16.05.2017 | 
Ուսանողական
ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ ԿՐԿՆԱԿԻ ՏՈՆ Է
ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ ԿՐԿՆԱԿԻ ՏՈՆ Է
Այսօր ԵՊՀ մեծ դահլիճում տեղի ունեցավ «Ուսանող-2017» համերգ-մրցանակաբաշխությունը, որն այս տարի նվիրված էր Մայր բուհի հիմնադրման 98-ամյակին և Ուսանողների և երիտասարդների օրվան:

Մայիսը հայ ժողովրդի համար հաղթանակների ամիս է: Մեր պատմության մայիսյան ամենաոգեղեն հաղթանակներից մեկն էլ Երևանի պետական համալսարանի` մեր հարատևության յուրօրինակ խորհրդանիշի հիմնադրումն է եղել:

 

Արդեն 2-րդ տարին է, ինչ ԵՊՀ հիմնադրման օրը՝ մայիսի 16-ը, նշվում է որպես Ուսանողների և երիտասարդների օր, որը պաշտոնապես ներառված է «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում, և պատահական չէր, որ ԵՊՀ ուսանողական խորհրդի կողմից անցկացվող ամենամյա համերգ-մրցանակաբաշխությունը նվիրված էր հենց այս տոներին:




Համերգ-մրցանակաբաշխությանն այսօր ներկա էին ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր Արարատ Մալխասյանը, ֆակուլտետների դեկաններ, մի շարք ստորաբաժանումների ղեկավարներ, ուսանողներ և շրջանավարտներ:

 

Տոնի կապակցությամբ Մայր բուհի ուսանողներին շնորհավորելու էին եկել նաև երգչուհի Նարե Գևորգյանը, «Իքս Ֆակտոր» (X-Factor) նախագծի սիրված մասնակիցներ Հովհաննես Ալեքսանյանը, Արտյոմ Հակոբյանը (Տյոմ), ինչպես նաև Մարիամը (ով սովորում է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում) և Էմմանուելը, ովքեր իրենց կատարումներով ավելի ուրախ և տոնական դարձրին միջոցառումը:

 

 

ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, շնորհավորելով ուսանողներին, իր խոսքում նշեց, որ ամեն տարի Մայր բուհում նշվել է այս օրը, բայց կրկնակի պատիվ է, երբ կարևորվում է համալսարանի հսկայական ավանդն ու նշանակությունը հայ կրթական ու գիտական, մշակութային կյանքում և օրենքով ամրագրվում նրա հիմնադրման օրը` որպես պետականորեն նշվող տոն. «Մեծ հպարտությամբ եմ փաստում, որ տոնն օրենքով ամրագրելու նախաձեռնությունը եղել է հենց Մայր բուհի ուսանողներինը, և նրանց, իհարկե, մեծապես աջակցել է ԵՊՀ ռեկտորատը»:

 

Ուսանողների և երիտասարդների օրը առիթ է նաև գնահատելու և խրախուսելու ուսանողների ակտիվ մասնակցությունը ներհամալսարանական ուսանողական կառույցներում: Այս նպատակին է միտված ՈՒԽ-ի կողմից կազմակերպվող «Ուսանող-2017» մրցույթը: Մրցույթի հաղթողներին պատվոգրերն ու ՈՒԽ արծաթե մեդալները հանձնելու համար հրավիրվել էին ուսանողական կառույցների նախկին ղեկավարներ Միհրան Հակոբյանը (ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, 2004-2006 թթ.՝ ՈՒԽ նախագահ), Ցոլակ Ակոպյանը (Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի պրոռեկտոր, 2008-2012 թթ.՝ ՈՒԽ նախագահ), Եզնիկ Միրզոյանը (ԵՊՀ գրադարանի տնօրեն, 2004-2006 թթ.՝ ՈՒԳԸ նախագահ) և Ռուբեն Մարկոսյանը (ԵՊՀ պրոռեկտոր, 1998-2001 թթ.՝ ՈՒԳԸ նախագահ):




«Ուսանող-2017» մրցույթի հաղթողներին այս տարի որոշել է ԵՊՀ ՈՒԽ գիտակրթական հանձնաժողովի նախագահից և նախագահության անդամներից կազմված հատուկ հանձնաժողովը, որը ձևավորվել է ԵՊՀ ՈԻԽ նախագահության նիստում:

 

Մեզ հետ զրույցում ԵՊՀ ՈՒԽ քարտուղար Գոհար Ջուլհակյանը նշեց, որ լավագույններին ընտրել են՝ հաշվի առնելով ներհամալսարանական կյանքում ցուցաբերած ակտիվությունը, միջին որակական գնահատականը (ՄՈԳ) և գիտական գործունեությունը:

 

 

Տեղեկացնենք, որ համերգ-մրցանակաբաշխության ընթացքում ամփոփվեցին նաև ԵՊՀ ՈՒԽ գիտակրթական հանձնաժողովի կողմից կազմակերպված՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված էսսեների մրցույթի արդյունքները, ինչպես նաև պարգևատրվեցին ակտիվ գործունեություն ծավալած ուսխորհրդականները:

«Ուսանող-2017» համերգ-մրցանակաբաշխությունը իրականացվել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ֆինանսավորմամբ:

 

Ստորև ներկայացնում ենք «Ուսանող-2017» մրցույթի հաղթողներին՝

  • Անուշ Ոսկանյան - Ֆարմացիայի ինստիտուտ

  • Սիրանուշ Պողոսյան - Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ

  • Տաթևիկ Դունամալյան - Արևելագիտության ֆակուլտետ

  • Անահիտ Ազատյան - Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետ

  • Սվետլանա Ավանեսյան - Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ

  • Աննա Նազարյան - Հայ բանասիրության ֆակուլտետ

  • Չինար Մովսիսյան - Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ

  • Հայկ Գևորգյան - Ֆիզիկայի ֆակուլտետ

  • Հասմիկ Վարդումյան - Կենսաբանության ֆակուլտետ

  • Աստղիկ Մարիկյան - Աստվածաբանության ֆակուլտետ

  • Զավեն Վարտումյան - Իրավագիտության ֆակուլտետ

  • Հովհաննես Ադունց - Քիմիայի ֆակուլտետ

  • Դավիթ Աքելյան - Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ

  • Վահե Պետրոսյան - Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ

  • Զարուհի Իսավերդյան - Ռուս բանասիրության ֆակուլտետ

  • Լաուրա Մարտիրոսյան - Ժուռնալիստիկայի ֆակուլտետ

  • Օֆելյա Թադևոսյան - Սոցիոլոգիայի ֆակուլտետ

  • Լիլիա Կիրակոսյան - Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ  

  • Զեմֆիրա Եգանյան - Պատմության ֆակուլտետ

  • Նարեկ Ավագյան - Ռադիոֆիզիկայի ֆակուլտետ

 

Այլ նորություններ
«Ի՞ՆՉ, ՈՐՏԵ՞Ղ, Ե՞ՐԲ». ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԵՆ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր Իրավագիտության ֆակուլտետի ՈՒԽ-ի նախաձեռնությամբ անցկացվել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ներֆակուլտետային ինտելեկտուալ խաղ-մրցույթը:
ԵՊՀ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԹԻԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ
Հանրապետության ուսանողական 22-րդ մարզական խաղերի ծրագրով հոկտեմբերի 5-ին Երևանյան լճի տարածքում գտնվող ջրային մարզաձևերի մարզակայանում անցկացվեց «Դրակոնբոութ» (թիավարական մակույկներ) և «Կոնցեպտ» (վարժասարքեր) մարզաձևերի բուհական առաջնությունը, որի մասնակցել են 8 բուհերի հավաքականներ: