28.11.2018 | 
Կրթություն
«ՄԱՐԿՈՍ ՏՈՒԼԻՈՍ ՑԻՑԵՐՈՆՆ ԸՆԴԴԵՄ ԼՈՒԿԻՈՍ ՍԵՐԳԻՈՍ ԿԱՏԻԼԻՆԱՅԻ». ԴԱՏԱԽԱՂ ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
«ՄԱՐԿՈՍ ՏՈՒԼԻՈՍ ՑԻՑԵՐՈՆՆ ԸՆԴԴԵՄ ԼՈՒԿԻՈՍ ՍԵՐԳԻՈՍ ԿԱՏԻԼԻՆԱՅԻ». ԴԱՏԱԽԱՂ ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի և ՈՒԽ-ի համատեղ նախաձեռնությամբ այսօր տեղի ունեցավ դատախաղ՝ նախատեսված առաջին կուրսեցիների համար:

Դատախաղը կազմակերպվել էր «Արտասահմանյան երկրների պետության և իրավունքի պատմություն» դասընթացի շրջանակում: Ինչպես մեզ հետ զրույցում փաստեց Պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի ասիստենտ և դասախոս Կարեն Ամիրյանը, դատախաղի հիմնական նպատակն էր ուսանողների մոտ զարգացնել իրավական մտածողություն,  իրավական ճիշտ դատողություն և տրամաբանական խոսք կառուցելու հմտություններ:

 

«Բոլորս էլ գիտենք, որ իրավաբանները հանդես են գալիս հանրային խոսքով, դրա համար էլ մենք փորձում ենք հենց առաջին կուրսից ուսանողների մոտ գործնականում զարգացնել ճիշտ և գրագետ խոսք կառուցելու հմտությունները»,- ասաց Կարեն Ամիրյանը:

 

Ըստ բեմադրության՝ ուսանողները մասնակցում էին Հին Հռոմի սենատի դատավարությանը, որտեղ Մարկոս Տուլիոս Ցիցերոնը հանդես էր գալիս ընդդեմ Լուկիոս Սերգիոս Կատիլինայի: Սենատը բաժանվել էր երկու հիմնական խմբի. մի մասը կարծում էր, որ մեղադրյալին պետք է պատասխանատվության ենթարկել, իսկ մյուս մասը գտնում էր, որ պետք է արդարացնել կամ գոնե առավել մեղմ պատժի արժանացնել: Ի վերջո, սենատը որոշեց Կատիլինային մահապատժի չենթարկել, այլ՝ ցմահ ազատազրկման:

 

Կարեն Ամիրյանը փաստեց, որ ուսանողներին նախապես տրամադրված իրավիճակն իրական փաստերի վրա է հիմնված՝ գեղարվեստական և իրավական երանգների խտացմամբ, որ ուսանողներին ավելի հետաքրքիր լինի:

 

Իրավագիտության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի, ՈՒԽ իրավական հանձնաժողովի փոխնախագահ Կարոլինա Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ սա արդեն իր կողմից կազմակերպված 7-րդ դատախաղն էր: Ըստ նրա՝ դրանք օգնում են ուսանողներին տեսական գիտելիքները կիրառել գործնականում և նոր գիտելիքներ ձեռք բերել:

 

Կարոլինա Հարությունյանը վստահեցրեց, որ այս միջոցառումները կարող են հիմք հանդիսանալ հետագայում համապետական և միջազգային դատախաղերին մասնակցելու համար:

 

Քնար Միսակյան

 

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ԴԱՍԵՐԸ ՄԵԿՆԱՐԿԵԼՈՒ ԵՆ ՓԵՏՐՎԱՐԻ 11-ԻՑ
2018-2019 ուստարվա 2-րդ կիսամյակի առկա ուսուցման ուսումնական պարապմունքները սկսվելու են փետրվարի 11-ից, իսկ հեռակա ուսուցման ուսումնական պարապմունքները՝ մարտի 11-ից:
ԵՊՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԿԻՐԱՌՎՈՒՄ ԵՆ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԻՋՈՑՆԵՐ
Երևանի պետական համալսարանում «Moodle» էլեկտրոնային ուսուցման համակարգի ներդրման առաջին քայլերն արվել են ՏՏ կրթական և հետազոտական կենտրոնի կողմից դեռևս 2008 թվականին: Առաջին առցանց դասընթացները կենտրոնի աշխատակիցների կողմից հարթակում տեղադրվել են դեռևս 2009-2010 թվականներին: