14.07.2016 | 
Ուսանողական
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄԸ՝ ԶԻՆՎՈՐԻ ԱՌՕՐՅԱՅՈՎ
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄԸ՝ ԶԻՆՎՈՐԻ ԱՌՕՐՅԱՅՈՎ
Ներկայացնում ենք հուլիսի 12-ին մեկնարկած «Ուսանողական ռազմական բանակում» ծրագրի առօրյան՝ առաջին և երկրորդ օրերի օրագիրը:

Ինչպես տեղեկացրել էինք, հուլիսի 12-ին ԼՂՀ Հադրութի շրջանի Տող գյուղում մեկնարկել է արդեն ավանդույթ դարձած «Ուսանողական ռազմական բանակում» ծրագիրը: Արդեն մի քանի օր է, ինչ ուսանողները այստեղ ապրում են զինվորական վրաններում, քնում են զինվորական մահճակալների վրա, իսկ առօրյան հարուստ է մարզական, ինտելեկտուալ և մշակութային տարբեր միջոցառումներով: Ստորև ներկայացնում ենք բանակումի առօրյան.


ՕՐ 1

Առաջին օրը ուսանողները այցելեցին Հադրութի շրջանի զորամասերից մեկը, որտեղ նրանց սպասում էին զորամասի զինծառայողները: Այստեղ ուսանողներին ցուցադրեցին մի շարք հրաձգային զինատեսակներ, բացատրեցին դրանց կառուցվածքն ու գործառույթները: Զորամաս կատարած առաջին այցը ավարտվեց ուրախ տրամադրությամբ՝ ուսանողների և զինվորների համատեղ ազգային երգ ու պարով:


Զորամաս այցելությունից հետո նրանք ուխտագնացության մեկնեցին դեպի Արցախի ամենահին և մինչ այժմ կանգուն մնացած կառույցներից մեկը՝ Ամարաս վանական համալիր: Այնուհետև հնարավորություն ունեցան տեսնելու 2033 տարեկան հայտնի Տնջրի ծառը: Օրվա ընթացքում ուսանողների հետ հանդիպեցին նաև ՀՀ և ԼՂՀ ԱԺ պատգամավորների պատվիրակությունը, և տեղի ունեցավ ակտիվ քննարկում՝ «Ազգային գաղափարախոսություն» թեմայով: Ճամբարում բոլոր հանդիպումները, այցերն ու քննարկումները անցնում են ջերմ ու ընկերական մթնոլորտում:




ՕՐ 2
ԵՊՀ ուսանողները, Արցախում շարունակելով իրենց ակտիվ հանգիստը, կրկին այցելեցին զորամաս, որտեղ հատուկ հանդերձավորված հետախույզները ուսանողներին ցույց տվեցին մի քանի մարտավարական հնարքներ: Այնուհետև ուսանողները փորձեցին իրենց ուժերը՝ կատարելով «Արգելքների հաղթահարում» վարժությունը: Ջոկատների միջև կազմակերպվեցին նաև մրցույթներ «Ծանրաձողի հրում» և «Պարանի ձգում» վարժություններում, որտեղ իրենց ակտիվությամբ, ոգևորությամբ տղաներին ոչնչով չէին զիջում նաև աղջիկները: Երկու մրցույթներում էլ հաղթեց 7-րդ ՊՇ ջոկատը, որը հիանալի արդյունք գրանցեց հատկապես «Ծանրաձողի հրում» վարժության ժամանակ՝ կատարելով 83 հրում: Այս ջոկատից Արփինե Մուրադյանը սկզբից մինչև ավարտը մեծ դժվարությամբ էր բարձրացնում ծանրությունը, բայց մինչև վերջ համառորեն կատարեց այն. «Անկեղծ կլինեմ, հենց սկզբից այնքան էլ հաճույքով չեմ կատարել վարժությունը, քանի որ այն ինձանից  ֆիզիկական շատ մեծ ուժ էր պահանջում: Բայց ոչ մի կերպ չէի ուզում առաջինը գցել ծանրափայտը՝ պարտություն որոշելով ամբողջ ջոկատիս համար: Այն միտքը, որ դա անում եմ հանուն ամբողջ ջոկատի, հանուն մեր համատեղ պատվի ու հաղթանակի, ինձ ավելի էր ուժ տալիս ու առաջ մղում»:




Աղջիկների ոգևորությունը նկատեց նաև զորամասի հրամանատարը. «Ինձ շատ ուրախացրեց այն փաստը, որ աղջիկներն իրենց կամքի ուժով և ակտիվությամբ ոչ միայն չզիջեցին տղաներին, այլև որոշ վարժություններ կատարելիս առավելություն ունեցան նրանց նկատմամբ: Սա մեզ համար շատ կարևոր է, քանի որ նրանք ապագա մայրեր են, մեր ապագա զինվորներին դաստիարակողները: Վստահ եմ՝ վաղը նրանց որդիներն ունենալու են նույն հզոր ոգին, որն այսօր ունեն այս աղջիկները: Նայում եմ այս երիտասարդներին՝ տղա թե աղջիկ, և մեծ հպարտություն ու վստահություն եմ զգում, քանի որ մեր երկրի համար այս դժվարին ժամանակաշրջանում նրանց ցուցաբերած այս նախաձեռնությունը իրոք մեծ կարևորություն ունի բոլորիս համար: Մեր առջև ազգային խնդիր կա դրված, որը, վստահ եմ, հենց այս սերունդն է լուծելու»:

Ճամբար վերադառնալուց հետո ուսանողները հանդիպեցին Արցախի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի հետ, որի ընթացքում քննարկումներ ունեցան «Արցախյան գոյապայքար» թեմայով: Օրվա վերջում շատ թեժ ու հետաքրքիր մթնոլորտում ջոկատների միջև կազմակերպվեց ինտելեկտուալ խաղ-մրցույթ, որի ընթացքում առավելագույն միավորներ հավաքեց 5-րդ ՊՇ ջոկատը:

Այլ նորություններ
«Ի՞ՆՉ, ՈՐՏԵ՞Ղ, Ե՞ՐԲ». ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԵՆ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր Իրավագիտության ֆակուլտետի ՈՒԽ-ի նախաձեռնությամբ անցկացվել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ներֆակուլտետային ինտելեկտուալ խաղ-մրցույթը:
ԵՊՀ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԹԻԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ
Հանրապետության ուսանողական 22-րդ մարզական խաղերի ծրագրով հոկտեմբերի 5-ին Երևանյան լճի տարածքում գտնվող ջրային մարզաձևերի մարզակայանում անցկացվեց «Դրակոնբոութ» (թիավարական մակույկներ) և «Կոնցեպտ» (վարժասարքեր) մարզաձևերի բուհական առաջնությունը, որի մասնակցել են 8 բուհերի հավաքականներ: