների վարիչների և դասադուլը կազմակերպած ուսանողների հետ՝ հարցը քննարկելու նպատակով։

 

Հանդիպումից հետո ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը պատասխանեց լրագրողների հարցերին։

ԵՊՀ ժամանակավոր պաշտոնակատար պարոն Գեղամ Գևորգյանն ասաց, որ Հայ բանասիրության ֆակուլտետ եկել է ոչ թե օրենքի նախագծի աշխատանքային տարբերակը քննարկելու, այլ երկու ֆակուլտետների ուսանողներին և պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներին լսելու համար։

 

Այն մասին, թե քննարկումն ինչ արդյունքներ տվեց, պարոն Գ․Գևորգյանը պատասխանեց․ «Եղել է փոխադարձ պայմանավորվածություն պահանջը գրավոր ներկայացնել և ստորագրահավաքն անել ոչ թե ընդհանրապես, այլ կոնկրետ տեքստի տակ։ Հաջորդը՝ եթե ուսանողները որոշում են դասադուլ անել, ապա այն պետք է անել շենքից դուրս, պարզ պատճառով, որ ոչ բոլորն են միացել դասադուլին, և այն չպետք է խանգարի ուսումնական գործընթացին: Ուրիշ էական պայմանավորվածություն ձեռք չի բերվել»:

 

Պարոն Գ․ Գևորգյանը նշեց, որ ինքն արհեստական է համարում երկու առարկա առանձնացնելը և մյուսների մասին չխոսելը, որովհետև այդ երկու առարկաները ներմուծվել են օրենքի ուժով։ Նա անդրադարձավ այն առարկաներին, որոնք կառավարության որոշմամբ են պարտադիր դարձել, և որոնց մասին, կարծես թե, չի խոսում․«Եթե այս բոլորը գումարում ենք, շոշափելի առարկայացանկ է լինում, որն այսօր մեր ուսանողները պարտադիր անցնում են: Բացի նշված առարկաներից՝  դրանց մեջ մտնում են նաև «Բնապահպանություն», «Քաղպաշտպանություն», «Ֆիզդաստիարակություն», «Իրավագիտություն» առարկաները։ Իհարկե, մյուս առարկներն այս երկուսի հետ նույն հարթության վրա չէի դնի, բայց այսօրվա գործող կարգերով դրանք նույն հարթության վրա են»:

 

Խոսելով ոչ պարտադիր ուսուցանման մասին՝ վերջինս նշեց, որ դպրոցներում ևս պարտադիր առարկաներ չկան, և եթե ցանկություն կա նորովի ինչ-որ բան անցնելու, պետք է ընդմիջում անել, որ մարդն ավելի հասունանա, և նրան ուսուցանվեն հայ ժողովրդի պատմության հիմնահարցերը, ոչ թե հայ ժողովրդի պատմությունը:

 

 

«Երկրորդ առարկան «Հայոց լեզու և գրականություն» առարկան է, որի անունն ամրագրված է օրենքով: Բայց համալսարանում այդ առարկան ուսուցանվում է մասնագիտություններին հարմարեցված: Ճիշտ կլիներ այն ուսումնասիրել ոչ թե երկու կիսամյակի մեջ լղոզված, այլ մեկ կիսամյակ և մասնագիտական որոշակի հմտություններ ձեռք բերելուց հետո: Պատճառն այն է, որ եթե մենք բուհում ուզում ենք, որ առարկան նպաստի մասնագետի  հայեցի արտահայտման կարողության  ամրապնդմանը, ապա նա պետք է ստանա որոշակի մասնագիտական կրթություն, որից հետո մենք կփորձենք այն ավելի հայեցի դարձնել»,- ասաց ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը:

 

Քննարկման վերջում դասադուլը կազմակերպած ուսանողներից տեղեկացանք, որ որոշվել է դադարեցնել դասադուլը, դիմում ներկայացնել ԿԳՄՍ նախարարությանը նշված նախագիծը հետ կանչելու կամ այն քննարկելու համար հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ։

 

Մարինա Առաքելյան

 


Այլ նորություններ
ԱՌԱՎԵԼ ԱՆՎՏԱՆԳ ԵՎ ԷԿՈԼՈԳԻԱՊԵՍ ՄԱՔՈՒՐ. ՔԻՄԻԱՅԻ ԴԵՐԸ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԲԵՐ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ
ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի նախասրահում այսօր մեկնարկել է «Քիմիան արտադրությունում 2019» խորագրով եռօրյա ցուցահանդեսը:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՊՀ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ
Տավուշի մարզ աշխատանքային այցի ընթացքում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր իր տիկնոջ հետ այցելել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ: