25.12.2019 | 
Հասարակություն
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Սույն թվականի դեկտեմբերի 24-ին իր աշխատասենյակից ձեռնաշղթաներով բերման է ենթարկվել ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանը:

Որպես ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողական խորհուրդ` թե՛ որպես ինքնակառավարվող կառույցի մաս և թե՛ որպես մասնագիտական կառույց, չենք կարող անտարբերության մատնել երեկ համալսարանում տեղի ունեցածը, մասնավորապես` ԵՊՀ ՈՒԽ նախագահի նկատմամբ դրսևորած հակաիրավական, հակաօրինական վարքագիծը, որով փորձ արվեց արատավորել թե՛ վերջինիս պատիվն ու արժանապատվությունը և թե՛ առհասարակ Ուսանողական խորհրդի և համալսարանի բարի համբավը:

Բացի դատավարական մի շարք սկզբունքների խախտումից` ընդգծենք, որ ԵՊՀ ՈԻԽ նախագահին որպես վկա բերման ենթարկելու օրենքով նախատեսված բոլոր ընթացակարգերը կոպտորեն խախտվել են, նաև արատավորվել է վերջինիս ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված պատիվն ու արժանապատվությունը, որոնք պաշտպանվում են ոչ միայն ներպետական մակարդակով, այլև Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով, ինչպես նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին կոնվենցիայով, սրանով իսկ փորձ է արվել հեղինակազրկել Մայր բուհը և արատավորել Ուսանողական խորհրդի` որպես ուսանողների միակ ներկայացուցչական կառույցի բարի համբավը:

Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ նորանկախ պետության ստեղծումից ի վեր նման հակաօրինական գործելաոճ համալսարանի և հատկապես ուսանողի նկատմամբ երբևէ չի դրսևորվել պետական մարմինների կողմից:

Հիմք ընդունելով վերոշարադրյալը` Իրավագիտության ֆակուլտետի ուսանողական խորհուրդը խստորեն դատապարտում է իրավապահ մարմինների նման գործելաոճը, հակաօրինական գործողությունները, որով ակնհայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորվել ինչպես համալսարանի` որպես Մայր բուհի, այնպես էլ ՈԻԽ-ի` որպես ուսանողների միակ ներկայացուցչական մարմնի նկատմամբ, ինչպես նաև արատավորվել են ՈԻԽ նախագահի բարի համբավը և արժանապատվությունը:

Այսպիսով՝ պահանջում ենք իրավասու մարմինների (դատախազություն, ոստիկանություն, քննչական մարմիններ) պատշաճ իրավական գնահատականը տեղի ունեցած անօրինական գործողությունների առթիվ:

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողական խորհուրդ

Այլ նորություններ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«ԵՊՀ ՕԼԻՄՊԻԱԴԱ-2020»-ը և «ԱՐԻ՛ ԵՊՀ» ցուցահանդեսը հետաձգվում են:
ԱՌՑԱՆՑ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԸՆԹԱՑՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն։