17.11.2017 | 
Ուսանողական
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ «ԳՐԱՎԵԼ ԷԻՆ» ԵՊՀ-Ի ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ «ԳՐԱՎԵԼ ԷԻՆ» ԵՊՀ-Ի ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ
Ուսանողների միջազգային օրվա առթիվ ԵՊՀ-ում իրականացվեց «Համալսարանը ղեկավարում են ուսանողները» կամ «Ուսանողական ռեկտորատ» ծրագիրը:

Այն կազմակերպվել էր Ուսանողական խորհրդի գիտակրթական հանձնաժողովի կողմից: Նախօրոք անցկացվել էր «Ի՞նչ կանեի ես, եթե լինեի համալսարանի ռեկտոր…» խորագրով էսսեների մրցույթ, որի հաղթողներին ու լավագույն աշխատանքների հեղինակներին հնարավորություն էր ընձեռվել Ուսանողների միջազգային օրը ստանձնելու ԵՊՀ ռեկտորի, պրոռեկտորների, ֆակուլտետի դեկանների, վարչության պետերի դերերը:

 

ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ համալսարանական կարևոր արժեքներից մեկն ուսանողների մասնակցությունն է բուհի կառավարմանը. «Ակնհայտ է, որ այդ գործառույթն իրականացնելու համար ուսանողները պետք է ծանոթ լինեն համալսարանի հիմնախնդիրներին, կանոնադրությանը, ընթացակարգերին, համալսարանի տարբեր վարչական օղակների ղեկավարման աշխատանքներին»:
 

Պարոն Մարկոսյանը նշեց նաև, որ այս ծրագրի իրականացման ուղերձներից մեկն էլ այն է, որ մենք ունենք ուսանողակենտրոն համալսարանի տեսլական:

 

ԵՊՀ ուսանողական խորհրդի գիտակրթական հանձնաժողովի նախագահ Ամալյա Սողոմոնյանն ասաց, որ «Ուսանողական ռեկտորատ» ծրագրի այս տարվա նորություններից մեկն այն է, որ փորձել ենք ավելի շատ ուսանողների ներգրավել. «Ֆակուլտետների դեկանները հնարավորություն ունեցան նշանակելու փոխդեկանների և ամբիոնի վարիչների»:

 

Տոնական օրվա մեկնարկը տրվեց «Ուսանողական ռեկտորատ»-ի նիստով: Համաձայն կանոնադրության՝ ներկաները հաստատեցին աշխատանքային օրակարգը:

 

 

Այնուհետև բացման խոսքը տրվեց «ԵՊՀ ուսանող-ռեկտոր» Գևորգ Արշակյանին: Նա նախ շնորհավորեց բոլորին Ուսանողների միջազգային օրվա առթիվ և խոսեց Մայր բուհի աշխատանքային առաջնահերթությունների մասին. «Ցանկանում եմ, որ այսօրվա մեր ձեռքբերումները կրկնապատկվեն. ԵՊՀ-ն համալսարանականների ջանքերի շնորհիվ Հայաստանի առաջատար բուհն է: Պետք է ամեն ինչ անենք, որ պահպանենք այդ ցուցանիշը, ինչպես նաև փորձենք միջազգային հարթակներում առավել լավ դրսևորվել: Կարևոր է նաև ընդլայնել ուսանողների մասնակցությունը միջազգային ծրագրերին»:

 

Նիստի ժամանակ դեկանները, վարչության պետերը, ամբիոնի վարիչները հանդես եկան ելույթներով և խոսեցին համալսարանական խնդիրներից ու առաջարկեցին լուծումներ:

 

Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի «ուսանող-դեկան» Վահե Պողոսյանը առանձնացրեց մի քանի խնդիրներ: Նախևառաջ շեշտադրվեց գնահատման խնդիրը. «Ես առաջարկում եմ, որ գնահատման համակարգը փոխվի, և առաջնահերթությունը տրվի ուսանողի վերլուծական, քննադատական մտածողությանը: Առաջարկել եմ նաև սյն չափորոշիչները, որոնց պետք է համապատասխանի ուսանողի գրավոր աշխատանքը՝ զերծ մնալով կողմնակալ գնահատումից»:

 

Ժուռնալիստիկայի ֆակուլտետի «ուսանող-դեկան»  Արուս Կապուկչյանն էլ խոսել է առաջին կուրսեցիների հետ՝ փորձելով պարզել նրանց մտահոգող խնդիրները:

 

«Երբ իմացա, որ ես եմ լինելու մեր ֆակուլտետի դեկանի դերում, շատ ուրախացա: Հետո զգացի պատասխանատվություն, որովհետև մի ամբողջ ֆակուլտետ ես պետք է ղեկավարեմ, թեկուզ մեկ օրով: Փորձելու եմ այնպես անել, որ այս օրը ոչ միայն հաճելի լինի ուսանողների համար, այլև աշխատանքիս շնորհիվ ինչ-որ արդյունքի հասնել: Տոնական օրվա շրջանակում ֆակուլտետում կազմակերպել ենք «3off» խաղը»,- մեզ հետ զրույցում ասաց Արուս Կապուկչյանը:

 

Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնի ուսանող-վարիչ Քրիստինե Օհանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց համար գլխավոր խնդիրը բանավոր խոսքի հմտությունների զարգացման համար կիրառվող տեխնիկայի բացակայությունն է:

 

Օրվա ավարտին Գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Ուսանողական ռեկտորատ-2017» ծրագրի մասնակիցների հավաստագրերի հանձնման արարողությունը:

Այլ նորություններ
ԵՊՀ ՈՒԳԸ-Ն ԱՄՓՈՓԵՑ ԱՆՑՆՈՂ ԿԻՍԱՄՅԱԿԸ
Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում տեղի ունեցավ Ուսանողական գիտական ընկերության՝ 2017-2018 ուստարվա առաջին կիսամյակի ընդլայնված նիստը:
ԲԻԶՆԵՍ ԽԱՂ ԳԻՆԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Այսօր ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում տեղի ունեցավ բիզնես խաղ գինեգործության շուկայի վերաբերյալ: