16.11.2018 | 
Ուսանողական
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄԵԿ ՕՐՈՎ ՂԵԿԱՎԱՐԵԼ ԵՆ ԵՊՀ-Ն
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄԵԿ ՕՐՈՎ ՂԵԿԱՎԱՐԵԼ ԵՆ ԵՊՀ-Ն
Ուսանողների միջազգային օրվան ընդառաջ ԵՊՀ ՈՒԽ գիտակրթական հանձնաժողովն այսօր կազմակերպել էր ամենամյա «ԵՊՀ ուսանողական ռեկտորատ» ծրագիրը, որը հնարավորություն է տալիս ուսանողներին մեկ օրով ղեկավարելու բուհը՝ ստանձնելով ԵՊՀ ռեկտորի, պրոռեկտորների և ֆակուլտետների դեկանների պաշտոնները:

Ծրագիրը մեկնարկեց առավոտյան ԵՊՀ գիտական խորհրդի դահլիճում կայացած կարճ ռեկտորատի նիստով, որտեղ «ԵՊՀ ուսանող-ռեկտոր» Խաչիկ Աբաջյանը ներկայացրեց բուհի «ուսանող-ղեկավարությանը»: Աշխատանքային ողջ օրվա ընթացքում ուսանողները կարող են մոտենալ պաշտոնակատարների աշխատասենյակներ՝ քննարկելու իրենց հուզող խնդիրները:

Ծրագրին մասնակցել ցանկացող ուսանողները նախօրոք ԵՊՀ ուսանողական խորհրդում լրացրել են մասնակցության դիմում-հայտ, այնուհետև անցել են հարցազրույցի փուլը, հետո նոր ընտրվել են բուհի ղեկավարության՝ ռեկտորի, պրոռեկտորների և վարչությունների ղեկավարների, բոլոր ֆակուլտետների դեկանների պաշտոններում: «ԵՊՀ ուսանողական ռեկտորատ» ծրագրի շրջանակում ԵՊՀ ռեկտոր Խաչիկ Աբաջյանը նշեց, որ արդեն ավանդույթ դարձած այս ծրագրի նպատակն այն է, որ ուսանողները մեկ օրով կարողանան ղեկավարել բուհը և բարձրաձայնեն ուսանողներին հուզող հիմնախնդիրները. «Մեկ օր լինելով ղեկավար պաշտոնում՝ուսանողները հնարավորություն կունենան հասկանալու այն դժվարությունները, որոնք ունենում է բուհի ղեկավարությունը»:

Խաչիկ Աբաջյանի խոսքով, «ԵՊՀ ուսանողական ռեկտորատ» ծրագրի ավարտից հետո նախատեսվում է ուսանողների բարձրաձայնած խնդիրների և դրանց լուծումների ուղիների վերաբերյալ զեկույց պատրաստել և այն հանձնել ԵՊՀ ռեկտորին. «Այս զեկույցում նշելու ենք նաև ուսանողների կողմից բարձրաձայնված այն խնդիրները, որոնք արդեն մի քանի տարի իրականացվող այս ծրագրի արդյունքում լուծում են ստացել»:

«ԵՊՀ ուսանող-ռեկտորը» նշեց, որ արդեն ավանդական դարձած այս ծրագիրը շատ սիրված է ուսանողների կողմից, ինչի մասին վկայում է նրանց ակտիվ մասնակցությունը:
Գիտական խորհրդի նիստերի դահլիճում կայացած արդեն ընդլայնված ռեկտորատի նիստը մեկնարկեց Երևանի պետական համալսարանի հիմնով։

Այնուհետև «ԵՊՀ ռեկտոր-ուսանող» Խաչիկ Աբաջյանը, որը ողջունեց ներկաներին ու շնորհավորեց Ուսանողների միջազգային օրվա առթիվ, հույս հայտնեց, որ օրվա շարունակությունը կլինի նույնքան արդյունավետ, որքան դրա սկիզբը։



ԵՊՀ գիտական խորհրդի նիստում նախօրոք ներկայացված օրակարգային հինգ հարցերին գումարվեցին ևս 7-ը:

Նիստի ժամանակ դեկանները, վարչության պետերը, ամբիոնի վարիչները հանդես եկան ելույթներով և խոսեցին համալսարանական խնդիրների մասին, առաջարկեցին լուծումներ:

Առաջին և ամենախնդրահարույց զեկուցումը ներկայացրեց «Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դեկան-ուսանող» Գ. Օհանյանը: Նա առաջարկեց քննարկել Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի անվանափոխության հարցը. «Ֆակուլտետը պետք է անվանափոխել ու կոչել Տեղեկատվական տեխնոլոգիաների և ռադիոֆիզիկայի ֆակուլտետ: Ես ուզում եմ հիշեցնել, որ մենք իրավունք չունենք չհամապատասխանել ժամանակակից միտումներին, հետ մնալ: Մենք պարտավոր ենք օրինակ ծառայել»:

Ֆակուլտետի անվանափոխության հարցը բուռն քննարկություններից հետո դրվեց քվեարկության և ձայների մեծամասնությամբ ընդունվեց:

Հաջորդ զեկուցումը ներկայացրեց «Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան-ուսանող» Մ. Մանասյանը: Նա նշեց, որ զրուցել է ֆակուլտետի դասախոսների, ուսանողների հետ և եկել է այն եզրահանգման, որ ֆակուլտետը պրակտիկայի անցկացման շատ լուրջ խնդիր ունի: Նա առաջարկեց ավելացնել պրակտիկայի ժամերը, կապեր հաստատել կազմակերպությունների հետ, տրամադրել գիտելիքների կիրառության մասնագիտական դաշտ: Նա նաև առաջարկեց լսարանային դասախոսությունը կրճատել՝ ուսանողին հնարավորություն տալով դասն անցկացնել գործնական միջավայրում:

«Եթե ուսանողը ստանում է միայն տեսական գիտելիք և չունի պրակտիկայում այն կիրառելու հմտություններ, ապա նրա տեսական գիտելիքը մահանում է՝ դեռևս կիրառություն չստացած,- ասաց «դեկան-ուսանող» Մ. Մանասյանը:

Հաջորդ զեկուցումը «Ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան-ուսանող» Վ. Օհանյանինն էր, որը խոսեց պրոֆեսորադասախոսական կազմի երիտասարդացման ուղենիշների մասին։

Նիստը շարունակվեց «Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան-ուսանող» Մ. Զազյանի կրթական ծրագրերի վերանայման մասին զեկուցմամբ։

«ԵՊՀ ուսանողական ռեկտորատ» ծրագրի ավարտից հետո ԵՊՀ ՈւԽ մշակույթի հանձնաժողովը կազմակերպել էր ուսանողական համերաշխության համերգային ծրագիր։ Համերգի ընթացքում ելույթներով ներկայացան «ԵՊՀ բենդը», «Նուրի բենդը», հայտնի և տաղանդավոր համալսարանականներ Մարիամ Ադամյանը, Անահիտ Հակոբյանը, Աննա Դանիելյանը, Լուսինե Մարդանյանը, Գայանե Ավդալյանը, Նարե Խաչատրյանը, Գագիկ Մաշինյանը և այլք։

 

Նադեժդա Տեր-Աբրահամյան

Այլ նորություններ
ԵՊՀ ՖԱՐՄԱՑԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ՝ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅՈՒՄ
Դեկտեմբերի 13-ին և 14-ին ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի երկրորդ կուրսի ուսանողները «Թունաբանական քիմիա» առարկայի շրջանակում այցելեցին «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ՝ փորձաքննությունների իրականացման ժամանակակից մեթոդներին ծանոթանալու նպատակով:
ՈՒՍՈՒՄՆԱՎԱՐԺԱՆՔ ԵՊՀ-ՈՒՄ. ՏԱՐՀԱՆՎՈՒՄ ԵՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
ԵՊՀ քաղպաշտպանության ամբիոնն այսօր անցկացրեց կիսամյակային ուսումնավարժանք, որի նպատակն է կատարելագործել ուսանողների տեսական և գործնական ունակություններն ու հմտությունները: